Յունիբանկն ըմբիշներին հանձնել է դրամական պարգևներ և պրեմիում քարտեր
ՏնտեսությունՅունիբանկը հյուրընկալել է Հայաստանի ըմբշամարտի հավաքականի մարզիկներին ու մարզիչներին և շնորհավորել նրանց Աստանայում կայացած աշխարհի առաջնությունում գրանցած հաջողությունների առթիվ։ Հանդիպման ընթացքում Բանկը նրանց հանձնել է Mastercard World Travel պրեմիում քարտեր՝ դրամական պարգևներով։
Յունիբանկն ու Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան երկար տարիներ համագործակցում են։ Որպես ֆեդերացիայի գլխավոր հովանավոր՝ Բանկն աջակցում է հայկական ըմբշամարտի զարգացմանն ու մարզիկների մասնագիտական աճին։
«Մենք երկրպագում ենք մեր ըմբիշներին ու հպարտանում նրանց յուրաքանչյուր հաղթանակով։ Մարզիկների ու մարզիչների հետ շփումն օգնում է մեզ հասկանալ, թե ինչի կարիք ունի հավաքականը և ինչպես կարող ենք օգտակար լինել։ Օլիմպիական խաղերին ընդառաջ մեզ համար հատկապես կարևոր է, որ մեր ըմբիշները լիարժեք պատրաստվելու բոլոր պայմաններն ունենան», – նշեց Յունիբանկի վարչության նախագահի առաջին տեղակալ, մանրածախ բիզնեսի զարգացման և վաճառքների տնօրեն Գուրգեն Ղուկասյանը։
«Յունիբանկը մեր ըմբշամարտի ֆեդերացիայի և անձամբ իմ կողքին է։ Սա մեծ աջակցություն է մեզ համար, որպեսզի կարողանանք լավ հանդես գալ առաջիկա մրցաշարերում։ Մարզիկին մնում է կենտրոնանալ մարզումների վրա և մեդալներ նվաճել մեր երկրի համար», – ասաց աշխարհի և Եվրոպայի չեմպիոն, Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Մալխաս Ամոյանը։
Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Արայիկ Բաղդադյանի խոսքով՝ Յունիբանկը մեծ աջակցություն է ցուցաբերում ըմբշամարտի զարգացմանը, ինչի մասին վկայում են նաև մարզիկների գրանցած արդյունքները։ Վերջին տարիներին աշխարհի յուրաքանչյուր առաջնությունում Հայաստանի հավաքականը ունեցել է և՛ չեմպիոններ, և՛ մրցանակակիրներ։ Նրա խոսքով՝ նման հովանավորի աջակցությունը մեծ խթան է ըմբշամարտի ֆեդերացիայի համար։
Mastercard World Travel քարտերի արտոնություններն ավելի հարմարավետ կդարձնեն մարզիկների ու մարզիչների միջազգային ուղևորությունները։ Քարտապանները կարող են տարեկան վեց անգամ անվճար օգտվել օդանավակայանների բիզնես սրահներից և Fast Track ծառայությունից։ Փաթեթը ներառում է նաև ինտերնետ ռոումինգ և շուրջօրյա կոնսիերժ ծառայություն։
«Mastercard-ի համար մեծ պատիվ է աջակցել այն մարդկանց, ովքեր իրենց աշխատանքով, տաղանդով, համառությամբ, կամքով ու նվիրվածությամբ ներկայացնում են Հայաստանը միջազգային մրցասպարեզում և մեդալներ նվաճում», – նշեց Հայաստանում Mastercard-ի ներկայացուցիչ Արսենյա Էլչյանը։
«Երբ վերադառնում ես հայրենիք ու տեսնում, որ մարդիկ գնահատում են աշխատանքդ և ուրախ են քեզ համար, հասկանում ես, որ ջանքերդ իզուր չեն անցել», – հավելեց աշխարհի չեմպիոն Կարեն Ասլանյանը։
«Յունիսպորտ» ակումբի տնօրեն Դավիթ Խաչատրյանը նշեց, որ միջազգային մրցումներում հաջող ելույթից հետո հայրենիք վերադարձող յուրաքանչյուր մարզիկ պետք է արժանանա պատշաճ ուշադրության, իսկ այդ գործում կարևոր դեր ունեն մարզիկներին հովանավորող կազմակերպությունները։
Յունիբանկը նախատեսում է առաջիկայում ընդլայնել համագործակցությունը Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի հետ՝ շարունակելով աջակցել հայկական ըմբշամարտի զարգացմանը և 2028 թվականի Լոս Անջելեսի Օլիմպիական խաղերին ընդառաջ մարզիկների նախապատրաստությանը։
