«Փաստ». Փաշինյանի «հավասարակշռված» դիվանագիտության գինը
Մամուլի տեսություն«Փաստ» թերթը գրում է. «Հայաստանի արտաքին քաղաքականությունը վերջին շրջանում հայտնվել է ռազմավարական խոր հակասությունների մեջ, որտեղ ցանկալին իրականության տեղ ընդունելու փորձերը բախվում են աշխարհաքաղաքական կոշտ իրողություններին։ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները՝ երկու տասնամյակ անց Հայաստանը Եվրոպական միության կազմում տեսնելու հեռանկարի մասին, զուգորդվում են ԵԱՏՄ և ԵՄ առանցքների միջև անընդհատ ճոճվելու քաղաքականությամբ։ Այս մոտեցումը, որն իշխանությունները փորձում են ներկայացնել որպես «բալանսավորված» կամ դիվերսիֆիկացված դիվանագիտություն, ըստ քննադատների, իրականում բացահայտում է արտաքին քաղաքական հստակ ռազմավարության բացակայությունը։ Երկարատև միակողմանի եվրոպամետ սիրախաղերից և Արևմուտքի անվտանգային հովանոցում իրական, գործնական երաշխիքներ չգտնելուց հետո, պաշտոնական Երևանը ստիպված է կրկին շրջվել դեպի Մոսկվա՝ փորձելով մեղմել սեփական անհետևողական քայլերի հետևանքով առաջացած լարվածությունը։
Այս իրողության վառ դրսևորումն էր Դուբլինի միջազգային և եվրոպական հարցերի ինստիտուտում փորձագետների հետ կայացած հանդիպման ընթացքում Նիկոլ Փաշինյանի արած հայտարարությունը։ Եվրոպական մայրաքաղաքներ կատարած իր այցելությունների ֆոնին՝ Հայաստանի վարչապետը հայտարարեց, որ առաջիկայում՝ դեկտեմբերին, երեք անգամ մեկնելու է Ռուսաստան՝ բանակցությունների համար, միաժամանակ հույս հայտնելով, որ կհաջողվի պահպանել բարեկամական մթնոլորտը և չխաթարել հարաբերությունները Մոսկվայի հետ։ Փաստացի, հենց եվրոպական հարթակից արված այս խոստովանությունը ցույց տվեց, որ Երևանը ստիպված է հրատապ կարգով փորձել կարգավորել Ռուսաստանի հետ հարաբերությունները՝ արևմտյան ուղղությամբ արված խաղադրույքներից սպասված անվտանգային ու տնտեսական արդյունքները չստանալուց հետո։
Միևնույն ժամանակ, պաշտոնական Երևանը տարբեր առիթներով ներկայացնում է հակադարձ փաստարկներ՝ նշելով, որ արտաքին քաղաքականության դիվերսիֆիկացիան բխում է երկրի ինքնիշխանության ամրապնդման և անվտանգային ռիսկերի նվազեցման անհրաժեշտությունից, իսկ Ռուսաստանի հետ հարաբերություններում առկա խնդիրները պայմանավորված են տարածաշրջանային փոփոխված իրողություններով և դաշնակցային պարտավորությունների շուրջ առաջացած տարաձայնություններով։ Սակայն միջազգային հարաբերություններում բարի ցանկություններն ու հույսերը երբեք չեն կարող փոխարինել սառը հաշվարկին և պետական շահի իրատեսական գնահատմանը, իսկ նախորդող քաղաքական քայլերն ու հռետորաբանությունն արդեն իսկ լուրջ վնաս են հասցրել երկկողմ վստահությանը։
Այս իրավիճակում Երևանը հայտնվել է բարդագույն երկընտրանքի առջև, որտեղ ժամանակ շահելու մարտավարությունը գնալով սպառում է իրեն։ Մի կողմից՝ Ռուսաստանի հետ հարաբերությունների հետագա սրումը կարող է հանգեցնել սոցիալտնտեսական լուրջ ցնցումների, մասնավորապես՝ էներգակիրների, գազի սակագնի և տնտեսական արտոնությունների վերանայման վտանգով, ինչը հատկապես ձմռան ամիսներին լուրջ մարտահրավեր կդառնա տնտեսության համար։ Մոսկվայում այլևս չեն բավարարվում միայն բարեկամական մթնոլորտ պահպանելու մասին հայտարարություններով և սպասում են կոնկրետ քայլերի։ Մյուս կողմից՝ ռուսական կողմի պահանջներին ընդառաջ գնալը և գործնական զիջումների գնալը կարող են առաջացնել Արևմուտքի կոշտ արձագանքն ու դժգոհությունը։
Հայաստանի իշխանությունների արտաքին քաղաքական այս բացթողումների հիմքում ընկած է աշխարհաքաղաքական իրողությունների թերի ընկալումը։ Ըստ քննադատական գնահատականների՝ Եվրոպական միության կողմից Հայաստանին որպես լիիրավ անդամ ընդունելու իրական քաղաքական կամք և ինստիտուցիոնալ նախադրյալներ գոյություն չունեն, իսկ քսանամյա հեռանկարով տրվող խոստումները չեն կարող լուծել երկրի առջև ծառացած այսօրվա անվտանգային ու տնտեսական մարտահրավերները։ Արդյունքում՝ անպատասխան մնացած միակողմանի եվրոպական ձգտումներից հետո պաշտոնական Երևանը կրկին ստիպված է վերադառնալ մոսկովյան բանակցային սեղանի շուրջ՝ փորձելով փրկել այն, ինչ դեռ հնարավոր է պահպանել տնտեսական և անվտանգային լուրջ ցնցումներից խուսափելու համար։
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

