Երեւանը խեղդվում է բետոնի մեջ, բայց մեղավորը մարզերի ժողովուրդն է․ քաղաքապետի նոր բացահայտումը
ՀասարակությունԵրեւանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հերթական անգամ հանդես է եկել տնտեսագիտական ու քաղաքաշինական նոր «գենիալ» բացահայտմամբ։ Հայտարարել է, որ մայրաքաղաքի խցանումները ու տրանսպորտային կոլապսը ոչ թե անվերջ տրվող շինթույլտվությունների եւ անկանոն կառուցապատման, այլ Երեւանում աշխատատեղերի կենտրոնացման պատճառով են։ Ու որպես լուծում՝ քաղաքապետը խորհուրդ է տալիս մարզերում ոչ թե ենթակառուցվածքներ զարգացնել, այլ միանգամից աշխատատեղեր ստեղծել։
Շատ հետաքրքիր լոգիկա է, չէ՞։ Պարզվում է՝ Երեւանի կենտրոնում ամեն ազատ մետրի վրա «նովոստրոյկեք» բարձրացնելը, կանաչ գոտիների հաշվին բիզնես-կենտրոններ տնկելը բոլորովին կապ չունեն փողոցների խցանումների հետ։ Ամբողջ մեղքը մարզերի ժողովրդինն է, որոնք համարձակվում են գալ Երեւան՝ աշխատելու։ Իսկ մարզերում աշխատատեղ ստեղծելու քաղաքապետի «ռեցեպտն» էլ առանձնահատուկ է: Թե ինչպես պետք է ներդրողը գործարան կամ բիզնես բացի մի տեղ, որտեղ չկան նորմալ ճանապարհ, ջուր, գազ կամ տրանսպորտ, քաղաքապետը բան չասաց։ Երեւի աշխատատեղերը պետք է ստեղծվեն դատարկ դաշտում՝ միայն բարի կամքի շնորհիվ։
Դե ինչ, պարոնայք ատենակալներ, հույսներդ կտրեք, որ այլեւս գերխնդիր դարձած խցանման թեման կլուծվի, քանի որ ինչպես հասկանում ենք, Երեւանը դեռ շատ երկար տարիներ կմնա նման ծանրաբերնվածության տակ, որովհետեւ քաղաքային իշխանությունը գտել է ամենահարմար «ատմազկան»՝ իրենց քաղաքաշինական սխալների պատասխանատվությունը մարզերի վրա գցելը։
ՆԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ
