Մորգենշտերնի համերգը հաջողելու դեպքում `հաջորդը համալիրում ելույթ կունենա Զեյնաբ Խանլարովա՞ն
Իրավունք 30Սկանդալային ռեփեր Ալիշեր Մորգենշտերնի երեւանյան համերգների շուրջ հանրային աղմուկը կարծես չի անհանգստացնում ո՛չ ԿԳՄՍ նախարարությանը, ո՛չ էլ Մարզահամերգային համալիրի ղեկավարությանը։ Երկու կառույցներն էլ, ըստ էության, պատասխանատվությունը միմյանցից ու իրենցից հեռու են հրում՝ հասարակությանը թողնելով մեկ հարցի առաջ՝ իսկ ո՞վ է պատասխանատու, թե ինչ բովանդակությամբ միջոցառումներ են անցկացվում մայրաքաղաքում։
ԿԳՄՍ նախարարի տեղակալ ՏԻԳՐԱՆ ՎԻՐԱԲՅԱՆԸ, քաղաքացիների բողոք-դիմումներին ի պատասխան՝ գրավոր արձագանքել է, թե՝ մասնավոր նախաձեռնությամբ կազմակերպվող համերգների հարցը նախարարության իրավասությունից դուրս է։ Այսինքն՝ նախարարությունը կարծես որեւէ ասելիք չունի, նույնիսկ երբ խոսքը հասարակական լուրջ դժգոհություն առաջացրած միջոցառման մասին է։
Իսկ Մարզահամերգային համալիրի տնօրեն ԿԱՐԵՆ ՂԱԶԱՐՅԱՆՆ «Իրավունք»-ի հետ զրույցում նույնպես շտապել է տարանջատվել պատասխանատվությունից՝ նշելով, որ իրենք ընդամենը տարածք են տրամադրում եւ ծառայություն մատուցում։ Նրա խոսքով՝ եթե իրավապահ մարմիններն արգելեն միջոցառումը, իրենք այն չեն անցկացնի, իսկ սեփական նախաձեռնությամբ մերժել չեն կարող, քանի որ կարող են դատական խնդիրներ ունենալ։
Ստացվում է՝ բոլորը սպասում են, որ մեկ ուրիշը որոշի՝ ինչն է ընդունելի, ինչը՝ ոչ։ Իսկ եթե այս տրամաբանությամբ առաջնորդվենք, ապա հաջորդիվ Մարզահամերգային համալիրում կարող է հյուրընկալվել նաեւ հայ հանրությանը հայտնի ադրբեջանցի երգչուհի Զեյնաբ Խանլարովան։ Չէ՞ որ, ըստ պաշտոնյաների այս տրամաբանության, իրենք ընդամենը տարածք են տրամադրում, իսկ պատասխանատվությունը, կարծես, ոչ ոքի վրա չի ընկնում։
Հարց է առաջանում՝ իսկ պետական կառույցների պատասխանատվությունն ու հանրային շահի պաշտպանությունն այս երկրում ո՞ւմ իրավասության շրջանակներում են։
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

