Պատահական չէ Փաշինյանի մոսկովյան այցի շեմին ԹՐԻՓՓ «կառուցելը»
ՄիջազգայինՉինական Շենժենում կայացած երեք առաջնորդների` Պուտինի, Թրամփի եւ Սիի հանդիպման ոչ միայն էֆեկտը, այլ նաեւ իմաստն այս օրերին գլոբալիստական թեւը փորձում է ակտիվորեն նվազեցնել: Այն իմաստը տալով, թե` ինչ կա որ, հանդիպում էր, անցավ–գնաց, դրանից բան չի փոխվելու:
ԻՐԱՆԻ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆԸ ՌԴ—Ի ՀԱՄԱՐ ՄՆՈՒՄ Է ՀԻՄՆԱԿԱՆ
Գլոբալիստական այդ նոր քարոզչական տրյուկը կարելի է հասկանալ. եթե չստացվեց հանդիպումը ձախողել, ապա հենց դա` այն աննշան ներկայացնելն է մնում:
Բայց մյուս կողմից էլ ասել, թե Շենժենում բոլոր հարցերի պատասխանները երեք առաջնորդները կարողացան տալ, դա էլ տեղին չէ: Հակասությունները երեք երկրների միջեւ շատ են, ունեն կիսելու շատ բան: Վերջապես, իրողությունն այն է, որ եթե մի շարք պարամետրերով, ասենք` միջուկային մարտագլխիկների քանակով, ռեսուրսների հսկա ծավալներով Ռուսաստանն այդ սեղանի շուրջ նստելու իրավունք ուներ, բայց միաժամանակ այլ պարամետրերի մասով դեռ պետք է կարողանա հիմնավորել, որ ի զորու է ոչ միայն այդ սեղանի մոտ երրորդ աթոռը զբաղեցնել, այլ նաեւ` այն պահել: Իսկ դա մեր ժամանակներում միայն կոշտ ուժով անելը հնարավոր չէ, երեք մասի բաժանվող աշխարհի սեգմենտներից մեկը վերահսկելու համար նաեւ այլ հիմքեր են պետք` տնտեսություն, քաղաքական համապատասխան կոշտություն, ներքին կարգապահություն, համապետական մոտիվացիա եւ այդպես շարունակ: Եվ, բնական է, որ Շենժենից հետո հենց այդ հարցն է դառնում առաջնային` ինչ փոփոխությունների է պատրաստ կամ կարող է գնալ Ռուսաստանը, նաեւ հիշատակված պարամետրերի առումով այդ նոր դիրքը պահելու համար:
Ու առաջին հերթին` ինչ կարգի եւ սահմաններով աշխարհաքաղաքական վերահսկողության հայտ է պատրաստվում ներկայացնել Մոսկվան, որտեղից է սկսելու եւ որտեղ պետք է կանգ առնի: Այստեղ, իհարկե, պարզ ճշմարտությունից չես խուսափի. Մոսկվան մեկ տարբերակ ունի, սկսել կշիռը վերականգնել այն ուղղություններում, որոնք ժամանակին իր վերահսկողության տակ էին: Բնականաբար, խոսքն առաջին հերթին հետխորհրդային տիրույթի մասին է, որը մասնակի տարբերակով այսօր վերացվել է ԱՊՀ–ի:
Ասենք, Մոսկվայում եւս հասկանում են, որ հենց ԱՊՀ–ի վրա է, որ պետք է նախնական շեշտը դնել: Հաշվի առնելով, որ այլ ռուսական ինտեգրացիոն մեխանիզմները` ԵԱՏՄ–ն, ՀԱՊԿ–ն իրենց հերթին են ԱՊՀ–ի ավելի փոքր ծավալը զբաղեցնում:
Այս առումով Կրեմլից ոչ հեռու գտնվող փորձագիտական աղբյուրն էլ իր հերթին է կարծում, որ ներկա աշխարհաքաղաքական հաջողությունները, որոնք ձեռք բերեց Մոսկվան, պահաջում են առաջին հերթին կտրուկ բարձրացնել ռուսական քաղաքականության էֆեկտիվությունը եւ առաջնային` հենց ԱՊՀ ուղղությամբ: Աղբյուրի գնահատմամբ. «Կրեմլի արտաքին քաղաքականության նախագծերը պահանջում են խորը վերանայում՝ համաշխարհային քաղաքականության փոփոխությունների ֆոնին։ Առաջին հերթին անհրաժեշտ է ապահովել բավարար ռեսուրսների աջակցություն»։ Հաշվի առնելով, որ ստարտային պատկերն այնքան էլ ուրախացնող չէ Մոսկվայի համար: Այդ թվում. «Կենտրոնական Ասիան աստիճանաբար ընկնում է երրորդ երկրների տեղեկատվական, քաղաքական, տեխնոլոգիական եւ տնտեսական ազդեցության տակ։ Պանթուրքիզմը ակնհայտորեն ավելի ու ավելի մեծ դեր է խաղում քաղաքականության եւ մշակույթի մեջ»: Դրանից զատ, ռուսական դիրքերը միանգամայն թույլ են նաեւ հարավկովկասյան տիրույթում, իսկ արեւմտյան ուղղությամբ կա տարիներով ձգվող ուկրաինական հակամարտությունը:
Վիճակը, ըստ աղբյուրի, ավելի է բարդանում նաեւ նրանով, որ բացի պանթյուրքիզմից, Ռուսաստանն իր երբեմնի ազդեցության գոտիներում դիրքերը վերականգնելու այլ խնդիրներ եւս ունի: Այդ թվում` ժամանակակից աշխարհում առաջատար են դարձել տեխնոլոգիական ուղղությունները, եւ Չինաստանն էլ ներկա պահին դառնում է մասնավորապեսԿենտրոնական Ասիայի համար արտադրանքի շուկան եւ հիմնական ներդրողը։ Այն դեպքում, երբ ռուսական արտադրական ուղղությունը մինչ այս աչքի է ընկել հիմնականում անհատույց վարկերի եւ զենքի ու այլ արժեքավոր հումքատեսակների մատակարարի տեսքով, ներկա տեխնոլոգիական աշխարհում սպառում է իր էֆեկտիվությունը։ Ավելին, ուկրաինական պատերազմի պատճառով այն տնտեսական վիճակում չէ, որ կոպեկներով շարունակի այդ ամենը մատակարարել:
Վերջապես փորձագիտական աղբյուրը հիշեցնում է նաեւ, որ եթե անգամ հետխորհրդային տարածքում Ռուսաստանը որոշակի տնտեսական գերիշխանություն շարունակի պահպանել, մեկ է` այդ տիրույթի պոտենցիալը բավարար չէ համաշխարհային տնտեսությունում մասնաբաժինը տեսանելիորեն մեծացնելու համար. մասշտաբը չնչին է թռիչքային աճի մեջ գտնվող Արեւելյան Ասիայի համեմատ։ Ընդ որում, եթե ժամանակին կարող էր խաղալ Եվրոպայի եւ Ասիայի հակասությունների վրա, ապա հիմա եվրոպական շուկաների կորուստը լրջորեն ազդել է ռուսական աշխարհատնտեսական հնարավորությունների վրա։ Այսինքն, որքան էլ որ այս փուլում Ռուսաստանը փորձում է շեշտադրում անել գլոբալ Հարավի ուղղությամբ տնտեսական հետագա զարգացումների վրա, մեկ է` «Ակնհայտ է, որ գլոբալ Հարավում Չինաստանի եւ Հնդկաստանի հետ մրցակցելը մեզ համար չափազանց դժվար կլինի»,– կածրում է փորձագետը:
Բայց մեկ է, նաեւ գնահատելով, որ այլ տարբերակ պարզապես Մոսկվային չի մնում: Առավել հարմար կլիներ եվրոպական ուղղությունը, բայց այն փակ է: Արեւելյան Ասիայում էլ կա սուր մրցակցության խնդիր: Եվ նման իրավիճակում մնում է միայն հիմնական շեշտը դնել Իրան–Հնդկաստան ուղղության վրա:
TRIPP ՇՈՈՒԻ ԵՐԿՐՈՐԴ ԱՐԱՐԸ
Նշված տրամաբանությունից ելնելով, իհարկե, պատահական չէ, որ Մոսկվայի փաստացի կուրսը ներկա փուլում ուղղված է հենց Իրանի շեշտադրմամբ` Հնդկաստան–Աֆրիկա հետագա շարժի դիտարկմամբ: Ըստ այդմ էլ, շենժենյան գործընթացներից հետո պետք է որ Մոսկվան իր աշխարհաքաղաքական դիրքերի զարգացման համար էլ ավելի ակտիվացնի իրանական ուղղությունը, ինչը, բնականաբար, ենթադրում է նաեւ հարավկովկասյան ուղղությամբ սպասվող ակտիվացման մասին` որպես դեպի Իրան հիմնական լոգիստիկ ելքի:
Այս իմաստով, թերեւս, պատահական չէր նաեւ, որ ներկա փուլում շոուի աստիճանի հասնող ճոխությամբ ներկայացվեց, թե տրված է TRIPP նախագծի գործնական փուլի մեկնարկ: «Մենք մեկնարկում ենք անկախությունից ի վեր Հայաստանի խոշորագույն տնտեսական ծրագրի աշխատանքները...»,– հպարտորեն հայտարարեց Փաշինյանը, թեեւ նորից առանց բացատրության, թե ընդամենը Ադրբեջանից Նախիջեւան տանող եւ իր պայմանագրային տեսքով Հայաստանի չնչին եկամուտներ խոստացող այդ ծրագիրն ինչով է հավակնում «խոշորագույն» լինել:
Հնչեց նաեւ Թրամփի խոսքը, ով նախ շնորհավորեց իր «ընկերոջը՝ վարչապետ Փաշինյանին», ապա ավելացնելով` «Միացյալ Նահանգների եւ Հայաստանի միջեւ այս գործընկերությունը կստեղծի նոր առեւտրային ուղիներ ողջ տարածաշրջանում ապրանքների եւ էներգետիկ հոսքերի, ինչպես նաեւ ճանապարհորդությունների համար»: Ընդ որում, միանգամայն անհասկանալի է մնում, թե որ տարածաշրջանի մասին է խոսքը` Ադրբեջանից` Հայաստանով Թուրքիայի՞, թե՞ ակնարկում է, որ այն կդառնա դեպի Կենտրոնական Ասիա տանող միջանցք, թեեւ այդ դեպքում պետք է նաեւ բացատրել, թե ինչպես են լուծելու Կասպից ծովի խնդիրը:
Ամեն դեպքում, թեեւ այդ արարողության ժամանակ մի քանի մարդ ապագա երկաթուղու հատվածում հող էր հարթեցնում, սակայն բառ անգամ չկա, թե որքան կտեւեն շինաշխատանքները, որքան ներդրում են կատարում Երեւանն ու Վաշինգտոնը, չհայտարարվեց, տեղում շինաշխատանքները կշարունակվեն ամենօրյա ռեժիմո՞վ, թե՝ ոչ, եւ այլն: Ընդ որում, նաեւ աչքի առաջ ունենալով, որ այս ամսվա սկզբին Փաշինյանն էր խոսում, որ կառավարությունը, չսպասելով հետագա գործընթացների կազմակերպմանը, սեփական նախաձեռնությամբ կպատվիրի TRIPP-ով նախատեսված երկաթուղու, ավտոճանապարհի եւ էլեկտրահաղորդման գծերի նախագծման աշխատանքները: «Որպեսզի ժամանակ չկորցնենք եւ սկսենք նախագծի շուրջ աշխատանքները»,- նշել էր նա՝ պարզաբանելով, որ երբ ձեւավորվի TRIPP-ի զարգացման ընկերությունը եւ պատրաստ լինի ստանձնելու այդ աշխատանքները, կառավարությունն արդեն կատարվածը կփոխանցի նրան: Այսինքն, եթե անգամ այդ ընկերությունը ձեւավորված չէ, նշանակում է, որ չկա նաեւ ֆինանսավորում, որքան էլ ճառեր հնչեցնեն «միջազգային հսկայական հետաքրքրության» մասին: Իսկ եթե ֆինանսավորում չկա, կամ ՀՀ կառավարությունն է իր հաշվին ինչ–որ ծախսեր կատարում, չկան նաեւ նախագծերը, ապա կա նաեւ այն հարցը, թե բա մի քանի բանվորներ այդ ի՞նչ ԹՐԻՓՓ են «կառուցում» տեսախցիկների առաջ:
Իհարկե, կարելի է կռահել, թե կոնկրետ ում էր պետք հենց այս պահին նման շոու սարքելը: Առավել եւս, երբ հաշվի ենք առնում, որ ներկա փուլում դա հաստատ նյարդային նոր ռեակցիա է առաջացնելու Մոսկվայում: Դրան էլ գումարած, Հայաստանում ներկայացվում է Սահմանադրության նախագիծը, որը «ջնջում» է ոչ միայն արցախյան թեման, այլ նաեւ` Ցեղասպանությունը:
Բայց մյուս կողմից չմոռանանք, որ դեռ առջեւում է Փաշինյանի մոսկովյան այցը, որտեղ, իհարկե, հիշատակված բոլոր հարցերն առաջնային դիքերում են մնալու: Ու անկախ այն բանից` այս ամենով Նիկոլն ուզում է Մոսկվայում իր կշիռը բարձրացնել կամ թուրք–ազերիական տանդեմի համար ավելի ամուր դիրքեր ապահովել, թե պարզապես գլոբալիստական հերթական խաղերի հետ գործ ունենք, մեկ է, շատ ավելի է մեծանում հավանականությունը, որ այս պատմության հիմնական տուժող կողմը նորից շարքային հայաստանցիներն են դառնալու:
