Սանկտ Պետերբուրգում մեկնարկել են Հայաստանի մշակույթի օրերը
ԼուսանկարներՍանկտ Պետերբուրգում մեկնարկել են Հայաստանի մշակույթի օրերը: Միջոցառման բացումը վստահվել էր Երեւանի մնջախաղի պետական թատրոնին, որը «Բալթյան տուն» թատրոն-փառատոնի փոքր բեմում ներկայացրեց Արսեն Խաչատրյանի բեմադրած «Օֆլայնը»։

Հայաստանի անկախության 35-ամյակին նվիրված մշակութային ծրագիրը հնարավորություն է ընձեռում ռուս հանդիսատեսին ծանոթանալու հայկական արվեստին, նրա հարուստ ավանդույթներին եւ ժամանակակից ստեղծագործական ձեռքբերումներին։ Մշակութային միջոցառումները կշարունակվեն նաեւ Մոսկվայում, որտեղ հայ արվեստագետները կներկայացնեն հայկական մշակույթի նոր գույներն ու հետաքրքիր դրսեւորումները։

«Օֆլայն» ներկայացումը, որով մեկնարկել է ծրագիրը, անդրադառնում է մեր ժամանակների կարեւոր խնդիրներից մեկին՝ վիրտուալ աշխարհում ապրելու, իրական շփումից հեռանալու եւ միմյանց զգալու կարողությունը կորցնելու թեմային։

Հավելենք, որ Հայաստանի մշակույթի օրերն անցկացվում են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության եւ ՌԴ մշակույթի նախարարության համագործակցությամբ։

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ