Առողջության ապահովագրության համակարգի շահառուների թիվը կընդլայնվի ⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք... Թող իրենց բողոքն ուղղեն տոմս գնողների դեմ․ Կարեն Ղազարյան Հանրապետության շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ Ռուսաստանը պատրաստվում է ոչնչացնել Կիևի կամուրջներն ու ողջ էներգետիկան Եվրահանձնաժողովը կանխատեսում է, որ Ուկրաինայում հակամարտությունը կշարունակվի առնվազն մինչև 2028–ը Սկսվել է Պուտինի և Սի Ցզինպինի հանդիպումը «Իրավունք». ՔՊ–ն թևերի է բաժանվել «Հրապարակ»․ Անհետ կորածների հարազատները դեմ են Ալեն Սիմոնյանի մասնակցությանը

Թող իրենց բողոքն ուղղեն տոմս գնողների դեմ․ Կարեն Ղազարյան

Մշակութային

Սկանդալային ռեփեր ԱԼԻՇԵՐ ՄՈՐԳԵՆՇՏԵՐՆԻ երեւանյան համերգները մեծ աղմուկ են բարձրացրել հասարակության շրջանում: Սակայն, այնուհանդերձ, համերգի տոմսերն ակտիվորեն շարունակում են վաճառվել։ Այս մասին «Իրավունք»-ը զրուցել է  Մարզահամերգային համալիրի տնօրեն ԿԱՐԵՆ ՂԱԶԱՐՅԱՆԻ հետ:

— Ժամանակին Մորգենշտերնի մենահամերգը Երեւանում չեղարկվեց, իսկ հիմա նույնիսկ երկու համերգ է պատրաստվում ունենալ համալիրում։ Ի՞նչ մեկնաբանություն կտաք այս առնչությամբ։

— Մեկնաբանություն չեմ կարող տալ։ Մարդիկ՝ կազմակերպիչներ, պրոմոութերներ, դիմել են եւ վարձակալել Մարզահամերգային համալիրը։  Ընդ որում, տոմսերը շատ լավ են վաճառվում։ Մեկ օրվա համերգի տոմսերն ամբողջությամբ սպառվել են, երկրորդ օրվա համերգի տոմսերի մոտ 75 տոկոսն էլ, որքան գիտեմ, արդեն վաճառվել է։ Այսինքն՝ կոպիտ ասած, Հայաստանում մոտ 15 հազար մարդ տոմս է գնել՝ այդ համերգին գնալու համար։

Եթե մեր երկրում այդքան մարդ կա, որը ցանկանում է գնալ եւ Մորգենշտերնին տեսնել, ուրեմն՝ այդ համերգը կարող է տեղի ունենալ։ Ճիշտն ասած, ինքս այդ արվեստով հետաքրքրված չեմ, բայց ո՛չ այդ արվեստն է արգելված, ո՛չ էլ այդ մարդն է մեր երկրում արգելված։ Մենք էլ իրավունք չունենք այդ համերգը մերժելու կամ չմերժելու։ Մենք ընդամենը տարածք տրամադրող ենք եւ ծառայություն մատուցող։ Եթե կա մեկը, ով ցանկանում է դրա համար վճարել, ընդ որում՝ վճարում է պետությանը, քանի որ մենք պետական հիմնարկ ենք, թող վճարի եւ կազմակերպի։ Եթե մարդիկ էլ տոմս են գնում ու մասնակցում համերգին, ուրեմն՝ այդ ամենն ինչ-որ տեղ պահանջարկ ունի։ Միայն դա կարող եմ ասել։

— Բայց նաեւ հանրային բողոքի լայն ալիք է ձեւավորվել Մորգենշտերնի համերգների դեմ, մի խումբ քրիստոնյաներ, ծնողներ բոյկոտի կոչով են հանդես եկել։ Համաձայնեք, որ հնարավոր չէ չնկատել, որ դժոգոհություն կա։

— Թող այդ հանրային լայն բողոքի ակցիաներն ուղղված լինեն այն մարդկանց դեմ, ովքեր տոմսեր են գնել, ոչ թե նրանց, ովքեր կազմակերպում են համերգը։ Այսինքն՝ թող տոմսերը չվաճառվեին, համերգը տապալվեր եւ չկայանար։

— Եթե տոմսերը գնել են, ուրեմն՝ նորմա՞լ է, որ Մարզահամերգային համալիրից հնչի կրոնական առումով հակաքրիստոնեական արվեստ ներկայացնողի ձայնը։

— Ճիշտն ասած՝ ես նրա արվեստով չեմ հետաքրքրվել եւ չեմ էլ հետաքրքրվում։ Էլի եմ շեշտում՝ ես միայն մի բան գիտեմ՝ այդ արվեստն արգելված չէ մեր երկրում, այդ մարդը նույնպես։ Այսինքն՝ օրենքի սահմաններում ամեն ինչ ճիշտ է։ Համերգը կազմակերպողները մենք չենք, մենք ընդամենը ծառայություն մատուցող ենք։

— Սոցցանցային որոշ գովազդներում նշվում է, որ համերգին հաջորդելու է խորհրդավոր գիշեր եւ շարունակվելու է «ուրախությունը»։ Ինչի՞ մասին է խոսքը, ամբողջ գիշե՞րն են վարձակալել համալիրը։

— Ո՛չ, նման բան չկա: Չի՛ լինելու նման բան։ Մեզ մոտ ամբողջ գիշեր վարձակալություն նախատեսված չէ։

 — Պարոն Ղազարյան, բայց ստացվում է, որ ով ինչ ցանկանա, կարող է գումարը վճարել, վարձակալել Մարզահամերգային համալիրը ու ցուցադրե՞լ՝ անկախ դրա բովանդակությունից։

— Եթե այն, ինչ իրականացվում է օրենքի սահմաններում  եւ չի խաթարում մեր պետականությունը, իհարկե, կարող է լինել։ Բայց գնահատական տվողը, թե ինչն է խաթարում կամ չի խաթարում, ինչն է օրենքի սահմաններում, ինչը՝ ոչ, ես չեմ այդ որոշումը կայացնողը, եւ Մարզահամերգային համալիրը չէ, որ որոշում է։ Դրա համար կան իրավապահ մարմիններ, կա օրենք։

Եթե մեզ ասեն, որ այս միջոցառումն իրավունք չունենք անցկացնելու, մենք չենք անցկացնի։ Ամեն դեպքում, մինչեւ որեւէ նման, մի փոքր խնդրահարույց միջոցառման թույլտվություն տալը, ուսումնասիրում ենք օրենքը, մեր իրավաբաններն են ստուգում, որպեսզի խնդիրներ չունենանք։ Մենք խնդիր կունենայինք, եթե մերժեինք, որովհետեւ կարող էին հանգիստ դատի տալ եւ հարցնել՝ ի՞նչ իրավունքով եք մերժել։ Ես իմ քմահաճույքով չեմ կարող մերժել կամ ընդունել։

ՆԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ