Հենց այնպես չէ, որ Իրանը «Թրամփի ուղին» համեմատում է Հորմուզի նեղուցի հետ Պատահական չէ Փաշինյանի մոսկովյան այցի շեմին ԹՐԻՓՓ «կառուցելը» Մոսկվան չի բանակցում Զելենսկու հետ, բայց կապեր է պահպանում ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ. Ուշակով Թրամփը ծիծաղեց՝ ի պատասխան Զելենսկու՝ մինչև հունվար խաղաղության համաձայնագրի մասին հայտարարության. New York Post Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 25-ին Եթե ընդդիմությունը պիտի վախենա մանդատ կորցնելուց, նշանակում է՝ ընդունելու է Նիկոլի օրակարգը․ Զոհրաբյան ՀՀ-ում ներդրվել են էներգիայի պահեստավորման գործունեության կարգավորման մեխանիզմներ Արթուր Դանիելյանն «Արմավիր» ՔԿՀ-ից ազատ կարձակվի այսօր երեկոյան Յունիբանկն ըմբիշներին հանձնել է դրամական պարգևներ և պրեմիում քարտեր Ucom-ը Non-Artificial CTF 2026 կիբեռանվտանգության մրցույթի ռազմավարական տեխնոլոգիական գործընկերն է

Ո՞ր իրավական նորմն է պարտադրում այդ անվանման փոխարեն նշել Ադրբեջանի Հանրապետությունը

Հայցելով ՆԳ  նախարարի ներողամտությունը, նշեմ, որ  չեմ ընդունում Նախարարի  մեկնաբանությունը, քանի որ, ըստ էության, միջազգային ստանդարտի պահանջների և դրանց կիրառման պետական հայեցողության միջև սահմանը ներկայացվում է այնպես, կարծես հայկական տեղանունների բացակայությունը ISO ստանդարտում ինքնաբերաբար պարտադրում է ծննդավայրի փոխարեն նշել Ադրբեջանի Հանրապետությունը։ Նախ, ISO ստանդարտը տեղանունների, պետությունների և աշխարհագրական տվյալների կոդավորման ու նույնականացման գործիք է, այլ ոչ պատմական, քաղաքական կամ իրավական պատկանելիության որոշման մեխանիզմ,-անդրադառնալով արցախահայերի անձնագրում Ադրբեջանը որպես ծննդավայր նշելու մտահոգություններին, ասաց արցախցի հայտնի փաստաբան Ռաֆայել Մարտիրոսյանը, ընդգծելով.

- ISO ստանդարտում որևէ տեղանվան այս կամ այն ձևով ներկայացված լինելը կամ չլինելը չի կարող ինքնին որոշել տվյալ բնակավայրի պատմական անվանումը, դրա բնակչության ինքնությունը կամ այդ անվան իրավաչափ օգտագործման հնարավորությունը։Երկրորդ՝ նախարարի պարզաբանմամբ՝ միջազգային ստանդարտը թույլ է տալիս ծննդավայրի դաշտում նշել ինչպես պետության, այնպես էլ քաղաքի կամ այլ բնակավայրի անվանումը։ Հետևաբար, եթե ստանդարտը թույլատրելի տարբերակներ է նախատեսում, ապա հարց է առաջանում՝ ինչո՞ւ է ընտրվել հենց այն տարբերակը, որի արդյունքում Արցախի բնակիչների ծննդավայրն անձնագրում նույնացվում է Ադրբեջանի Հանրապետության հետ, այլ ոչ թե այն տարբերակը, որը հնարավորություն կտար պահպանել անձի ծննդավայրի իրական աշխարհագրական անվանումը։Երրորդ՝ միջազգային ճանաչելիության կամ սահմանային ստուգումների ժամանակ հնարավոր դժվարությունների մասին մտահոգությունը չի կարող ինքնին բավարար հիմնավորում լինել։ Եթե խնդիրն իսկապես տեխնիկական է, ապա այն պետք է լուծվի տեխնիկական միջոցներով՝ տեղանվան տառադարձման, միջազգային նույնականացման, անհրաժեշտության դեպքում՝ լրացուցիչ կոդավորման կամ այլ ընդունելի մեխանիզմների կիրառմամբ։ Տեխնիկական հարմարավետությունը չպետք է վերածվի անձի ծննդավայրի անվանման ու պատմական աշխարհագրական ինքնության վերացման միջոցի։
Չորրորդ՝ ծննդյան վկայականում Ստեփանակերտ, Շուշի, Մարտունի կամ Արցախի որևէ այլ բնակավայր նշված լինելու հանգամանքը ոչ թե պարզապես քաղաքացու ակնկալիքն է, այլ նրա ծննդյան փաստը հաստատող պաշտոնական փաստաթղթում արձանագրված տվյալ։ Կենսաչափական անձնագիրը, լինելով նույն անձի վերաբերյալ պետական փաստաթուղթ, պետք է հնարավորինս ապահովի այդ տվյալների շարունակականությունն ու ճշգրտությունը, այլ ոչ թե դրանք փոխարինի մեկ այլ ձևակերպմամբ, որն առաջացնում է լրացուցիչ քաղաքական, իրավական և ինքնության հետ կապված խնդիրներ։Եվ, ի վերջո, եթե ՀՀ պետական մարմինն ընդունում է, որ ծննդավայրի նշման ձևի ընտրությունը պայմանավորված է նաև քաղաքական զգայունությամբ, ապա այդ որոշումը չի կարող ներկայացվել բացառապես ISO ստանդարտի կամ միջազգային տեխնիկական պահանջների հետևանք։ Այդ դեպքում մենք գործ ունենք պետական քաղաքական ընտրության հետ, որի համար պետք է լինի հստակ, համոզիչ և իրավականորեն հիմնավորված պատասխանատվություն։Արցախցու ծննդավայրի անվանումը անձնագրում պահպանելու պահանջը ոչ միջազգային ստանդարտների խախտում է, ոչ էլ որևէ պետության նկատմամբ ճանաչման ակտ։ Դա մարդու ծննդյան փաստի, նրա ինքնության և պատմական հիշողության նկատմամբ հարգանքի պահանջ է։Իսկ վերջում , Եթե ICAO-ի միջազգային ստանդարտը թույլ է տալիս ծննդավայրի դաշտում նշել քաղաքի կամ բնակավայրի անվանումը, ապա ո՞ր կոնկրետ միջազգային իրավական կամ տեխնիկական նորմն է արգելում Հայաստանի Հանրապետության կենսաչափական անձնագրում նշել Արցախի բնակավայրի հայկական անվանումը, և ո՞ր իրավական նորմն է պարտադրում այդ անվանման փոխարեն նշել Ադրբեջանի Հանրապետությունը։Եթե նման պարտադիր նորմ չկա, ապա ISO-ի կամ ICAO-ի անվան տակ այդ ընտրությունը հիմնավորելը բավարար չէ։

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ