Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Արթուր Ֆարմանյան
Հանդիպում«Իրավունք TV»-ի տաղավարում հյուրընկալել ենք Հայաստանի Ժողովրդական կոմունիստական կուսակցության առաջին քարտուղար ԱՐԹՈՒՐ ՖԱՐՄԱՆՅԱՆԻՆ:
— Պարոն Ֆարմանյան, Ձեր գնահատմամբ՝ ինչո՞վ է զբաղված առհասարակ խորհրդարանական ընդդիմությունը:
— Ընտրություններից հետո «Ուժեղ Հայաստան»-ը «Տաշիր Արենա»-յում հավաքեց իր ժողովրդին։ Մոտ 2000-ից ավելի մարդ կար։ Հարցուփորձ էին անում՝ վերցնո՞ւմ եք մանդատները, թե՞ ոչ։ Առաջին հարց տվողներից մեկը եղել է ձեր խոնարհ ծառան։ Ես ասացի՝ դուք վստա՞հ եք, որ ձեր թիմից չեն լինի մարդիկ, որոնք կանցնեն Նիկոլ Փաշինյանի դաշտը, քանի որ սահմանադրական մեծամասնություն ունենալու համար նրան 6-7 ձայն է պակասում։ Իսկ մեր դառը փորձից՝ հայ ժողովրդի պատմությունից, գիտենք, որ այս դաշտից մարդիկ իրենց անկախ պատգամավոր են հայտարարում եւ անցնում մյուս կողմը։ Բայց ես հարցը մեկ այլ մոտիվացիայով ներկայացրի։ Նիկոլ Փաշինյանը սահմաններ չունեցող մարդ է։ Նա կարող է շանտաժի ենթարկել երեխայով, ընտանիքով, ծնողով։ Ամեն քայլի ընդունակ մարդ է։ Հարցրեցի՝ դուք պատրա՞ստ եք այդ ամենին: Նարեկ Կարապետյանը վստահ պատասխանեց, որ դեռ իրենք ՔՊ-ից 9-10 հոգու են բերելու։
Երբ արդեն տեսախցիկներն անջատվել էին, ես ասացի՝ խորհրդանշական չէ՞, որ մենք կրկեսում ենք հավաքված։ Միգուցե 2021 թվականից հետո, երբ հայ ժողովուրդը կրկես էր տեսնում, այս անգամ այդ կրկեսն ավելի բարդ եւ գեղեցիկ բեմադրություն կունենա։ Նրանք չարձագանքեցին իմ ասածին՝ ընդունելով որպես կատակ։ Բայց հետո ձեր կոլեգա լրագրողները հարցրին Էդգար Ղազարյանին՝ պատրա՞ստ եք բոքսի, պայքարի եւ նման այլ գործողությունների։ Նա պատասխանեց, որ՝ ոչ, ինքը շաշկի է սիրում, լող եւ այլն։ Հասկանո՞ւմ եք՝ սա ի՞նչ է նշանակում։ Այսօր թե՛ իշխանության, թե՛ ընդդիմության իրականացրած կապիկ-շոուն, միմյանց ծեծուջարդի ենթարկվելով եւ ամբողջ աշխարհով խայտառակ լինելով՝ ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում։
— Իսկ Դուք , որպես ընդդիմություն՝ ինչպե՞ս կավարվեիք:
— Նախ մենք ապրիլի 21-ին հայտարարեցինք, որ չենք մասնակցում այդ շոուին։ Ինչո՞ւ Հայաստանի ժողովրդական կոմունիստական կուսակցությունը, չլինելով Խորհրդային Միության կոմունիստների կուսակցություն, այլ լինելով նոր ձեւավորված ֆորմատի՝ հայկական ժողովրդական կոմունիզմի կրողը, որոշեց չմասնակցել։ Մեր գաղափարախոսությունը որոշ առումներով նման է չինական կոմունիզմին։ Բոլորն էլ գիտեն, որ Չինաստանը կոմունիստական երկիր է։ Մենք Հայաստանի մասշտաբով ունենք նույն գաղափարախոսությունը՝ հաշվի առնելով հայկական մենթալիտետը, ավանդականությունը եւ հայ ժողովրդի ավանդույթները։ Մենք չմասնակցեցինք, քանի որ ժողովուրդը, ցավոք, դեռեւս որոշակի կարծրատիպերի ազդեցության տակ է։ Շատերի մոտ «կոմունիստ», «բոլշեւիկ» բառերը բացասական ընկալում ունեն։ 35-36 տարվա ընթացքում սերմանել են այն միտքը, թե կորցրած տարածքների համար մեղավոր են բոլշեւիկները։ Բայց արդեն 36 տարի է՝ կոմունիստները, առանց մեկ կրակոցի, իշխանությունը հանձնեցին, իսկ սրանք, բացի հանձնելուց, ուրիշ բան չեն անում։ Այստեղ էլ հո բոլշևիկները մեղավոր չեն։ Մենք դրա համար հայտարարեցինք, որ այդ շոուին չենք մասնակցում, որպեսզի եւս մեկ անգամ չասեն, թե կոմունիստները փոշիացրեցին ձայները կամ խանգարեցին։
Հիմա պատկերացնենք՝ եթե մենք մասնակցեինք ընտրություններին, եւ ժողովուրդը մեզ վստահություն տար, իսկ մենք տեսնեինք իշխանության կատարած խարդախությունները, այդ թվում՝ Գագիկ Ծառուկյանի հետ կապված դեպքը, երբ նրանից ձայներ խլեցին։ Անկեղծ եմ ասում, ես անձամբ ծանոթ չեմ Գագիկ Ծառուկյանի հետ, բայց արդար չէ մարդուց ձայներ խլել, նրա նկատմամբ նման գործողություններ իրականացնել։ Որպես հայ մարդ՝ ասում եմ՝ մարդուց գողանալ, հետո էլ նրան նստեցնել։ Էլ ի՞նչ վրեժխնդրության մասին կարող ենք խոսել։ Վերջին ցավոտ վատությունն էլ արեցին՝ կենդանուն սպանեցին։ Հասկանո՞ւմ եք՝ ինչի մասին է խոսքը։ Իսկ հիմա պայմանական պատկերացնենք, որ մենք անցել ենք խորհրդարան։ Մենք չէինք վերցնի մանդատները։ Ես կդիմեի ազգիս եւ կասեի՝ ինձանից չեն գողացել, ձեր ձայներն են տարել։ Իսկ մեր հայ մարդը չի սիրում, երբ իրենից ինչ-որ բան են խլում։ Ուզո՞ւմ եք՝ եկեք, ձեր հաղթանակին տեր կանգնեք։ Եթե ժողովուրդը դուրս գար փողոց, ապա պետք էր պայքարել օրենքի սահմաններում։ Ինչպես Նիկոլ Փաշինյանն էր ասում՝ եթե հրապարակը լցվի, ես հրաժարական կտամ։ Մենք թող լցնեինք հրապարակը, իսկ ինքը թող հրաժարական չտար։ Այդ դեպքում, ի տարբերություն Սամվել Կարապետյանի՝ Հայաստանի ժողովրդական կոմունիստական կուսակցությունը կունենար պլան Բ՝ չարաբաստիկ պլան Բ-ն, որը, ինչպես իրենք չեն հերքում, չունեն։
«ԿԱՆՑՆԻ 30 ՏԱՐԻ, ՀԱՅԵՐԸ ՓՈՔՐԱՄԱՍՆՈՒԹՅՈՒՆ ԿԼԻՆԵՆՔ ՀՀ ԽՈՐՀՐԴԱՐԱՆՈՒՄ»
— Այնուհանդերձ, Դուք խոսեցիք Սահմանադրությունից եւ շատ կարեւոր է նկատել, որ ՔՊ-ականները հայտարարում են, որ ընդդիմությունը դեռեւս չի ուսումնասիրել Սահմանադրությունը, չի կարդացել այն եւ տեղեկացված չէ բովանդակությունից, բայց արդեն մերժում է։ Սրան ի՞նչ մեկնաբանություն կտաք։
— Իշխանությանը մի հարց եմ ուզում տալ։ Դուք մարտ ամսին պետք է ներկայացնեիք տեքստը՝ նախագիծը։ Մենք՝ որպես ընդդիմադիր ուժ, եւ ոչ միայն ընդդիմադիր ուժ, այլեւ ձախ ընդդիմադիր ուժ, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ, ուզում ենք հարցնել Նիկոլ Փաշինյանին. Նիկոլ ջան, դու էիր գոռում, որ մենք ենք տերը մեր երկրի, էլ չեմ ուզում հիշեցնել քո մյուս կարգախոսները, բայց դու քաղաքացուն ասել ես, որ գաղտնիքներ չունես։ Մինչեւ ընդդիմությանը ցույց տալը՝ հրապարակիր այդ տեքստը, որպեսզի ՀՀ քաղաքացին, այն «հպարտ քաղաքացին», որի մասին դու խոսում ես, ծանոթանա դրան։ Եթե այնտեղ ալիեւյան Սահմանադրություն չկա, հրապարակի՛ր։ Քո ժողովուրդն այսօր մեծամասնություն է, եւ եթե ամեն ինչ այդպես է, ապա ընդդիմադիրներին իրենց տեղը ցույց կտան։ Այդ հարցը կհանվի օրակարգից։ Ինչո՞ւ չես հրապարակում։
Երկրորդը, ես չեմ հետեւում, թե ով ինչ է ասում։ Ես միշտ հետեւում եմ, թե ինչ է ասում Նիկոլ Փաշինյանը։ Բայց ես նրա ասածների միայն բառերը չեմ լսում, այլեւ տողատակերն եմ կարդում։ Նիկոլ Փաշինյանն ասաց՝ Խորհրդային Միությունը հայրենիք էր, իսկ Հայաստանը պետություն է։ Ի՞նչ է նշանակում հայրենիք եւ պետություն։ Այսինքն՝ այս մարդու պատկերացմամբ՝ կարող է մի ժամանակ գալ, երբ մեր պետությունը դառնա այնպիսին, ինչպիսին Ամերիկան է, որտեղ մարդիկ ունեն պետություն, որում ապրում են, բայց չունեն հայրենիք։ ՔՊ-ականներն այս ամենը փոխելով՝ չհաշված այն, որ այստեղ ալիեւյան ծրագրեր կան, ուզում են Հայաստանի Հանրապետությունը դարձնել մի պետություն, որտեղ, համոզված եմ, եթե իրենք մնան, 30 տարվա ընթացքում մենք կխոսենք, ինչու ոչ, պակիստանցիների, հնդիկների, թուրքերի լեզվով։ Քանի որ դրանք ճագարի պես բազմացող ժողովուրդներ են, իսկ մենք մեկ երեխա ենք ունենում: Կանցնի 30 տարի, մենք փոքրամասնություն կլինենք, եւ Հայաստանի Հանրապետության խորհրդարանում, ամբողջ հարգանքով մեր եղբայրական եզդի ժողովրդի նկատմամբ, ինչպես այսօր այնտեղ երկու եզդի պատգամավոր կա, գուցե երկու հայ էլ լինի ՀՀ խորհրդարանում։
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՄԱՐ ԱՅԼ ԴԱՇՆԱԿԻՑ ՉԵՄ ՏԵՍՆՈՒՄ, ԲԱՑԻ ՉԻՆԱՍՏԱՆԻՑ ԵՎ ՌԴ-ԻՑ»
— Ձեր օրակարգում, որպես Հայաստանի ժողովրդական կոմունիստական կուսակցության ղեկավարի, Արցախի հարցն ինչպե՞ս է դրված։
— Արցախը, Հայաստան է եւ վերջ։ Միակ սարսափելի բանը, որ ասում եմ, այն է, որ շատ մարդիկ գուցե համաձայն չլինեն ինձ հետ։ Մենք մի շատ հիանալի երգն ունենք՝ «սրով լինի, թրով լինի... » եւ ես հասկանում եմ, որ Ալիեւի դուռը ծեծենք ու խնդրենք՝ վերադարձրեք մեր Արցախը, նա չի վերադարձնելու։ Ինչ-որ միջոցներ են պետք։ Իսկ միջոցները ես տեսնում եմ հետեւյալ կերպ․ ուշ թե շուտ Ադրբեջանի հետ դեմ առ դեմ կանգնելու ենք։ Կեղծ խաղաղության օրակարգին մի՛ հավատացեք։ Դրա համար կա այն դաշնակիցը, որը դարերով եղել է՝ Ռուսաստանի Դաշնությունը։ Ես Հայաստանի Հանրապետության համար այլ դաշնակից չեմ տեսնում, բացի Չինաստանից եւ Ռուսաստանի Դաշնությունից։ Մնացածի հետ պետք է պահպանել բարեհամբույր հարաբերություններ՝ ելնելով Հայաստանի Հանրապետության շահերից։
— Ի դեպ, Ռուսաստանի հետ կապված՝ այն սահմանափակումները, որոնք ՌԴ-ն վերջերս կիրառեց Հայաստանի Հանրապետության նկատմամբ, ի՞նչ եք կարծում՝ այսքանո՞վ կսահմանափակվենք, թե՞ դեռ կհասնենք գազի եւ այլ ոլորտների հարցերին։
— Տեսեք, կա՛մ այս մարդիկ ճանաչում են ռուս ազգին, կա՛մ ընդհանրապես չեն ճանաչում։ Եկեք շատ խորը չգնանք, վերլուծենք նոյեմբերի 11-ի իրադարձությունները։ Ամսի 11-ին Նիկոլ Փաշինյանին անհամբեր սպասում էին Մոսկվայում՝ ՀԱՊԿ գագաթնաժողովին։ Բայց Նիկոլ Փաշինյանն ի՞նչ է անում․ գնում է բանանի հետեւից՝ Թուրքիա՝ Էրդողանի մոտ։ Մի պահ պատկերացրեք, ասենք թե մենք սպասում ենք ինչ-որ ազգի ներկայացուցչի, որի հետ պետք է հարցեր քննարկենք, իսկ այդ մարդը գնում է հակառակ դաշտ։ Մենք ինչպե՞ս կվարվենք։ Ձեր ցավը տանեմ, ռուսը քեզ պարտական չէ, ռուսը քո պապան չէ, որ դու իրենից նեղացած երեխայի նման քեզ պահես։ Վերաբերմունքդ ցույց տուր եւ արժանապատիվ պատասխան ստացիր։
Շատերը կասեն՝ Արցախը հանձնեցին։ Բայց Արցախը առաջինը մենք հանձնեցինք։ Արցախի հայաթափման ժամանակ տվյալ կառավարությունն ասաց՝ մենք գործ չունենք։ Կարո՞ղ է սուտ եմ ասում։ Մենք թողեցինք արցախահայությանը, իսկ հետո ասում ենք՝ ռուսներն ինչո՞ւ չօգնեցին։ Ռուսն ի՞նչ անի։ Երբ դու եկար իշխանության, Նիկոլ Փաշինյա՛ն, ժողովրդավար, հայոց ամենայն վարչապետ, դու ո՞վ էիր, որ Պուտինը ինքնաթիռից իջներ, իսկ դու նրան չդիմավորեիր։ Եկեք հիշենք՝ ամեն ինչ սկսվեց հենց այդտեղից:
ՆԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ
