Փաշինյանը` թուրք–ադրբեջանական «կաբելի» դերում
ՄիջազգայինԻնչպես օրերս հայտնի դարձավ, արդեն սկսում են պայմանավորվել Հայաստանի եւ Ադրբեջանի էներգահամակարգերը փոխկապակցելու հարցով: Հեռանկարում նաեւ Թուրքիայի էներգահամակարգին միանալն է, որի արդյունքում, բացի երկաթուղայինից, Հայաստանը դառնում է նաեւ թուրք–ազերիական էներգետիկ միջանցք:
ԱԼԻԵՎԻ ԱԽՈՐԺԱԿՆ ԷԼ Է ՈՒՏԵԼԻՍ ԲԱՑՎՈՒՄ
Ասենք, նման հեռանկարներն արդեն չեն էլ թաքցնում: Դեռ այս տարեսկզբին էր Փաշինյանը հրապարակավ խոսում, թե Հայաստանի եւ Ադրբեջանի էներգետիկ համակարգերը միանալու են: Նախօրեին էլ Միրզոյան Արարատն էր Բրյուսելում հերթական անգամ երկինք հասցնում «ՀՀ-ԵՄ փոխկապակցվածության» թեման` խոսելով սահմանային անցակետերի, տրանսպորտային ենթակառուցվածքների ու մինչեւ էներգետիկ եւ թվային փոխկապակցվածության ընդլայնման ուղղությամբ համագործակցության մասին: Այսինքն, որ Հարավային Կովկասը պետք է դառնա Կենտրոնական Ասիան Արեւմուտքին կապող հուսալի տրանսպորտային, էներգետիկ եւ թվային ենթակառուցվածքների գոտի: Բնականաբար, ամեն անգամ նույն ճոխ բացատրություններն, ինչը «Թրամփի ուղու» մասին են տալիս: Այն է` Հայաստանը մեծ օգուտներ կստանա: Ճիշտ է, հետո պարզվեց, որ մասնավորապես «Թրամփի ուղուց» Հայաստանի ստանալիքը չնչին է: Նույնկերպ, անհասկանալի է մնում, թե մեր երկիրը տնտեսական իմաստով ինչ կարող է ստանալ, եթե վերածվի թուրք–ազերիական էլեկտրաէներգետիկ միջանցքի: Գեղեցիկ փաթեթավորումն այն է, թե իբր էներգահամակարգերը միացնելով, երկու երկրները փոխադարձաբար նույն պայմաններով օգտվելու են արտահանման եւ ներմուծման հնարավորություններից:
Բայց ամբողջ խնդիրն այն է, որ եթե Հայաստանն իրոք գնա «Արեւելք–Արեւմուտք» առանցքի կամ, այսպես ասած, «դեպի Եվրոպա» սցենարի ուղղությամբ, ապա այդ ի՞նչ էլեկտրաէներգիա է արտահանելու: Այդ սխեմայի պարագայում, դժվար չէ հասկանալ, որ Հայաստանը մեծ խնդիրներ է ունենալու ռուսների կողմից մեր երկրում նոր ատոմակայանի կառուցման հարցում: Ավելին, մեծ հարց է, թե գործող կայանի շահագործման ժամկետի ավելացում կստանա՞նք: Վերջապես, նաեւ չմոռանանք, որ հայկական ատոմակայանի գործունեության դադարեցումը թուրք–ազերիական երազանքներից մեկն է, որը աջակցություն ունի նաեւ Եվրոպայում: Իսկ առանց ատոմակայանի, Հայաստանը ոչ միայն արտահանելու ենթակա, այլ անգամ սեփական էներգետիկ կարիքներն ապահովող հզորություններ պարզապես չունի եւ միանշանակ չի ունենալու:
Այսինքն, այս պահին ամեն բան հուշում է, որ «Արեւելք–Արեւմուտք» առանցքի ուղղությամբ շարժը մեր երկիրը հեռանկարում վերածելու է նաեւ էլեկտրաէներգետիկ իմաստով ներկրողի` դրանով նույնպես ռազմավարական կախման մեջ հայտնվելով թուրք–ազերիական տանդեմից: Եվ այս հնարավոր հեռանկարում, իհարկե, նաեւ այն հարցն է առաջ գալիս, թե արդյոք ընդամենը տնտեսակա՞ն, թե՞ հեռահար նպատակներով խաղ էր ՀԷՑ–ի շուրջ ծավալվող ներկա դրաման:
ՆՈՐ ՄԵՍԻՋՆԵՐ ՄՈՍԿՎԱՅԻՑ
Ամեն դեպքում, պայմանավորվածությունները, որ ներկա պահին սկսում են ձեռք բերել Ադրբեջանի հետ` էներգետիկ համակարգերը միացնելու հետ կապված, ստիպում են մտածել վատթարագույնի մասին: Բայց նորից ամբողջ հարցն այն է, թե այդ ացենարը հնարավոր կլինի՞ վերջնագծին հասցնել: Նաեւ հաշվի առնելով այն շարունակական մեսիջները, որոնք գալիս են «Արեւելք–Արեւմուտքին» հակադրվող «Հյուսիս–Հարավ» ուղղությունից` Ռուսաստանից եւ Իրանից:
Նախօրեին Դմիտրի Մեդվեդեւը, ով տեւական ժամանակաշրջան հանդես է գալիս միանգամայն կծու մտքերով, թերեւս, այդկերպ ոչ պաշտոնապես հնչեցնելով այն, ինչի մասին պաշտոնական Մոսկվան չի ցանկանում բացահայտ խոսել, նման հայտարարություն հնչեցրեց. «Առճակատման նոր համաշխարհային հարթակ են դարձել ընտրական գործընթացները: Դա ամբողջությամբ իրենց վրա զգացել են ոչ միայն Գլոբալ հարավի, այլեւ եվրոպական երկրները, ինչն ինքնին դեռ որոշ ժամանակ առաջ զարմանալի կթվար։ Դրանք են Գերմանիան, Ռումինիան, Բուլղարիան, Մոլդովան, Հայաստանը եւ շատ ուրիշներ։ Վերջերս էլ՝ Բրազիլիան: Անդրկուլիսյան խամաճիկավարները պատրաստ չեն եւ չեն ցանկանում հաշվի առնել ժողովրդի կամքը թե՛ այդ երկրների ներսում, թե՛ դրանց սահմաններից դուրս»: Կարճ ասած, որ ընտրությունների անվան տակ փաստացի իշխանազավթման արդյունքում կոնկրետ երկրների տանում են այնպիսի ուղղությամբ, որին նորմալ իշխանություններ ունենալով, այդ երկրները երբեք չէին գնա: Եվ այն, որ թվարկված ցանկում նաեւ Հայաստանի մասին է խոսվում, դա, թերեւս, սպասելի էր:
Նման ազդակը, թերեւս, հերթական ակնարկն է այն մասին, որ Մոսկվան շարունակում է մասնավորապես Հայաստանը տեսնել` որպես «անդրկուլիսյան խամաճիկավարների» ազդեցության գոտի: Իսկ դա էլ նշանակում է, որ առավելագույնը, որն այս պահին ստացել ենք, դա աշխարհաքաղաքական բախումների թեժ թատերաբեմ դառնալն է:
Ասենք, դա է հաստատում նաեւ չդադարող ազդակները` կապված նոյեմբերի 5-ին Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Մոհսեն Ռեզաիի մոսկովյան այցի եւ Պուտինի ընդունելության հայտնի թեմայի հետ կապված: Այս անգամ նոր մանրամասներ է հայտնել Մոսկվայում Իրանի դեսպան Քազեմ Ջալալին` տեղեկացնելով, որ այդ հանդիպման կարեւոր բաղադրիչներից է եղել հարավկովկասյան ուղղությունը: Դեսպանը հայտնել է, որ մի կողմից, հանդիպման ժամանակ` «Տնտեսական եւ ենթակառուցվածքային համագործակցության ոլորտում շեշտը դրվել է Ռեշտ–Աստարա երկաթուղու նախագծի իրականացման արագացման եւ «Հյուսիս–Հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքի ավարտին հասցնելու վրա՝ որպես տարածաշրջանային փոխկապակցվածության կարեւոր եւ ռազմավարական նախագծերից մեկի։ Մանրամասն դիտարկվել են նաեւ Իրան ռուսական գազի մատակարարման նախագծի իրականացման ասպեկտներն ու էներգետիկ ոլորտում երկու երկրի համագործակցության ուղղությունները»: Եվ մյուս կողմից, մեծ շեշտադրում է արվել նաեւ «Թրամփի ուղու» հետ կապված, որին Իրանը շարունակում է ծայրահեղ կոշտ մերժողական դիրքորոշում ունենալ:
Քիչ չեն փորձագիտական գնահատումները, որ այդ հանդիպման ժամանակ Պուտինն ու Իրանի Գերագույն առաջնորդի անմիջական մերձավորներից մեկի համարում ունեցող Ռեզաին ռազմավարական իմաստով ամփոփել եւ հստակեցրել են ոչ միայն ռուս–իրանական հարաբերությունները, այլ այն հստակ մեխանիզմները, որոնց շրջանակներում երկու երկրները շարունակելու են գործել առաջիկայում: Եվ երբ այդ կարգի պայմանավորվածությունների փուլում, որպես ակտիվ թեմա, քննարկվում է նաեւ Հայաստանով արեւելքից դեպի արեւմուտք ուղղությամբ ծրագրվող տարբեր միջանցքների թեման, ընդ որում, որպես ռազմավարական իմաստով ծանր խնդիրներ, ապա դա հաստատ մեզ լավ բան չի խոստանում: Առավել եւս, երբ այդ բոլոր նախազգուշացումների ֆոնին Հայաստանից այդպես էլ չեն դադարում այդ նույն «Հյուսիս–Հարավի» իրականացմանն ուղղված արդեն սադրանքների նմանվող տարաբնույթ հաղորդագրությունները:
ՎԵՐՋԱԲԱՆԸ ՄՈՏ Է
Բայց ահա այս ֆոնին, դատելով երեկ Երեւանում մեկնարկած հայկական երկաթուղիների թեմայով ՌԴ պատվիրակության հետ փակ մասնագիտական քննարկումները, նիկոլյան իշխանությունները, այնուամենայնիվ, դեռ գոնե փորձում են վերջնականապես Ռուսաստանի հետ «կամուրջներն այրելուց» խուսափել: Ավելին, քանիցս հայտնելու առիթներ ունեցել ենք, որ կան նաեւ ստվերային շփումներ, որոնց ընթացքում օրակարգում է մնում նաեւ Հայաստանի վերջնական աշխարհաքաղաքական վեկտորի թեման:
Որոշ միանգամայն տեղյակ աղբյուրներ մինչեւ իսկ ակնարկում են, որ նիկոլյան մերձավոր թիմում կա համոզմունքի վերածվող այն գնահատումը, որ ներկա աշխարհաքաղաքական իրավիճակում ավելորդ խաղերը նաեւ անձնական մակարդակներում են սկսել չափազանց վտանգավոր դառնալ: Այսինքն, թեեւ մի կողմից արեւմտյան տիկնիկավարային շրջանակներից այս պահին էլ կան որոշակի ճնշումներ` գնալ Մոսկվայի հետ վերջնական խզումների, ընդհուպ` ռազմաբազան հեռացնելու պահանջով: Սակայն հետեւանքներից ոչ թե խուսափելու, այլ անգամ մեղմելու ռեալ առաջարկներ այդ նույն տիկնիկավարներն այդպես էլ չեն ներկայացնում: Ամեն ինչ կառուցված է «լավ կլինի, դիմացեք», ապա` «եթե չարվի, կստանաք սա–սա» սկզբունքների վրա: Այն դեպքում, երբ Մոսկվայի հետ կապերի խզումը սպառնում է միանգամայն ռեալ, տեսանելի եւ շոշափելի հեռանկարներով: Այդ թվում` ԵԱՏՄ–ում Հայաստանի անդամակցության սառեցման տեսքով: Ու միայն դրա հետեւանքներն արդեն իսկ անհաղթահարելի են թվում: Այդ թվում, հայաստանյան իշխանական շրջանակներում պատկերացում անգամ չկա, թե ինչ են անելու, եթե Մոսկվան գազը եւ ռազմավարական նշանակության հումքի մի շարք այլ տեսակների հայաստանյան մատակարարումները տեղափոխի միջազգային գների: Միայն դա խոստանում է հայաստանյան ներքին գների մի այնպիսի թռիչք, որի պարագայում հաստատ ներհայաստանյան մեծ պայթյունից խուսափել հնարավոր չի լինելու:
Ընդ որում, արդեն մտածելու ժամանակ չի էլ մնացել: Արդեն դեկտեմբերի սկզբներին սպասվում է Փաշինյանի այցը Մոսկվա, որի ընթացքում, ինչպես նաեւ ռուսական որոշ տեղյակ աղբյուրներ են սկսել ակնարկել, պետք է գոնե նախնական պատասխաններ տրվեն Հայաստանի առաջիկա կոնկրետ քայլերի մասով:
Կարճ ասած, Հայաստանը թուրք–ազերիական «կաբել» դարձնելը, միգուցե, որոշակի ուժերի երազանքներից է: Միայն թե «տոկահար» լինելու ռիսկն էլ է շատ մեծ: Մինչդեռ, կրկնենք, արդեն ավելորդ խաղերի համար ժամանակը լրանում է:

