Համախմբման հայտարարության տեքստում քաղբանտարկյալների մասին կետ, ցավոք, չկա. Մանուկ Սուքիասյան
ՆերքաղաքականՆոր Սահմանադրության ընդունման կամ սահմանադրական փոփոխությունների հարցը հակադիր դիրքորոշումների առիթ է դարձել իշխանության եւ ընդդիմության միջեւ։ Մի շարք քաղաքական ուժեր հայտարարել են, որ դեմ են իշխանության նախաձեռնած նոր Սահմանադրության ընդունման գործընթացին, եւ մերժում են այն՝ առանց նախագծի բովանդակությանը ծանոթանալու։
Թեմայի շուրջ «Իրավունք»-ը զրուցել է Երեւանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության ղեկավար եւ համանուն շարժման հիմնադիր անդամ ՄԱՆՈՒԿ ՍՈՒՔԻԱՍՅԱՆԻ հետ։
— Պարոն Սուքիասյան, ստացվում է, որ Նիկոլ Փաշինյանին հեռացնելու օրակարգը փոխվել է Սահմանադրության փոփոխությանը դեմ լինելու օրակարգո՞վ։ Այսինքն՝ հիմա Նիկոլ Փաշինյանին հեռացնելու հարցը դեռ չի՞ դարձել այնքան օրհասական, որքան Սահմանադրության հարցն է։
— Դե, քանի որ գործ ունենք հետընտրական իրավիճակի հետ, մի քանի ամիս առաջ են եղել ընտրությունները, եւ ընտրությունների արդյունքում սովորաբար քաղաքական որոշակի ստատուս քվո է ֆիքսվում, հետագա գործողությունները շարունակում են բխել այդ իրողություններից։ Բայց քանի որ մեծ թիվ են կազմում քաղաքական բանտարկյալները, եւ ընդհուպ մինչեւ բանը հասավ, որ Ստեփանավանում «Ուժեղ Հայաստան» կուսակցության ավագանու թեկնածու Արսեն Գեւորգիյանը մահացավ անազատության մեջ, այստեղ, իհարկե, օրակարգը որոշակիորեն փոխվում է։ Քաղբանտարկյալների առկայությունը որոշակիորեն թուլացնում է այդ հնարավոր մեխանիզմները։ Բայց դրանից ամենեւին էլ ձեր մատնանշած՝ Նիկոլ Փաշինյանի հեռացման հրամայականը չի կորցնում իր արդիականությունը։
Մնում է սպասել, որ այդ համախմբման գործընթացները ձեւավորեն այնպիսի օրակարգ եւ երկրում այնպիսի մթնոլորտ, որ Սահմանադրության այդ աֆյորան մերժելուց եւ դիմակայելուց զատ՝ առավելագույնս արդիական դառնա նաեւ Փաշինյանի հեռացումը։
— Դուք խոսեցիք քաղբանտարկյալների մասին։ Հարց է ծագում. երբ ձերբակալեցին Ծառուկյանին, Քոչարյանին, Թեւանյանին, կանաց եւ մի շարք այլ գործիչների, ինչո՞ւ այն ժամանակ քաղաքական ուժերի համախմբում չեղավ։
— Ձեր հարցադրումն արդիական է, մանավանդ որ համախմբման հայտարարության տեքստում քաղբանտարկյալների մասին կետ, ցավոք, չկա։ Եվ, այո՛, քաղբանտարկյալների թեմայով ընդդիմադիր դաշտի տարբեր խաղացողների օրակարգում շատ ավելի օպերատիվ եւ պրոակտիվ արձագանք պետք է լիներ։ Արձանագրում ենք, որ ի սկզբանե արձագանքն իներտ է եղել, բայց լավ է ուշ, քան ուշացած։
Հուսանք, որ այս գործընթացները զուգահեռ կընթանան եւ թե՛ քաղբանտարկյալների պաշտպանության համատեղ գործողությունները, թե՛ քաղաքական միասնական օրակարգ ձեւավորելու գործընթացները կլինեն շատ ավելի համակարգված։
Պիտի ասեմ, որ մենք ինքներս նախաձեռնել ենք «Կոմիտե 26»-ը, որտեղ հավաքվել են նախկին օմբուդսմենը, իրավապաշտպաններ, քաղաքական գործիչներ, ովքեր առանց խտրականություն դնելու՝ բոլոր քաղբանտարկյալների հարցերով կազմել են զեկույցներ եւ ուղարկել միջազգային կառույցներին։
Նրանք շարունակում են ինտենսիվ փաստահավաք գործունեություն եւ մոնիթորինգ։ Այնպես որ, մենք մեզանից հասանելիք համերաշխության եւ համախմբման քայլերն արել ենք ու շարունակելու ենք անել։
— Լավ, ենթադրենք՝ համախմբված քաղաքական ուժերին հաջողվում է հասնել նրան, որ նոր Սահմանադրությունը մերժվի։ Ալիեւն արդեն սպառնացել է, որ իր նախապայմանը չկատարելը հղի է պատերազմով։ Հիմա ինչպե՞ս եք պատկերացնում՝ այդ համախմբված քաղաքական ուժերի ներկայացուցիչներից ովքե՞ր եւ ինչպե՞ս են պաշտպանելու Հայաստանը ադրբեջանական ագրեսիայից։
— Կարծում եմ, որ այդ կարգի սպառնալիքներն ավելի շատ իշխանության քարոզչության անբաժանելի մասն են։ Եթե մենք առաջնորդվենք այդ մտավախություններով, պիտի անընդհատ Ալիեւի բոլոր պահանջները կատարենք, եւ այդ պարագայում Հայաստանի Հանրապետությունից տակը ոչինչ չի մնա։
Այստեղ խնդիրն այն է, որ պետք է առաջնահերթ կերպով ձեւավորել ներքին համերաշխության մթնոլորտ, ունենալ իշխանություններ, որոնք առաջնորդվում են մեր պետական եւ ազգային շահերով, ոչ թե այլոց սպառնալիքներով։ Միեւնույն ժամանակ պետք է վերականգնել այն խաթարված դաշնակցային հարաբերությունները, որոնք միշտ եղել են եւ շարունակում են մնալ մեր անվտանգային համակարգի բաղկացուցիչ մասը, որոնք, ցավոք, այս իշխանությունների անհեռատես քաղաքականության պատճառով ներկա պահին վտանգված են։
Այնպես որ, դա քայլերի համախումբ պետք է լինի։ Բայց էլի եմ կրկնում՝ նման մարտահրավերներին դիմակայելու առաջնահերթ նախապայմանը ներքին համերաշխության վերականգնումն է եւ քաղբանտարկյալների ազատ արձակումը։
— Հետեւապես, չե՞ք կարծում, որ նման հարցի շուրջ համախմբում պետք է լիներ շատ ավելի վաղ։ Էլ չասենք, որ իրական համախմբումը ընդդիմադիր ուժերի չպետք է լինի ընտրովի, ինչպես Սամվել Կարապետյանն է ասում՝ տարանջատում ճիշտ ու սխալի։
— Կարծում եմ, որ Ձեր հարցադրման հասցեատերը մենք չենք, եւ այդ հարցադրումը, եթե արդիականություն ունի, դրա պատասխանը պետք է տան այլք։ Բայց էլի եմ ասում՝ մեզ համար դա երկրորդական է, տեխնիկական նշանակություն ունի։
Ի վերջո, ինչ-որ մի պահի, երբ կլինի վճռորոշ գործընթաց, կասկած չունեմ, որ բոլոր իրական ընդդիմադիր տրամադրված քաղաքական ուժերը, անկախ նախկին նյուանսներից եւ նախկինում արված այս կամ այն քայլից, ջանքերը կհամատեղեն ու կփորձեն հասնել ցանկալի արդյունքի։
ՆԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ

