Մրցագորգի փոխարեն՝ շոուներ եվ քաղաքական փիառ
ՍպորտԵվրոպայի բազմակի չեմպիոն, աշխարհի առաջնությունների մեդալակիր ԱՐՍԵՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ տաղանդն ու անցյալի վաստակը կասկածի տակ չեն դրվում։ Սակայն այն, ինչ վերջին շրջանում կատարվում է մարզիկի շուրջ, դա բացահայտ մարզական դեգրադացիայի ու առաջնահերթությունների կոպիտ խեղաթյուրման դրսեւորում է։ Երբ պրոֆեսիոնալ մարզիկը բարձրակարգ սպորտի դաժան կարգապահությունը փոխարինում է էժանագին գովազդներով, հեռուստատեսային շոուներով ու քաղաքական իշխանության հետ սելֆիներով, արդյունքը լինում է այն, ինչին ականատես եղանք Աստանայում՝ պարտություն եւ 12-րդ հորիզոնական։
Ամեն ինչ սկսվեց սոցիալական ցանցերում էներգետիկ ըմպելիքների գովազդից: Նախ հարկ է նշել, որ էներգետիկ ըմպելիքը ինքնին վնաս է առողջությանն ու ստեղծում է կախվածություն: Դա հարիր չէ օլիմպիական մեծ նպատակներ հետապնդող մարզիկի կերպարին։ Դրան հաջորդեց այն, որ ազգային հավաքականի պատասխանատու հավաքի ընթացքում մարզիկը կարող է իրեն թույլ տալ խախտել մարզչական պայմանավորվածությունն ու Ծաղկաձորից շտապել Երեւան՝ հումորիստ Հովհաննես Դավթյանի ներկայացմանը մասնակցելու, եւ դա հեռուստաեթերով պատմել որպես զվարճալի արկած։ Սա պարզապես անլրջություն է։ Մինչ Արսենը զբաղված էր բեմական կատակներով, նրա մրցակիցները հավանաբար մարզադահլիճում քրտինք էին թափում՝ Աստանայում հաղթելու համար։ Պետք չէ մոռանալ, որ սպորտսմենը տարբերվում է իր ռեժիմով։
Հաջորդը այն էր, որ նա ինքն իրեն դարձրեց քաղաքական փիառի գործիք։ Աշխարհի առաջնությանն ընդառաջ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումն ու RAF-ի գոտին իշխանության ներկայացուցչի կողքին ցուցադրելու անթաքույց ոգեւորությունը ցույց տվեցին, որ մարզիկի համար լուսանկարվելն ու իշխանական հավանությանն արժանանալը դարձել են ավելի կարեւոր, քան բուն մրցակցությունը։ Չեմպիոնի տեղը մրցագորգն է, ոչ թե պետական պաշտոնյաների աշխատասենյակները։ Քաղաքական դիվիդենտներ հավաքելու փորձերը երբեք մարզական հաջողություն չեն բերել, եւ Աստանայի գորգը դա ապացուցեց ամենադաժան կերպով. հոկտեմբերի 30-ին Զելիմխան Աբակարովից կրած ծանր պարտությունն ու մեդալների պայքարից դուրս մնալը օրինաչափ էր նման պահվածքի համար:
Ակամայից հիշեցինք նաեւ այն հանրային քննարկումներն ու քննադատությունները, որոնք կապված էին Արցախի դրոշից խուսափելու հետ (ինչպես Արման Ծառուկյանի, այնպես էլ Արսեն Հարությունյանի դեպքում): Արցախի դրոշը կուսակցական կամ քաղաքական ատրիբուտ չէ. դա մեր արյան, կորստի ու արժանապատվության խորհրդանիշն է։ Մարզիկը, որը ներկայացնում է Հայաստանը, իրավունք չունի խուսափել սեփական ժողովրդի պատմությունից՝ հանուն օրվա քաղաքական կուրսին հաճոյանալու։
Աստանայի ձախողումը դա հավաքական տեսարան է պետք ընկալել: Եթե Արսեն Հարությունյանը չվերանայի իր վարքագիծը, չհրաժարվի շոու-բիզնեսի եւ քաղաքական փիառի գայթակղություններից եւ չվերադառնա մարզական երկաթյա կարգապահությանը, նրա կարիերան կմնա անցյալի հուշերում։
ՆԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ

