Մխիթարյան, թե՞ Սուչիչ.Կիվուն դեռ վերջնական որոշում չունի Հայաստանի հավաքականում Տիկնիզյանն այլ դեմք է ցույց տալիս. հունական մամուլի դիտարկումները Մարտնչող «բարեփոխիչների» կլանը հերթական սուտն ու կեղծիքն է տարածում Ամենակարեվորն է, որ երեք առաջնորդները կարողացան նստել մեկ սեղանի շուրջ Պատահական չէ, որ Պուտինն ի ցույց դրեց «միջուկային ճամպրուկը» Զատկից հետո ներկած ձուն մեզ պետք չէ․ Շարմազանովը՝ Փաշինյանին Թքե՛ք այդ մանդատների վրա, պահել եք որ ի՞նչ․ Հայկ Բաբուխանյան «Անհաջողության ջենթլմենները» կրկին հանձնվում են Նիկոլը փորձում է Մոսկվային համոզել, թե ինքը Հայաստանը ԵՄ կազմում տեսնում է 20 տարի անց Խոշոր վթար Վանաձորի գլխավոր ճանապարհին. Տեսանյութ

«Անհաջողության ջենթլմենները» կրկին հանձնվում են

Վերլուծություն

Հայտնի «Հաջողության ջենթլմենները» ֆիլմում մի դրվագ կա, երբ հերոսները, հայտնվելով անելանելի իրավիճակում, ձեռքերը բարձրացնում են ու ասում՝ «Здаёмся!»։ Այս տեսարանն է հիշեցնում Նիկոլ Փաշինյանի վերջին օրերի քաղաքական պահվածքը՝ Ազգային ժողովում եւ կառավարության նիստից հետո լրագրողների հետ շփումների ընթացքում։ Միայն թե ֆիլմում հանձնվողները հանցավոր աշխարհի ներկայացուցիչներ էին, իսկ մեր իրականության մեջ հանձնվելու պատրաստակամությունը ցուցադրում է երկրի ղեկավարը՝ փորձելով այն ներկայացնել որպես քաղաքական համարձակություն։

«Հեռացրեք ինձ, թե չէ ես ձեզ եմ հեռացնելու», «Գնում ենք հանրաքվեի», «Ժողովուրդը չի քվեարկում՝ ես թողնում եմ, գնում եմ», «Ես ձեզ առաջարկում եմ ինձ հեռացնել»․ սրանք պետության ղեկավարի՞ խոսքեր են, թե՞ քաղաքական ներկայացման հերթական տեսարանը, որտեղ գլխավոր դերակատարը միաժամանակ մարտահրավեր է նետում, հեռանալու պատրաստակամություն հայտնում եւ պայմաններ թելադրում։

Փաշինյանի գոռգոռոցները, վիրավորանքներն ու ընդդիմության վրայով «բուլդոզերով անցնելու» սպառնալիքները քաղաքական փաստարկներ չեն։ Դրանք ուղեկցում են մի առաջարկի, որի էությունը շատ պարզ է. ընդդիմությունը պետք է համաձայնի Սահմանադրության փոփոխության գործընթացին, իսկ Փաշինյանը խոստանում է հեռանալ, եթե ժողովուրդը մերժի այն, կամ չառաջադրվել հաջորդ ընտրություններին, եթե ընդունի։

Առաջին հայացքից՝ մեծահոգի առաջարկ։ Բայց ո՞վ է առաջարկողը։ Նույն քաղաքական գործիչը, որի կառավարման տարիներին խաղաղության եւ անվտանգության բազմաթիվ խոստումներ են հնչել, իսկ երկիրը կանգնել է ծանրագույն մարտահրավերների առաջ։ Հիմա հանրությանը կրկին առաջարկվում է հավատալ նրա խոսքին։

Եթե Փաշինյանն իսկապես պատրաստ է հեռանալ, ինչո՞ւ դա պետք է պայմանավորի ընդդիմության համաձայնությամբ։ Ինչո՞ւ իր խոստմանը զուգահեռ չի առաջարկում հանրաքվեի ազատությունն ու արդարությունը, ընտրական գործընթացի նկատմամբ վստահությունը եւ քաղաքական հավասար մրցակցության իրական երաշխիքներ։

ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ՝ ՈՐՊԵՍ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՍԱԿԱՐԿՄԱՆ ԱՌԱՐԿԱ

Այս պատմության ամենազգայուն հարցը Սահմանադրության փոփոխությունն է։ Իշխանությունը պնդում է, որ դա Հայաստանի ներքին գործն է, բայց միաժամանակ ընդունում է, որ Ադրբեջանը խաղաղության համաձայնագրի ստորագրման համար պահանջում է սահմանադրական փոփոխություն։

Այստեղ հարցն ինքնին պարզ է. եթե դա բացառապես ներքին հարց է, ինչո՞ւ է դրա լուծումը կապվում Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրման հետ։ Եթե խաղաղությունը հաստատված է, ինչո՞ւ է անհրաժեշտ այդ փոփոխությունը։ Իսկ եթե պայմանագրի ստորագրումը կախված է դրանից, ապա ինչպե՞ս կարելի է պնդել, որ արտաքին պարտադրանք գոյություն չունի։

Սահմանադրությունը իշխանության հերթական քաղաքական նախագիծը չէ։ Այն պետության հիմնարար փաստաթուղթն է, եւ դրա փոփոխությունը չի կարող դառնալ արտաքին պահանջների կատարման կամ մեկ քաղաքական ուժի իշխանական հաշվարկների առարկա։

ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆ ՎԵՑ ՁԱՅՆԸ ԵՎ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԾՈՒՂԱԿԸ

Փաշինյանը ընդդիմությանը կանգնեցրել է երկընտրանքի առաջ. վեց ձայն տա՞լ, թե՞ չտալ։ Եթե տա, իշխանությունը դա կներկայացնի որպես նախաձեռնության լեգիտիմացում, եթե չտա՝ կմեղադրի խաղաղության գործընթացը խոչընդոտելու մեջ։ Այսինքն՝ իշխանությունն է թելադրում օրակարգը, իսկ ընդդիմությունը շարունակում է արձագանքել։

Բայց ի՞նչ է անում ընդդիմությունը՝ բացի մարդկանց իրազեկելուց, լսումներ կազմակերպելուց եւ հայտարարություններ տարածելուց։ Եթե համոզված է, որ սահմանադրական փոփոխությունը վտանգ է Հայաստանի ինքնիշխանության համար, ապա ո՞րն է դրա դեմ պայքարի հստակ ծրագիրը։ Իրազեկված քաղաքացին նորից իրազեկվելու կարիք չունի։ Նա ուզում է հասկանալ՝ ի՞նչ է պատրաստվում անել մանդատավոր ընդդիմությունը, որին գործուղել է խորհրդարան։ Հանրահավա՞ք, քաղաքական համախմբո՞ւմ, հետեւողական պայքա՞ր։ Թե՞ հերթական անգամ սահմանափակվելու են հայտարարություններով եւ փոդքաստներով։

Ո՞Վ Է ԻՐԱԿԱՆՈՒՄ ՀԱՆՁՆՎՈՒՄ

Ամենաուշագրավն այն է, որ իշխանության ղեկավարը, որը տարիներ շարունակ ընդդիմությանը ներկայացրել է որպես անընդունակ եւ անգործունակ ուժ, հիմա հենց նրան է հրավիրում իրեն հեռացնելու։ Եթե իշխանությունն այդքան վստահ է սեփական լեգիտիմության եւ հանրային աջակցության հարցում, ինչու են անընդհատ ընդդիմությանը հորդորում իրենց հեռացնել։

Իսկ ընդդիմությունը պետք է հասկանա, որ իր առաքելությունը Փաշինյան Նիկոլի յուրաքանչյուր գոռոցին պատասխանելը չէ։ Քաղաքականությունը ոչ թե վիրավորանքների փոխանակում է, այլ օրակարգ, ծրագիր եւ հետեւողական գործողություն։ Հակառակ դեպքում նույն ներկայացումը շարունակվելու է. Փաշինյանը նոր երկընտրանք է ստեղծելու, ընդդիմությունը՝ հերթական լսումն ու հայտարարությունը կազմակերպելու, իսկ երկրի ապագան մնալու է քաղաքական այս անվերջ շրջապտույտի պատանդը։

«Հաջողության ջենթլմենները» գոնե գիտեին, թե երբ պետք է ձեռքերը բարձրացնել ու ասել՝ «Здаёмся!»։ Իսկ մեր քաղաքական իրականության մեջ դեռ պարզ չէ՝ ով ում է հանձնվում, բայց մի բան ակնհայտ է. Հայաստանի պետական շահը չպետք է դառնա ո՛չ իշխանության, ո՛չ ընդդիմության քաղաքական խաղերի զոհը։

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ