Մոսկվայի ուղերձը Հայաստանին՝ ՀԱՊԿ-ում՝ սահմանափակումներ, բեմերում՝ «Բարեկամություն»
ՄշակութայինՄՇԱԿՈՒՅԹԸ՝ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՏԱՐԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ՎԵՐ
Նոյեմբերի 11-ին Մոսկվայում կայացած ՀԱՊԿ գագաթնաժողովում Հայաստանը զրկվեց կազմակերպության մարմիններում քվեարկելու իրավունքից եւ պաշտոններում իր քաղաքացիներին առաջադրելու հնարավորությունից։ Իսկ նույն օրերին Ռուսաստանի երկու խոշոր քաղաքներում՝ Մոսկվայում եւ Սանկտ Պետերբուրգում, հայկական արվեստն էր ներկայացվում ռուսաստանյան հանդիսատեսին։ Անցկացվում էին Հայաստանի մշակույթի օրերը ՌԴ-ում՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարության եւ Ռուսաստանի Դաշնության մշակույթի նախարարության համագործակցությամբ։ Միջոցառումները նվիրված էին Հայաստանի անկախության 35-ամյակին։

Փաստացի, Մոսկվան Հայաստանին միանգամից երկու տարբեր ուղերձ հղեց։ Մեկը՝ քաղաքական եւ ինստիտուցիոնալ հարթակում, մյուսը՝ մշակութային։ Ստացվում է՝ այն ժամանակ, երբ ՀԱՊԿ-ում Հայաստանի ձայնը սահմանափակվում էր, Մոսկվայի եւ Սանկտ Պետերբուրգի բեմերից հնչում էր հայկական երաժշտությունը, ներկայացվում էին հայկական թատրոնն ու պարարվեստը, իսկ երկու երկրների մշակույթի նախարարությունները պայմանավորվում էին առաջիկա տարիների համագործակցության մասին։

Այս հակադրությունն ինքնին քաղաքական եւ դիվանագիտական հետաքրքրություն է ներկայացնում։ Ռուսաստանը կարծես փորձում է հստակ տարանջատել Հայաստանի գործող իշխանությունների հետ ունեցած քաղաքական տարաձայնությունները հայ ժողովրդի, նրա պատմության եւ մշակութային ժառանգության նկատմամբ վերաբերմունքից։
Ռուսաստանյան հանդիսատեսին ներկայացվեցին հայկական ժամանակակից մշակույթի տարբեր ուղղությունները՝ թատերական արվեստ, պարարվեստ, ջազային եւ ակադեմիական երաժշտություն։

Սանկտ Պետերբուրգի «Բալթյան տուն» թատրոն-փառատոնի բեմում Երեւանի մնջախաղի պետական թատրոնը ներկայացրեց Արսեն Խաչատրյանի «Օֆլայն» բեմադրությունը։ Նույն ներկայացումը նոյեմբերի 11-ին ցուցադրվեց նաեւ Մոսկվայի «Թատերական արվեստի ստուդիա» թատրոնում։
Մոսկվայի պետական ակադեմիական Փոքր թատրոնի Բոլշայա Օրդինկայի բեմում հանդես եկավ Հայաստանի «Բարեկամություն» պետական պարային անսամբլը։ Իսկ նոյեմբերի 12-ին Մոսկվայի հանդիսատեսին ներկայացվեց Երեւանի Կ. Ս. Ստանիսլավսկու անվան պետական ռուսական դրամատիկական թատրոնի «Առյուծը ձմռանը» ներկայացումը։

Նոյեմբերի 14-ին «Զարյադիե» համերգասրահում տեղի ունեցավ Հայաստանի պետական էստրադային-ջազային նվագախմբի գալա համերգը՝ հրավիրված մենակատարների մասնակցությամբ։ Մշակույթի օրերի ծրագրում ընդգրկված էր նաեւ դաշնակահար Անահիտ Դիլբարյանի մենահամերգը՝ Մոսկվայի Պ. Ի. Չայկովսկու անվան պետական կոնսերվատորիայի փոքր դահլիճում։
Մշակույթի օրերը պարզապես գեղարվեստական միջոցառումների շարք չէին։ Դրանք ուղեկցվում էին նաեւ պաշտոնական բարձր մակարդակի շփումներով։ Ռուսաստան էր մեկնել ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի գլխավորած պատվիրակությունը։ Նախարարը հանդիպել էր Ռուսաստանի մշակույթի նախարար Օլգա Լյուբիմովայի հետ։

Հանդիպման ընթացքում ստորագրվել էր Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության ու Ռուսաստանի Դաշնության մշակույթի նախարարության միջեւ 2027-2029 թվականների մշակութային համագործակցության ծրագիրը։
Սա կարեւոր հանգամանք է։ Մի կողմից՝ ՀԱՊԿ-ում սահմանափակվում են Հայաստանի որոշ ինստիտուցիոնալ հնարավորությունները, մյուս կողմից՝ երկու պետությունների մշակույթի նախարարությունները ոչ միայն շարունակում են համագործակցությունը, այլեւ այն պլանավորում են առաջիկա տարիների համար։
Ժաննա Անդրեասյանը վստահություն է հայտնել, որ մշակույթի օրերի շրջանակում իրականացվող միջոցառումները նոր հեռանկարներ կբացեն երկու երկրների մշակութային համագործակցության համար՝ կարեւորելով առկա ներուժի լիարժեք օգտագործումն ու նոր նախաձեռնությունների իրականացումը։
Այլ կերպ ասած՝ Ռուսաստանի ուղերձը կարող է ընկալվել այսպես․ Երեւանի քաղաքականությունը կարող է չհամընկնել Մոսկվայի պատկերացումների հետ, սակայն հայ-ռուսական պատմական, մշակութային եւ մարդկային կապերը կմնան անքաքտելի։
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

