ՍԱ ԱՐԴԵՆ ՆՈՆՍԵՆՍ Է. Անուշ Պողոսյան
ՀՀԿ֊ական Անուշ Պողոսյանը գրում է.
Այսօր Ազգային ժողովում Անահիտ Ավանեսյանը մեղադրում էր նախագահ Սերժ Սարգսյանին ԵԱՏՄ-ին անդամակցելու հարցում։
Բայց մի պահ հետ նայենք փաստերին։
Սերժ Սարգսյանի կառավարման տարիներին Հայաստանում գրանցված էր շուրջ 6000 անուն դեղ, իսկ 2018 թվականից հետո այդ թիվը նվազեց՝ հասնելով շուրջ 3200-ի։
Մինչդեռ ԵԱՏՄ դեղերի միասնական գրանցամատյանում գրանցված է 18 442 անուն դեղ, որոնք պետք է հնարավորություն ունենային անխոչընդոտ ներմուծվել Հայաստան։
Ինչո՞ւ ներկայիս կառավարությունը չի ապահովում այդ հնարավորությունը։ Կարծում եմ՝ պատասխանը բոլորիս հայտնի է։
Հայաստանը պետք է ունենար նաև ռեֆերենսային գնագոյացման համակարգ, բայց չունի։ Ինչո՞ւ՝ նույնպես բոլորիս հայտնի է։
Որովհետև այս ամենի իրականացումը կնշանակեր իրական մրցակցություն, դեղերի գների նվազում և դեղերի ներկրողների ու ներկայացուցիչների գերշահույթների վերացում կամ էական սահմանափակում։
Բայց մի՞թե կառավարությունն իր թշնամին է։ Մի՞թե պետք է իրականացնի այնպիսի բարեփոխումներ, որոնք կվերացնեն իրեն ձեռնտու շահերը, եթե անգամ դրա արդյունքում կշահի ժողովուրդը։
Հենց սա է խնդիրը։
Ժողովրդի շահը և որոշ տնտեսական խմբերի շահերը միշտ չէ, որ համընկնում են։ Եվ քանի դեռ այս հակասությունը չի լուծվել հօգուտ քաղաքացու, դեղերի մատչելիության մասին հայտարարությունները կմնան ընդամենը հայտարարություններ։

