Ինչու Աննան «կաստրուլկաներով» չի չխկչխկացնում Նիկոլի ականջին․ ԶԱՐՄԱՆՔ
ԶարմանքՆիկոլ Փաշինյանի զուգընկեր ԱՆՆԱ ՀԱԿՈԲՅԱՆԻ ու Երեւանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի միջեւ հեռակա բանավեճը խցանումների թեմայով, կարծես թե, թեժանում է։ Աննա Հակոբյանը դիմել է կին վարորդներին՝ հիշեցնելով նրանց, որ այլեւս չպետք է հանդուրժեն։ «Սիրելի կին վարորդներ, ձեր մեքենաներում պահեք աղմկող իրեր եւ ամեն անգամ մի քանի ժամ խցանման մեջ մնալիս՝ մեծ աղմուկ բարձրացրեք՝ այնպես, որ ձայնը հասնի նրանց, ովքեր պարտավոր են իրենց ուղեղներն աշխատեցնել այս իրավիճակը լուծելու համար։ Սիրելի մի քիչ ավելի համարձակ տղամարդ վարորդներ, կարող եք դուք էլ միանալ։ Պետական կառույցները երբեք չեն լսում այն դժգոհությունը, որը համարձակություն չունի հնչելու։ Այնպես որ, որքան հնարավոր է, բարձր հնչեցրեք այն», - իր տեսաուղերձում նշել է Հակոբյանը։ Իհարկե, հասկանալի է, որ վերջին շրջանում Փաշինյանն անընդհատ գործուղումների մեջ է եղել, բայց զարմանալի է՝ ինչո՞ւ Աննա Հակոբյանը, օրինակ, «կաստրուլկաներով» չի չխկչխկացնում կողակցի ականջին՝ խցանումների եւ ՔՊ-ական քաղաքապետի անգործության հարցը բարձրացնելով։ Մի՞թե համարձակությունը չի ներում։ Ինչեւէ, Աննա Հակոբյանին արդեն իսկ սկսել են արձագանքել կին վարորդները, օրինակ, նրանցից Երեւանի ավագանու նախկին անդամ Հռիփսիմե Առաքելյանը գրել է․ «Հեսա վաղվանից վուվուզելով եմ Երեւանում ավտո քշելու, կարող ա դոմինոյի էֆեկտով կարանանք հեղափոխություն անենք, կնիկներով սրանց լարենք»:
Ուշագրավ հայտարարությամբ է հանդես եկել ԱԱԾ նախկին տնօրեն, գնդապետ ՄԻՔԱՅԵԼ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԸ։ Նույնիսկ նա, ով եղել է ՀԱՊ կուսակցության նախագահ Արթուր Վարդանյանի քննչական-օպերատիվ խմբի ղեկավարը, ահազանգում է անազատության մեջ գտնվող քաղաքական գործչի առողջական վիճակի մասին։ «Ինչպես հայտնի է, ես ղեկավարել եմ քննչական-օպերատիվ խումբը, որը քննել է Արթուր Վարդանյանի եւ մյուսների վերաբերյալ, «Նորքի զինված խումբ» անվանումը ստացած քրեական գործը, հետեւաբար՝ լավ եմ ճանաչում Արթուր Վարդանյանին: Նա բնավորությամբ կամային անձնավորություն է եւ, եթե այժմ բարձրաձայնում է ունեցած առողջական խնդիրների մասին, ուրեմն՝ վիճակը իսկապես լավ չէ։ Հետեւաբար՝ անհրաժեշտ է առավել ուշադրություն դարձնել, չմատնել անտարբերության կամ ցուցաբերել ձեւական մոտեցում, այլապես՝ այս դեպքը եւս կարող է ունենալ անդառնալի հետեւանք ու հանգեցնել՝ նորանոր դժգոհությունների եւ պատասխանատու պաշտոնյաների հրապարակային արդարացումների... », - շեշտել է Համբարձումյանը։
Իսկ ԱԺ ՔՊ-ական պատգամավոր ՀԱՍՄԻԿ ՀԱԿՈԲՅԱՆՆ անդրադարձել է նախկին ԱԽՔ Արմեն Գրիգորյանին, որն ի հեճուկս յուր իշխանական թիմի՝ ծավալուն հոդված էր հրապարակել այն մասին, որ Եվրամիության անդամակցությունը պատրանք է։ Հարցին՝ հնարավո՞ր է, որ Արմեն Գրիգորյանը ընդդիմադիր դառնա, Հակոբյանն ասել է. «Մեր կուսակցական գործընկերն է, ի՞նչ ընդդիմադիր դառնալու մասին է խոսքը»։ Լրագրողի դիտարկմանը, որ կուսակցությունից հեռացվելու հետ կապված Արմեն Գրիգորյանն ինքն է ակնարկներ արել, ՔՊ-ականը պատասխանել է. «Հումոր էր, այդ կտորը նայել եմ, հումորային դրվագ էր, պետք չի դարձնել պատմություն»։ Ախր, շատ կատակասերն են, մնում է միայն հասկանալ՝ Գրիգորյանն իր հոդվածով կուսակցական տեսակե՞տ է հայտնել։ Եթե՝ այո, փաստորեն, Փաշինյանն է՞լ է հումոր անում, երբ եվրոպացիներին ասում է, թե Հայաստանը դեպի ԵՄ անդամակցության է ձգտում։
ԶԱՐՄԱՑԱԾ Է «ԻՐԱՎՈՒՆՔ»-Ը

