Ծնողները միաբերան ասել են՝ խնդրում ենք էս մարդուն պահեք, մենք իր աշխատանքից գոհ ենք, մենք իրեն սիրում․ Ավինյանը՝ երաժշտական դպրոցի տնօրենի մասին Խցանման մեջ մնալիս մեծ աղմուկ բարձրացրեք, որ ձայնը հասնի նրանց, որոնք պարտավոր են ուղեղներն աշխատացնել. Աննա Հակոբյան (տեսանյութ) Հայտնի է ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանի հոգեհանգստի օրն ու վայրը Հանրապետությունում սպասվում է առանց տեղումների եղանակ ԱԺ նիստ՝ ուղիղ Լույս չի լինի Նոյեմբերի 16. Օրվա խոսք «Ջարդ» ու իրական санта-секрет. Ինչ է սպասվում Կառավարությունում Ուկրաինայի հետ սահմանին գտնվող բելառուսական զորքերը բերվել են լիակատար մարտական ​​պատրաստության Էստոնիայի իշխանությունները պատրաստվում են ռուսական օկուպացիայի. Politico

«Փաստ». Երբ կարելի է ընդամենը մեկ հատիկ բանանով ապահովել օրվա գլխավոր լրահոսը

Մամուլի տեսություն

«Փաստ» թերթը գրում է. «Երբ երկրի վարչապետը Անթալիայի հյուրանոցից մի հատիկ բանան է դնում գրպանը, Իռլանդիայի տարանցումով՝ Դուբլինի վրայով ներկրում Երևան, ցուցադրում տեսախցիկների առջև ու խոստանում այն հասցնել մինչև հարավ-արևել յան Ասիա՝ Կամբոջա, առաջին հայացքից թվում է, թե գործ ունենք պարզապես սովորական հումորային տեսանյութի կամ անձնական առօրյա դրվագի հետ։ Սակայն եթե մի կողմ դնենք մրգային աշխարհագրությունը և նայենք քաղաքական հաղորդակցության տրամաբանությանը, ապա պարզ կդառնա, որ բանանի այս «համաշխարհային շրջագայությունը» ամենևին էլ պատահականություն չէ, այլ հստակ հաշվարկված քաղաքական տեխնոլոգիա։

Ժամանակակից տեղեկատվական դարաշրջանում, որտեղ հասարակական կարծիքը ձևավորվում է ոչ թե ծանրակշիռ վերլուծական հոդվածներով, այլ ՏիկՏոկի ու Ինստագրամի մի քանի վայրկյանանոց տեսանյութերով, իշխանությունները վաղուց հասկացել են ուշադրության գրավման ամենակարճ ճանապարհը։ Սոցիալական ցանցերի ալգորիթմներն անողոք են. գիտական խորը հայտնագործությունները, տնտեսական զարգացման բարդ ռազմավարությունները կամ աշխարհաքաղաքական նուրբ բանակցությունները հազարավոր դիտումներ հազիվ են հավաքում, մինչդեռ ինչ-որ մեկի ընկնելը, անհեթեթ ծամածռությունները, «գազ բաց թողնելու» մակարդակի էժանագին հումորները կամ կենցաղային պարզունակ տեսարանները վայրկենապես դառնում են վիրուսային՝ հավաքելով միլիոնավոր դիտումներ և բուռն քննարկումներ։

Հենց այս համընդհանուր պրիմիտիվացման ալիքի վրա էլ կառուցվում է նմանատիպ հաղորդակցությունը։ Աշխարհաքաղաքական բարդ իրողությունները, արտաքին քաղաքական մարտահրավերներն ու տնտեսական հեռանկարները պահանջում են թե՛ լուրջ մասնագիտական կարողություններ՝ դրանք կյանքի կոչելու համար, և թե՛ պատրաստված լսարան՝ դրանք ընկալելու և գնահատելու համար։ Բայց երբ պետական կառավարման համակարգում խորքային ծրագրերի պակաս կա, իսկ լայն հասարակության զգալի մասն էլ հոգնած է բարդ վերլուծություններից և պատրաստ չէ ընկալել մեծ քաղաքական խաղերը, ասպարեզ են գալիս կենցաղային մանրուքները։ Շատ ավելի հեշտ է ժողովրդի միտքը զբաղեցնել եփած կարտոֆիլ կամ եգիպտացորեն ուտելով, գրպանում պահած բանանին տուրիստական ուղեգիր տալով, քան բացատրել տարածաշրջանային անվտանգության նոր ճարտարապետությունը կամ տնտեսական ցուցանիշների իրական պատկերը։

Այսպիսով, քաղաքական օրակարգը վերածվում է անվերջանալի ռեալիթի-շոուի։ Քանի դեռ հանրությունը բաժանվել է երկու ճամբարի՝ բուռն քննարկելով, թե ինչու է բանանը Անթալիայից հասել Դուբլին, արդյոք այն չի փչանա մինչև Կամբոջա հասնելը, և ինչ խորհրդանշական իմաստ ունի եգիպտացորեն կրծելը, իրական և կենսական հարցերը մղվում են հետին պլան։ Իշխանությունը հիանալի հաշվարկել է. պետք չէ մարդկանց ծանրաբեռնել պետականաշինության բարդ հավասարումներով, երբ կարելի է ընդամենը մեկ հատիկ բանանով ապահովել օրվա գլխավոր լրահոսն ու լիովին վերահսկել հանրային էմոցիաները։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ