Մոսկվայում կայացել է հայ-ռուսական երկրորդ գիտակրթական ֆորումը․ մասնակցել են երկու երկրների կրթության ոլորտի նախարարները
Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության մշակույթի օրերի շրջանակում, ՌԴ գիտության եւ բարձրագույն կրթության նախարարության եւ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության համատեղ նախաձեռնությամբ, Մոսկվայում՝ Պլեխանովի անվան Ռուսաստանի տնտեսագիտական համալսարանում, կայացել է հայ-ռուսական երկրորդ գիտակրթական ֆորումը։
Դրան մասնակցել են ՌԴ գիտության եւ բարձրագույն կրթության նախարար Վալերի Ֆալկովը եւ ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։
Ֆորումին բացման խոսքով հանդես է եկել համալսարանի ռեկտոր Իվան Լոբանովը՝ ընդգծելով ռուս-հայկական արդյունավետ համագործակցությունը գիտակրթական տարբեր ուղղություններով։
Նա ողջունել է ֆորումի անցկացումը Պլեխանովի անվան համալսարանում եւ կարեւորել Երեւանում բուհի մասնաճյուղի արդյունավետ գործունեությունը, որի շրջանակում իրականացվում են բազմաթիվ կրթական ծրագրեր։
Ռեկտորն անդրադարձել է նաեւ համալսարանի տարբեր տարիների հայազգի շրջանավարտներին, որոնք հետագայում դարձել են ականավոր գիտնականներ, ավելացրել, որ այսօր էլ բուհում սովորում են բազմաթիվ հայազգի ուսանողներ։
«Մենք ունենք հրաշալի աշխատանքային փորձ Հայաստանի Հանրապետության մեր գործընկերների հետ համագործակցության ոլորտում եւ հույս ունենք, որ այդ համագործակցությունը կշարունակվի։ Այսօր մեր հարթակը համախմբել է երկու երկրների ավելի քան հարյուր փորձագետների։ Դա փաստում է, որ համագործակցությունը պահպանում է դինամիկան եւ հենվում փոխադարձ հետաքրքրությունների վրա»,- ընդգծել է Ի. Լոբանովը՝ շնորհակալություն հայտնելով Վ. Ֆալկովին եւ Ժ. Անդրեասյանին հաջողված նախաձեռնության համար։
ՌԴ գիտության եւ բարձրագույն կրթության նախարար Վալերի Ֆալկովն իր հերթին նշել է, որ ֆորումն արդեն վերածվել է նշանակալի իրադարձության՝ համախմբելով երկու երկրների 43 առաջատար բուհերի, ինչպես նաեւ ակադեմիական եւ գիտական հաստատությունների ներկայացուցիչների։ Նրա խոսքով՝ սա Ռուսաստանի եւ Հայաստանի միջեւ համագործակցության ամրապնդման հարցում փոխադարձ հետաքրքրվածության կարեւոր վկայություն է։

«Մենք կարեւորում ենք ուսանողների եւ դասախոսների փոխանակման ծրագիրը, որին անցած ուսումնական տարում մասնակցել է երկու երկրներից ավելի քան հազար մարդ։ Լավ հիմք կա նաեւ միջբուհական համագործակցության ոլորտում։ Համալսարանների եւ գիտական հաստատությունների միջեւ գործում է 443 համաձայնագիր, որոնց շրջանակում իրականացվում է 159 ծրագիր։ Մեր համագործակցության խորհրդանիշն ավելի քան 6000 ուսանող ունեցող Հայ-ռուսական համալսարանն է, որն ինտելեկտուալ կամուրջ է մեր երկրների միջեւ։ Հայկական ինտելեկտուալ կապիտալը մեր համագործակցության առանցքային ռեսուրսն է»,- ասել է նախարարը՝ հույս հայտնելով, որ Անդրեասյանի այցը նոր համատեղ նախաձեռնությունների մեկնարկի հերթական քայլը կլինի։
ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը շնորհակալություն է հայտնել ռուս գործընկերոջը՝ բովանդակալից երկխոսության եւ կրթության ու գիտության զարգացմանն ուղղված արդիական հարցերի քննարկման հարթակ ստեղծելու համար։

«Մենք, իրոք, մեծ նշանակություն ենք տալիս համագործակցության այս ձեւաչափին, որը թույլ է տալիս գնահատել արձանագրված արդյունքները, որոշել ընդհանուր առաջնահերթությունները եւ նախանշել հետագա համագործակցության հեռանկարային ուղղությունները։ Մեր կրթական համակարգերի առջեւ հիմնականում ծառացած են ընդհանուր խնդիրներ՝ կրթության որակի բարձրացում, հետազոտական ներուժի զարգացում, ժամանակակից կրթական մոտեցումների ներդրում, պահանջված մասնագետների պատրաստում եւ յուրաքանչյուրի ընդունակությունների բացահայտման համար պայմանների ստեղծում»,- նշել է նախարարը։
Անդրեասյանի խոսքով՝ Հայաստանում կրթության եւ գիտության զարգացումը դիտարկվում է որպես երկրի զարգացման եւ մարդկային ներուժի ամրապնդման կարեւոր նախապայման, իսկ այդ գործընթացի անբաժանելի մասն է միջազգային գիտակրթական համագործակցության զարգացումը։
Նա ընդգծել է, որ փորձի փոխանակումը, համատեղ ուսումնասիրությունները եւ մասնագիտական շփումների ընդլայնումը հնարավորություն են տալիս համադրելու մոտեցումները, գտնելու արդյունավետ լուծումներ եւ նոր հնարավորություններ ստեղծելու համալսարանների, գիտական հաստատությունների, դասախոսների ու ուսանողների համար։

Նախարարի խոսքով՝ համատեղ ծրագրերը, այդ թվում՝ երիտասարդ գիտնականներին աջակցելու եւ միջազգային գիտական խմբեր ձեւավորելու նախաձեռնությունները, նոր հնարավորություններ են բացում հետազոտությունների արդյունքները գործնականում կիրառելու համար․ առանձին ուշադրության է արժանի նաեւ թվային տնտեսության համար մասնագետների պատրաստումը։
Անդրեասյանը կարեւորել է նաեւ համագործակցությունը լեզվի եւ մշակույթի ոլորտներում՝ ընդգծելով, որ երկու երկրների լեզուների ուսումնասիրման խրախուսումը, մշակութային բազմազանության պահպանումն ու փոխգործակցության ընդլայնումը նպաստում են հայ եւ ռուս ժողովուրդների միջեւ փոխըմբռնման խորացմանը։
ՀՀ ԿԳՄՍ նախարարը կարեւոր է համարել շարունակել նախաձեռնությունները՝ ուղղված երիտասարդության՝ երկու երկրների մշակութային ժառանգությանը, ավանդույթներին ու ժամանակակից ձեռքբերումներին հաղորդակից դարձնելուն՝ ձեւավորելով ամուր հիմք երկարատեւ համագործակցության համար։
«Այդ համատեքստում կցանկանայի նշել ամեն տարի անցկացվող երիտասարդական ֆորումի կարեւորությունը։ Այս առումով մեծ է համալսարանների ներուժը, եւ մենք պետք է զարգացնենք ու օգտագործենք այն»,- եզրափակել է Ժ. Անդրեասյանը։
«Արմենպրես»-ի թղթակցի՝ Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի մշակույթի օրերի անցկացման մասին հարցին ի պատասխան՝ Անդրեասյանը նշել է, որ միջոցառումներն անցնում են մեծ հաջողությամբ։
«Արդեն մի քանի միջոցառում ենք անցկացրել։ Դրանք, իսկապես, մեծ հաջողություն ունեն եւ ցույց են տալիս, որ մեր մշակույթը սպասված է»,- ընդգծել է նախարարը։
Ֆորումի ավարտին Վալերի Ֆալկովը եւ Ժաննա Անդրեասյանը ստորագրել են Հայ-ռուսական համալսարանի կառավարման խորհրդի կանոնադրությունը։ Նախարարները նաեւ փոխանակվել են նվերներով։
