Լատվիան նախատեսում է 2027թ.-ից թույլատրել կրիպտոարժույթներով հարկերի վճարումը
Լատվիան նախատեսում է 2027թ.-ից քաղաքացիներին թույլատրել հարկերը վճարել կրիպտոարժույթներով։
Ֆինանսների նախարարությունը հավանություն է տվել նախաձեռնությանը, սակայն դրա իրականացման համար դեռ անհրաժեշտ է ավարտել տեխնիկական նախապատրաստական աշխատանքները։ Ըստ CoinDesk-ի՝ դեռևս չի ընտրվել վճարային ծառայություններ մատուցող ընկերությունը, ինչպես նաև չի որոշվել պետության կողմից ընդունվող կրիպտոարժույթների ցանկը։ Գործարկման ժամկետը կարող է կախված լինել նաև խորհրդարանական ընտրություններից հետո նոր կառավարության ձևավորումից։
Հոկտեմբերի 15-ին Լատվիայի խորհրդարանն ընդունել է փոփոխություններ, որոնք ներդրումային հաշվի հարկման ռեժիմը տարածում են կրիպտոակտիվների վրա։ Նոր կանոնների համաձայն՝ հարկային պարտավորություն կառաջանա ոչ թե յուրաքանչյուր գործարքից հետո, այլ այն ժամանակ, երբ հաշվից դուրս բերվող գումարը գերազանցի մուտքագրված միջոցների ընդհանուր չափը։ Համապատասխան ծառայություններն ամենայն հավանականությամբ կտրամադրվեն ԵՄ-ում լիցենզավորված կրիպտոընկերությունների կողմից։
Խորհրդարանը հաստատել է նաև կրիպտոակտիվների միանվագ հայտարարագրման մեխանիզմ։ Վերջինիս շրջանակում ֆիզիկական անձինք կկարողանան հայտարարագրել համապատասխան կրիպտոակտիվները՝ վճարելով 10% հարկ՝ հիմնվելով 2026թ.-ի դեկտեմբերի 31-ին ակտիվների շուկայական արժեքի վրա։ Հայտարարագրերը հնարավոր կլինի ներկայացնել 2027թ.-ի ապրիլի 1-ից մայիսի 31-ը, իսկ տվյալները մեկ անգամ թարմացնելու հնարավորություն կլինի մինչև հունիսի 30-ը։ Հաշվարկված հարկը պետք է վճարվի մինչև հուլիսի 23-ը։
Մեխանիզմը կտարածվի ինչպես ԵՄ-ում լիցենզավորված ծառայություններ մատուցողների մոտ պահվող, այնպես էլ անկախ կառավարվող պահառության դրամապանակներում գտնվող կրիպտոակտիվների վրա։ Հարկը վճարելուց հետո հայտարարագրված շուկայական արժեքը հիմք կհանդիսանա ապագայում հարկվող շահույթի հաշվարկման համար։ Մեխանիզմից չեն կարողանա օգտվել այն անձինք, որոնց նկատմամբ արդեն հարուցվել են կրիպտոակտիվներից ստացված եկամուտների հետ կապված քրեական, հարկային կամ վարչական վարույթներ։
Կառավարությունը մինչև 2026թ.-ի դեկտեմբերի 30-ը պետք է հաստատի կրիպտոակտիվներով ներդրումային հաշիվների ծառայություններ մատուցող ընկերությունների նկատմամբ պահանջները։ Միևնույն ժամանակ, ԵՄ-ն սկսել է ներդնել DAC8 կանոնակարգը, որը պարտադիր է դարձնում կրիպտոակտիվներով գործարքների վերաբերյալ տեղեկությունների հավաքագրումը և դրանց փոխանակումը անդամ պետությունների հարկային մարմինների միջև։
