Զանգվածային ծեծկռտուք Աբու Դաբիում․ Խաբիբի զարմիկը հարձակվել է UFC-ի նախկին չեմպիոնի վրա
ՍպորտԱբու Դաբիի հյուրանոցներից մեկում զանգվածային ծեծկռտուք է տեղի ունեցել UFC-ի թեթևագույն քաշային կարգի նախկին չեմպիոն Մերաբ Դվալիշվիլիի և PFL-ի չեմպիոն Ուսման Նուրմագոմեդովի ու նրա թիմակիցների միջև։ Դեպքը գրանցվել է Real American Freestyle (RAF) մրցաշարին ընդառաջ, որին մասնակցելու նպատակով մարտիկները ժամանել էին ԱՄԷ։
Ըստ տեղեկությունների՝ միջադեպը տեղի է ունեցել այն պահին, երբ Դվալիշվիլին հյուրանոցի սրահում պաշտոնական հարցազրույց էր տալիս RAF-ի մամուլի ծառայությանը։ UFC-ի մեկ այլ նախկին չեմպիոն Իլիա Թոփուրիան սոցիալական ցանցերում հրապարակել էր միջադեպի տեսանյութը (որն ավելի ուշ հեռացրել է), որտեղ երևում է, թե ինչպես է Ուսման Նուրմագոմեդովն իր թիմի ուղեկցությամբ թիկունքից մոտենում վրացի մարտիկին, շրջում նրան և «քեզ հարց ունեմ» խոսքերով ապտակում, ինչից հետո սկսվում է զանգվածային ծեծկռտուք։
Դվալիշվիլին ևս տեսանյութ է հրապարակել, որտեղ բժիշկներն առաջին օգնություն են ցուցաբերում նրան՝ դեմքից մաքրելով արյունն ու մշակելով հեմատոմաները։
«Ես հարցազրույց էի տալիս, երբ Ուսմանն ու նրա ընկերները օձերի պես մոտեցան թիկունքից ու սկսեցին հարվածել ինձ և 21-ամյա ընկերոջս։ Անվտանգության աշխատակիցներն ինձ բռնել էին, իսկ նրանք, որպես իսկական անհաջողակներ, շարունակում էին ոտքերով հարվածել հատակին ընկած մարդկանց։ Ի՞նչ մարտիկներ եք դուք, ի՞նչ տղամարդ է իրեն այդպես պահում։ Նախապես պատրաստված հարձակվել եք, քանի որ մենք ընդամենը երկուսով էինք։ Եթե ուզում եք կռվել, արեք դա իրականում»,- զայրացած պատմել է վրացի մարտիկը։
Այս կոնֆլիկտն ունի իր նախապատմությունը։ Մարտիկների թիմերի միջև լարվածությունը հասունացել էր դեռևս 2025 թվականի հունվարին, երբ Դվալիշվիլին պարտության էր մատնել Ուսմանի եղբորը՝ Ումար Նուրմագոմեդովին՝ զրկելով նրան անպարտելիի կարգավիճակից։ Իսկ բախման անմիջական առիթը, ըստ ամենայնի, օգոստոսին Վրաստանում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ Դվալիշվիլիի կողմից Նուրմագոմեդովների մտերիմ ընկերոջը՝ ռուս ըմբիշ Ախմեդ Գաջիմագոմեդովին ապտակելն էր։
Առայժմ հայտնի չէ, թե այս միջադեպն ինչ իրավական կամ մարզական հետևանքներ կունենա Ուսման Նուրմագոմեդովի համար։ Սակայն մեծ է հավանականությունը, որ ստացած վնասվածքների պատճառով Մերաբ Դվալիշվիլին չի կարողանա նոյեմբերի 14-ին մասնակցել RAF-ի մրցաշարին, որտեղ նրա մրցակիցը պետք է լիներ բրազիլացի Մարլոն Մորաեսը։
Աղբյուրը՝ Armsport.am:
