Հայաստանը՝ բանանային պետության ճանապարհին
ՎերլուծությունԿա մի հասկացություն՝ «բանանային հանրապետություն»։ Այն բնութագրում է թույլ պետական ինստիտուտներ ունեցող, քաղաքական կամայականություններով եւ անձնավորված իշխանությամբ կառավարվող պետությանը։ Թվում է՝ Նիկոլ Փաշինյանը որոշել է այդ արտահայտությանը նաեւ բառացի իմաստ հաղորդել՝ Հայաստանը վերածելով մի երկրի, որտեղ պետական լրջության փոխարեն հանրությանը մատուցվում են բանանային տեսարաններ, իսկ քաղաքական պատասխանատվության փոխարեն՝ հերթական շոուն։
Երբ երկրի վարչապետի միջազգային այցերի ընթացքում ավելի շատ ուշադրություն է գրավում նրա կոստյումի ծոցագրպանում հայտնված բանանը, քան պետական օրակարգը, սա այլեւս պարզապես զավեշտալի կենցաղային դրվագ չէ։ Սա Հայաստանի քաղաքական կյանքի մասին խոսուն պատկեր է։ Պետության ղեկավարի յուրաքանչյուր ժեստ վերածվում է տեղեկատվական իրադարձության, մինչդեռ երկրի առջեւ ծառացած լուրջ խնդիրները մղվում են երկրորդ պլան։
Անթալիայից Դուբլին, Դուբլինից Երեւան՝ Փաշինյանի բանանը կարծես սեփական դիվանագիտական շրջագայությունն է սկսել։ Բայց այս պատմության գլխավոր հարցը ոչ թե այն է, թե ինչու է վարչապետը միրգը պահում ծոցագրպանում, այլ այն, թե ինչու է այդ դրվագը հանրային օրակարգում ավելի մեծ տեղ զբաղեցնում, քան ազգային անվտանգությունը ու հազարավոր մարդկանց ճակատագիրը։
Ամեն ինչ սկսվեց Թուրքիայից։ Նիկոլ Փաշինյանի՝ Անթալիայում անցկացրած օրերին հանրության ուշադրությունը գրավեցին ոչ միայն հանդիպումներն ու հայտարարությունները, այլեւ կենցաղային դրվագները՝ թուրքական չայը, ժպիտը եւ հատկապես բանանը կոստյումի ծոցագրպանում տեղավորելու տեսարանը։ Թուրքական մամուլում այն հետաքրքրություն առաջացրեց, իսկ հայկական սոցցանցերում դարձավ ծաղրի ու սարկազմի առարկա։
Սակայն պատմությունը դրանով չավարտվեց։ Բանանը Փաշինյանի հետ հասավ նաեւ Դուբլին՝ շարունակելով իր տեղեկատվական շրջագայությունը։ Լուսանկարները, տեսանյութերն ու մեկնաբանությունները միրգը վերածեցին քաղաքական քննարկումների առարկայի։ Արդյունքում հերթական անգամ ուշադրության կենտրոնում հայտնվեց ոչ թե պետական քաղաքականությունը, այլ՝ վարչապետի աթոռը զբաղեցնողի արտասովոր պահվածքը։
ԲԱՆԱՆԻ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆ
Այս ամենը պատահականությո՞ւն էր։ Նիկոլ Փաշինյանը պարզապես կենցաղային տարօրինակությունների սիրահա՞ր է, թե՞ գործ ունենք հանրային ուշադրությունը կառավարելու որոշակի մեխանիզմի հետ։
Ինչպես նշում է քաղաքագետ Արմեն Հովասափյանը, քաղաքական տեխնոլոգիաներում հայտնի է «սատկած կատվի ռազմավարություն» անվամբ մոտեցումը։ Դրա էությունն այն է, որ իշխանության համար անհարմար թեմաներից հանրային ուշադրությունը շեղելու նպատակով շրջանառության մեջ է դրվում աղմկահարույց, անսպասելի կամ էմոցիոնալ մի դրվագ։ Արդյունքում հասարակությունը սկսում է քննարկել հենց այդ իրադարձությունը՝ մոռանալով այն հարցերը, որոնց շուրջ իշխանությունը պետք է պատասխաններ տար։
Իհարկե, միայն բանանի պատմությունը դեռեւս չի ապացուցում, որ գործ ունենք նախապես ծրագրված քաղաքական գործողության հետ։ Սակայն դրա հանրային հետեւանքն ակնհայտ է. բանանը դարձավ քննարկման առարկա, իսկ պետական քաղաքականության, արտաքին հարաբերությունների եւ անվտանգության վերաբերյալ հարցերը կրկին հայտնվեցին լուսանցքում։
«Ես մասնագիտությամբ հոգեբույժ չեմ, բայց կարծում եմ, որ էդ հարցին պետք է մասնագիտական նորմալ գնահատական տրվի։ Մենակ ճամփորդելուց հետո տանելը չի, բա որտե՞ղ է պահում։ Միրգ-բանջարեղեն բոլորս էլ առնում ենք, բայց ոչ մեկը ծոցագրպանը չի դնում։ Կամ եթե վերցրել ես հետդ, ինչի չես կերել, եթե չես կերել, ինչի՞ ես բերել դրել սեյֆում։ Ընդ որում՝ այդ սեյֆում երկու փաթեթ փոշիանման բան կա, մարդկանց մոտ անհանգստություն կա, որ դա կարող է նույնիսկ թմրանյութ լինել, բայց ես վստահ եմ, դա կա՛մ կաթի փոշի է, կա՛մ բրինձ», - արձանագրում է ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդգար Ղազարյանը։
ՊԵՌԱՇԿԻԻՑ ՄԻՆՉԵՎ ԲԱՆԱՆ․ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ԿԵՐՊԱՐԻ ԿԱՌՈՒՑՈՒՄԸ
Փաշինյանի քաղաքական վարքագծում վաղուց նկատելի է կենցաղային պատկերների միջոցով սեփական հանրային կերպարը կառուցելու միտումը։ Պեռաշկի ուտելը, փողոցում սովորական քաղաքացու պես իրեն դրսեւորելը, կոշիկ մաքրելը եւ այլ առօրյա գործողություններ տեսախցիկների առաջ ցուցադրելը ձեւավորում են մի կերպար, որը հասարակության որոշակի հատվածի համար ընկալելի է որպես «մեզնից մեկը»։
Այս մոտեցման քաղաքական տրամաբանությունը պարզ է՝ իշխանության ղեկավարը փորձում է նվազեցնել իր եւ շարքային քաղաքացու միջեւ խորհրդանշական հեռավորությունը։ Սակայն հասարակությանը մոտ լինելը եւ պետական պաշտոնը մշտական ներկայացման վերածելը տարբեր բաներ են։ Պետության ղեկավարից հանրությունը սպասում է ոչ թե ապացույցներ, որ նա կարող է պեռաշկի ուտել կամ բանան պահել գրպանում, այլ որ կարող է պատասխանատվություն կրել երկրի անվտանգության, պետական ինստիտուտների եւ քաղաքացիների ապագայի համար։ Պեռաշկին չի կարող փոխարինել քաղաքական ծրագրին, ինչպես բանանը՝ պետական հաշվետվողականությանը։
ԲԱՆԱՆԸ ՍՊԱՌՎԵՑ, ԲԱՅՑ ՏԵՍԱՐԱՆՆԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ
Ամենացավալին, սակայն, բանանը կամ դրա շուրջ բարձրացած աղմուկը չէ։ Հայաստանն առ այսօր կրում է պատերազմի, մարդկային կորուստների, Արցախի հանձնման եւ անվտանգության սպառնալիքների ծանր հետեւանքները։
Հազարավոր զոհերի հիշողությունը, տեղահանված արցախցիների ճակատագիրը, անհայտ կորածների ու գերիների հարցերը եւ երկրի անվտանգային խոցելիությունը չեն կարող վերածվել հերթական տեղեկատվական աղմուկի ֆոնային դեկորացիայի։
Այս իրավիճակում հարցեր կան ոչ միայն իշխանությանը, այլեւ ընդդիմությանը։ Եթե ընդդիմադիր դաշտը սահմանափակվում է բանանի, չայերի, պեռաշկիների ու ծոցագրպանների մասին կատակներով, ապա ակամա հայտնվում է նույն տեղեկատվական խաղի մեջ՝ նպաստելով հանրային ուշադրության շեղմանը։
Ծաղրը կարող է լինել քաղաքական քննադատության գործիք, բայց այն չի կարող փոխարինել քաղաքական այլընտրանքին։ Հասարակությանն անհրաժեշտ են ոչ թե հերթական կատակները, այլ՝ իշխանության որոշումների հետեւանքների խորքային վերլուծություն, պատասխանատվության պահանջ եւ հստակ քաղաքական առաջարկներ։
Բանանի ճանապարհորդությունը մի օր կավարտվի։ Այն կկորչի լրահոսից, կդադարի հետաքրքրել սոցցանցերին եւ իր տեղը կզիջի հերթական աղմկահարույց դրվագին։ Բայց եթե հանրային ուշադրությունը շեղելու այս մեխանիզմը շարունակվի, կփոխվեն միայն տեսարանները, ոչ թե քաղաքական բովանդակության բացակայության խնդիրը։ Իսկ տեսարանները շարունակվում են։ Բանանը գուցե սպառեց իրեն, բայց քաղաքական տեսարանների պակաս չկա։ Եթե Ազգային ժողովում մանդատավոր ընդդիմություն-իշխանություն ծեծկռտուքն այլեւս սենսացիա չէ, ապա ծեծկռտուքը տեղափոխվում է այլ հարթակ։ Հանրային հեռուստատեսության մեծ բանավեճի ժամանակ հանրությանը հրամցվեց հերթական ծեծկռտուքը՝ քաղաքագետ Հարություն Մկրտչյանի եւ լրագրող Բորիս Մուրազիի մասնակցությամբ։ Ընդ որում՝ բանավեճը չէր հեռարձակվում ուղիղ եթերում, բավական ժամանակ կար՝ այն մոնտաժելու կամ առհասարակ չցուցադրելու, բայց իշխանությանը պետք է հաց ու տեսարաններ։ Իսկ քաղաքացին իր գրպանից վճարված հարկերով պահվող Հանրայինով ստիպված է հայհոյանք լսել։ Հետո էլ զարմանում ենք, թե որտեղից այսքան չարությունը, հանցագործությունների քանակն ու բազմազանությունը հանրությունում։ Ինչ տեսնում, այն էլ սովորում են։
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ
