Երբեմն ամենաուժեղ դիմադրությունը տեղում կանգնելն ու չզիջելն է․ Քրիստինե Վարդանյան
ՆերքաղաքականՔՊ-ի նոր, իսկ ընդդիմության գնահատմամբ՝ ալիեւյան Սահմանադրության նախագծի հրապարակումից հետո քաղաքական դաշտում թեժ քննարկումներ են սկսվել։ «Իրավունք»-ը զրուցել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր ՔՐԻՍՏԻՆԵ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ հետ՝ պարզելու, թե ինչ քայլեր է ձեռնարկելու խորհրդարանական ընդդիմությունը:
— Ինչպես տեսանք, նոր Սահմանադրության նախագիծը հրապարակվեց։ Այն արդեն բովանդակային քննարկման առարկա է դարձել։ Խորհրդարանական ընդդիմությունը՝ ի դեմս Ձեր խմբակցության, ինչպիսի՞ քայլեր են պատրաստվում անել։
— Ընդդիմադիր ուժերը՝ ի դեմս մեր խմբակցության, պատրաստվում են մնալ այն դիրքում, որի մասին հայտարարել են, եւ չնահանջել այդտեղից։ Քայլեր անողը մենք չենք. քայլեր անողը խնդիր ունեցող իշխանությունն է։ Ինքը պիտի հասկանա, թե ինչ է անում այն պարագայում, երբ չունի բավարար ձայներ՝ իրականացնելու այն ծրագիրը, որն ուզում է։ Այստեղ խնդիրը իշխանության դաշտում է։ Երբեմն ամենաուժեղ դիմադրությունը պարզապես տեղում կանգնելն ու չզիջելն է։ Մենք պատրաստվում ենք անել հենց դա։
— Տիկի՛ն Վարդանյան, խոսքն ընդդիմությունից ակնկալվող 6 ձայնի մասին է։ Ի՞նչ եք կարծում՝ այդ 6 ձայնի խնդիրը ինչպե՞ս կփորձի լուծել իշխանությունը։
— Չգիտեմ, դա իշխանությանը պետք է հարցնել։ Կարծում եմ՝ չի լուծվի։ Չէ, չեմ տեսնում լուծվելու տարբերակ։
— Տեսե՛ք, ստացվում է, որ Փաշինյանը հիմա օրակարգ է թելադրում, եւ ակամայից բոլորը քննարկում են այդ նախագծի բովանդակությունը։ Հարցը հետեւյալն է՝ մարդիկ հոդված առ հոդված քննարկում են, գրառումներ են անում, բայց որեւիցե հստակ քայլի քննարկում չի լինում...
— Ներողություն, հարցը մի քիչ չհասկացա։ Այսինքն՝ ի՞նչն է խնդիրը, որ քննարկում ենք։ Ընդդիմությունը հիմա, տեքստը ձեռքի տակ ունենալով, փաստերով ներկայացնում է, որ սա Հայաստանի քաղաքացու համար ոչ մի խնդիր չլուծող փաստաթուղթ է, եւ միակ իր արժեքը, փաստորեն, Ալիեւի պահանջը կատարելն է։ Նաեւ ցույց է տալիս, որ բացի Ալիեւի պահանջից, սա նաեւ փաշինյանական փաստաթուղթ է, որովհետեւ բռնապետական բոլոր պատկերացումներն այստեղ նույնպես տեղ են գտել։ Հիմա սրա խնդիրը ո՞րն է, չեմ հասկանում։
ՆԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ