Արցախից բռնի տեղահանված անձանց ժամանակավոր պաշտպանության ժամկետը մեկ տարով կերկարաձգվի
ՀասարակությունՀայաստանի կառավարությունն առաջարկում է ևս մեկ տարով՝ մինչև 2027 թվականի դեկտեմբերի 31-ը, երկարաձգել Արցախից բռնի տեղահանված անձանց տրամադրված ժամանակավոր պաշտպանության ժամկետը։ Համապատասխան որոշման նախագիծը կառավարության նոյեմբերի 19-ի նիստի օրակարգում է։
Նախագծի հիմնավորման համաձայն՝ գործող կարգավորմամբ ժամանակավոր պաշտպանություն ստացած անձանց կարգավիճակի ժամկետը սահմանված է մինչև 2026 թվականի դեկտեմբերի 31-ը։ Նոր որոշմամբ առաջարկվում է այն երկարաձգել ևս մեկ տարով՝ պահպանելով հետագա երկարաձգման հնարավորությունը։
Որոշման անհրաժեշտությունը պայմանավորված է նաև տեղահանված անձանց՝ ՀՀ քաղաքացիություն ստանալու դիմումների թվի աճով։ Ըստ ՆԳՆ-ի՝ 2025 թվականի երկրորդ կիսամյակում Հայաստանի քաղաքացիություն ստանալու համար դիմել է ժամանակավոր պաշտպանության կարգավիճակ ունեցող 2154 անձ, իսկ 2026 թվականի առաջին կիսամյակում դիմողների թիվը հասել է 6929-ի։
Գործող կարգավորումների համաձայն՝ ժամանակավոր պաշտպանության վկայականը և «070» ծածկագրով անձնագիրը փոխկապակցված են, Հայաստանից դուրս գալիս դրանք պետք է ներկայացվեն համատեղ։ Բացի այդ, անձնագրի վավերականության ժամկետը լրանալու դեպքում փոխանակման ենթակա է նաև ժամանակավոր պաշտպանության վկայականը։
ՆԳ նախարարության հիմնավորմամբ, կարգավիճակի ժամկետի երկարաձգումը հնարավորություն կտա ապահովել տեղահանված անձանց անձը հաստատող փաստաթղթերի վավերականության շարունակականությունը և վերացնել փաստաթղթերի ժամկետը լրանալու հետևանքով քաղաքացիություն ստանալու գործընթացում հնարավոր վարչական խոչընդոտները։

