Նորայր Մեհրաբյան, Դուք արժանի էիք արվեստագետին վայել հրաժեշտի․ Մանո Գրիգորյանի հուզիչ խոսքը
«Այսօր հրաժեշտ տվեցինք մեծ արվեստագետի, պարարվեստի բացառիկ ներկայացուցիչ Նորայր Մեհրաբյանին…
Բայց այսօր իմ ցավը միայն կորստի ցավը չէ։ Այն կրկնակի ու եռակի է՝ այն ամենի պատճառով, ինչի ականատեսը դարձա նրա վերջին ճանապարհին…
Ցավալի է գիտակցել, որ մարդը կարող է իր ամբողջ կյանքը նվիրել արվեստին, իր տաղանդով, աշխատանքով ու նվիրումով սերունդներ կրթել, իր հետևից թողնել բազմաթիվ աշակերտներ, մշակութային ժառանգություն, տարիների ստեղծագործական պատմություն, իսկ կյանքի վերջին ճանապարհին արժանանալ մի վերաբերմունքի, որն այնքան հեռու էր իր թողած մեծությունից։
Նրա վերջին ելույթի խոսքերը դեռ հնչում են մտքումս. «Ես եկա, հիմա գնում եմ»։ Այո՛, նա եկավ, ապրեց, ստեղծագործեց, փոխանցեց իր գիտելիքը, իր հոգին ու իր ամբողջ էությունը պարարվեստին։ Եվ հիմա գնում է՝ թողնելով իր հետևից մարդկանց, որոնց մեջ շարունակվելու է իր արվեստը։ Բայց մի հարց ինձ հանգիստ չի տալիս. իսկ մենք ի՞նչ ենք վերադարձնում այն մարդկանց, ովքեր իրենց կյանքն են տվել մեզ, մեր մշակույթին, մեր ինքնությանը…
Ինչո՞ւ ենք հաճախ մարդու արժեքը չափում նրա հանրային ճանաչվածությամբ, պաշտոնով կամ աղմուկով, այլ ոչ թե նրա թողած ժառանգությամբ, իր ստեղծած արժեքով ու սերունդների վրա ունեցած ազդեցությամբ։
Արդյո՞ք մեծ արվեստագետին պետք է մեծարել միայն կենդանության օրոք, իսկ վերջին ճանապարհին մոռանալ այն ամենը, ինչ նա տվել է։ Նման արվեստագետին պետք էր ճանապարհել արվեստով։ Այն երաժշտությամբ, որի ներքո նա ստեղծագործել է… Պետք էր ճանապարհել ծափահարություններով, արժանապատիվ հրաժեշտով, իր աշակերտների ներկայությամբ, նրանց շնորհակալությամբ ու խոնարհումով։ Որովհետև սա պարզապես մարդու հրաժեշտ չէր։ Սա մի ամբողջ ստեղծագործական կյանքի, մի մշակութային ճանապարհի հրաժեշտ էր։
Եվ հատկապես ցավալի է, երբ մտածում ես, թե որքան մարդիկ են տարիներ շարունակ նրա գիտելիքից, աշխատանքից ու արվեստից ստացել, բայց այսօր չկարողացան իրենց ներկայությամբ արժևորել իրենց ուսուցչի վերջին ճանապարհը։
Ես չեմ խոսում միայն մարդկանց ներկայության կամ բացակայության մասին։ Խոսում եմ վերաբերմունքի, գիտակցության, մշակութային հիշողության և արժեքների մասին։ Մշակույթը միայն բեմը չէ, միայն ներկայացումները, փառատոները կամ գեղեցիկ խոսքերը չեն։ Մշակույթը նաև այն է, թե ինչպես ենք վերաբերվում մեր մեծերին, ինչպես ենք գնահատում նրանց վաստակը և ինչպես ենք ճանապարհում նրանց։
Ժողովուրդը մեծ է ոչ միայն իր ստեղծած արվեստով, այլև իր արվեստագետների հանդեպ ունեցած վերաբերմունքով։ Մենք հաճախ ասում ենք՝ գնահատե՛ք մարդուն կենդանության օրոք։ Բայց ես կավելացնեմ՝ գնահատե՛ք նրան նաև վերջին ճանապարհին։ Թույլ մի՛ տվեք, որ նրա կյանքի մեծությունը փոքրացվի ձեր անտարբերությամբ․․․
Նորայր Մեհրաբյան, Դուք արժանի էիք արվեստագետին վայել հրաժեշտի։
Ձեր արվեստը, Ձեր աշակերտներն ու Ձեր թողած հետքը կմնան։ Իսկ այսօր մեզանից յուրաքանչյուրը պետք է մի պահ կանգ առնի ու ինքն իրեն հարց տա՝
ԻՆՉ ԱՐԺԵՔՆԵՐԸ ԵՆՔ ՄԵՆՔ ԻՐԿՆԱՆՈՒՄ պահպանում և փոխանցում հաջորդ սերունդներին…
P.S - Շնորհակալություն Ձեզ, մեծ Ուսուցիչ, մեծ Մարդ, Մարդ-Երևույթ, այն ամենի համար, ինչ տվել եք մեզ, արվեստին ու սերունդներին։
Եվ ներողություն…
ներողություն այն բանի համար, որ Ձեզ՝ նման մեծության տեր արվեստագետին, չկարողացանք ճանապարհել Ձեր վաստակին ու մեծությանն արժանի ձևով։
Ցավոք, այսօր Ձեր մեծության կողքին մեր վերաբերմունքը շատ փոքր էր…
Հանգչեք խաղաղությամբ։ Ձեր արվեստը կմնա։ Հավերժ փառք Ձեր հիշատակին», - գրել է դերասանուհի ՄԱՆՈ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ։
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ

