Հենց այնպես չէ, որ Իրանը «Թրամփի ուղին» համեմատում է Հորմուզի նեղուցի հետ
ՄիջազգայինԱյսպիսով, Հայաստանը սկսեց «Թրամփի ուղի» կառուցել: Ու անմիջապես էլ փլվեց նիկոլյան իշխանությունների հերթական միֆը, թե այս հարցը ըմբռնումով է ընդունվում Թեհրանի կողմց:
Ընդհակառակը, հազիվ էին հասցրել ենթադրվող երթուղու տարածքում մի քանի «լապատկա հող գցել», Թրամփն ու Փաշինյանն էլ իրար հետ «ընկերական» ճառեր էին փոխանակում, երբ Իրանից եկավ ռեակցիա, որն այս անգամ առավել քան միանշանակ էր:
Ընդ որում, այս անգամ Թեհրանի ռեակցիան ոչ թե կիսաստվերային էր, կամ մեսիջների տեսքով, այլ միանգամայն պաշտոնական, ընդ որում` ամենաբարձր մակարդակներից եկող: Այն է` կոնկրետ հայտարարություն հնչեցրեց Իրանի Գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեիի ավագ խորհրդական Մոհամմադ Մոխբերը: Ըստ նրա. «Կեղծ ճանապարհները երբեք չեն փոխարինի իրական միջանցքներին՝ ո՛չ Իրանի հարավում, ո՛չ էլ հյուսիսում։ Լինի դա թե՛ Հորմուզի նեղուցով անցնող հարավային երթուղին, թե՛ Զանգեզուրի միջանցքը (TRIPP): Իրանի աշխարհաքաղաքական շահերը տարածաշրջանում մեր կարմիր գիծն են։ Մենք թույլ չենք տա, որ Իրանը շրջանցվի։ Դաս քաղեք Հորմուզի նեղուցում ստեղծված իրավիճակից»,– հայտարարել է իրանցի պաշտոնյան։
Եթե խոսում է Իրանի Գերագույն առաջնորդի ավագ խորհրդականը, դա գործնականում նույնն է, որ խոսի հենց Գերագույն առաջնորդը: Այսինքն, սրանով Իրանն ամենավերին մակարդակով հայտարարում է, որ ոչ մի ԹՐԻՓՓ էլ թույլ չի տա: Ընդ որում, ամենածանրակշիռը ոչ թե նման զգուշացումն է, այլ այն, որ ԹՐԻՓՓ–ը համեմատության մեջ է դրվում Հորմուզի նեղուցի հետ: Ակնարկն առավել քան թափանցիկ է. այնպես, ինչպես որ Իրանը թույլ չի տալիս ամերիկացիներին բացել Հորմուզի նեղուցը, ռազմավարական առումով նույն մոտեցումն էլ Թեհրանը տեսնում է «Թրամփի ուղու» հետ կապված: Այն է` չի բացվելու եւ` վերջ: Կամ` եթե կարող եք, բացեք: Կարճ ասած, սա նմանվում է ակնարկի, որ Իրանը ցանկացած մեթոդներով, որոնք կիրառվում են Հորմուզի նեղուցում, կարող են կիրառել նաեւ այս ուղղությամբ` որեւէ ԹՐԻՓՓ թույլ չտալու համար:
Այսպիսով, հերթական անգամ սրվում են Հայաստանի եւ Իրանի միջեւ առկա առանց այդ էլ շատ խորը կնճիռները: Ընդ որում, սա Հայաստանի համար շատ լուրջ հետեւանքներ է խոստանում, նաեւ հաշվի առնելով այն նոր քաղաքական կշիռը, որը Իրանը ոչ միայն ձեռք է բերել, այլ նաեւ հետեւողականորեն ավելացնում է տարածաշրջանում: Ու, եթե ժամանակին հայաստանյան իշխանությունների կողմից իրականացվող նման քայլերը գոնե հնարավոր էր բացատրել, թե Իրանը պարտվելու է, նրա խոսքը կշիռ չունի, ապա այս փուլում «Իրանը պարտվելու է» վարկածն արդեն դարձել է ամենաթույլը:
Ավելին, այս պահին այդպես էլ տեսանելի չեն դառնում այն մեթոդները, որոնք ԱՄՆ–ն կարող է գործի դնել արդեն ոչ թե հաղթելու, այլ անգամ «դեմքը փրկող» ոչ–ոքի արդյունքի համար: Սովորական պատերազմական մեթոդների մասին, որոնք ԱՄՆ–Իսրայել երկյակը գործադրում էր առաջին փուլում, արդեն գործնականում ոչ մեկը չի էլ խոսում: Ծանր կետային հարվածների մեխանիզմը եւս այդպես էլ իրավիճակը չփոխեց: Վերջին սպառնալիքը, թե կարող են Իրանին միջուկային հարված հասցնել, իր հերթին չի աշխատում: Այն շատ պարզ պատճառով, որ այդպես էլ Վաշինգտոնում եւ Թել Ավիվում չստացան այն հստակ երաշխիքը, որ դա պատասխան հարված չի առաջացնելու:
Նման է, որ այս փուլում սկսում են վերադառնալ Իրանում ներքին հեղաշրջում սարքելու մեխանիզմին: Սակայն ԱՄՆ–ի հետ բանակցելու գաղափարն առաջ տանող իրանական արեւմտամետների, այդ թվում` նախագահ Փեզեշքիանի դիրքերը կտրուկ թուլացել են: Անգամ կա տպավորություն, որ Փեզեշքիան–Արաղչի զույգին առհասարակ են բանակցային գործընթացից հեռու մղել: Փոխարենը, շարունակվում են ակտիվորեն տարբեր կողմերից խոսել ներիրանական բախումներ հրահրելու մասին: Օրինակ, ԱՄՆ բանակի թոշակառու գեներալ Ջեք Քին նախօրեին պնդում էր. «Ես չեմ կարող մանրամասնել, բայց Մոսադը եւ ԿՀՎ-ն զինում են տասնյակ հազարավոր իրանցիների», եւ նման օրինակները բազմաթիվ են: Անգամ կիսապաշտոնական մակարդակով են ԱՄՆ–ից լսվում հայտարարություններ, որ մեծ զորքեր Իրանի դեմ տանելու կարիք անգամ չունեն, քանի որ «հենց իրանցիներն են կռվելու ամերիկյան զորքերի փոխարեն»: Սակայն նման սցենարի մասին էլ արդեն այնքան է խոսվել, որ սկսել է ձանձրալի դառնալ: Ամենապարզ արձագանքը. եթե Մոսադն ու ԿՀՎ–ն ներիրանական բախումներ կարողանային հարուցել, ապա վաղուց արած կլինեին: Նաեւ հաշվի առնելով, որ իրանական հատուկ ծառայություններն ամենօրյա ռեժիմով են հայտարարում տասնյակ «ապստամբների» ձերբակալման մասին, եւ դա նշանակում է, որ ոչ թե միայն ներիրանական արեւմտամետների քաղաքական դիրքերն են թուլանում, այլ նաեւ աչքի առաջ պակասում է «հեղափոխականների» բանակը:
Այսպիսով, կրկնենք, այս պահին, այսպես ասենք, տեսանելի չէ որեւէ հեռանկար, որը կհուշի, որ պատերազմն Իրանի համար հաղթականից կդառնա պարտվողական: Մինչդեռ, եթե Վաշինգտոնին այդպես էլ չհաջողվի Թեհրանին ծնկի բերել, ապա Իրանի դիրքերը ոչ միայն տարածաշրջանի մակարդակով, այլ նաեւ համաշխարհային մասշտաբով հասնելու են այն կարգավիճակին, որ նման երկրի հետ, առավել եւս` նրա քթի տակ ավելորդ խաղերով զբաղվելն իրոք կարող է շատ ծանր հետեւանքներ ունենալ: Ընդ որում, անգամ այն կարգի մեծ պոտենցիալով երկրների համար, ինչպիսին է, օրինակ, Թուրքիան:
Ու ահա այս իրավիճակում է, որ Նիկոլը որոշել է Իրանի քթի տակ նման խաղերով զբաղվել: Անլուրջ է թվում, բայց իրականությունը դա է:
