Սահմանադրագետները լռում են
ՆերքաղաքականՆոր Սահմանադրության նախագծի հրապարակումը թվում էր, թե պետք է դառնա հանրային եւ մասնագիտական ամենաբուռն քննարկումների առիթ։ Սակայն, 2026 թվականի նոյեմբերի 23-ի առավոտյան Նիկոլ Փաշինյանի կողմից տեքստի ներկայացումից հետո ականատես ենք լինում մի տարօրինակ իրավիճակի. սահմանադրագետների ճնշող մեծամասնությունը կա՛մ «անհասանելի» են, կա՛մ՝ «խիստ զբաղված»։
«Իրավունք»-ը փորձեց կապ հաստատել Սահմանադրական դատարանի նախկին դատավոր, փաստաբան ԱԼՎԻՆԱ ԳՅՈՒԼՈՒՄՅԱՆԻ հետ՝ նոր Սահմանադրության վերաբերյալ մի քանի հարցերի շուրջ քննարկում անցկացնելու նպատակով։ Ցավոք, վերջինս պատասխանեց, որ դեռ չի ուսումնասիրել Սահմանադրությունը եւ մինչեւ վաղը չի կարող պատասխանել հարցերի՝ ի դեպ, շեշտելով, որ արդեն 8-րդ լրագրողն է, որին մերժում է։
Այնուհետեւ փորձեցինք կապ հաստատել սահմանադրագետ, միջազգային իրավունքի մասնագետ ՎԱՐԴԱՆ ՊՈՂՈՍՅԱՆԻ հետ, սակայն կրկին ստացանք մերժողական պատասխան, որ մինչեւ վաղը նա եւս խիստ զբաղված է։
Ինչեւէ, այս իրավիճակը մի շարք հարցեր է առաջացնում մասնագիտական շրջանակների դերի եւ պատասխանատվության վերաբերյալ։ Նախագծի հրապարակման օրն անակնկալ չէր. դրա մասին պաշտոնապես հայտարարվել էր դեռեւս նոյեմբերի 20-ին։ Ավելին, Սահմանադրական բարեփոխումների խորհուրդը նոյեմբերի 12-ին եւ 13-ին արդեն իսկ քննարկումներ էր անցկացրել։ Հետեւաբար, մասնագիտական համայնքը բավարար ժամանակ ուներ նախապատրաստվելու եւ հրապարակման առաջին իսկ ժամերից հանրությանը մատչելի բացատրություններ տալու համար։ Ինչպես ասում են՝ «Будем искать...»։
ՆԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ
