ԱՄՆ-ն բավարար ճնշում չի գործադրում ՌԴ-ի վրա. Զելենսկի
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին դժգոհություն է հայտնել ԱՄՆ-ից կենսական նշանակություն ունեցող հակաբալիստիկ հրթիռների մատակարարումների ուշացման և բանակցությունների ընթացքում Ռուսաստանի վրա բավարար ճնշում չգործադրելու համար։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ BBC-ին տված հարցազրույցում Զելենսկին նաև ասել է, որ «տարօրինակ» է համարում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հրապարակած լուսանկարը, որտեղ նա գրկախառնված է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ՝ նրան անվանելով «իմ ընկեր»։
«Իհարկե, դա Միացյալ Նահանգների նախագահի որոշելիքն է, բայց… տարօրինակ է», – ասել է Զելենսկին։
«Նա ագրեսոր է և մարդասպան… Նա չի կարող ընկեր լինել։ Պարզապես չի կարող», – ասել է նա՝ ակնարկելով, որ դա նույնն է, ինչ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ ինչ-որ մեկը հայտարարեր, թե ընկեր է Ադոլֆ Հիտլերի հետ։
BBC-ն հիշեցնում է, որ նոյեմբերի սկզբին ԱՄՆ-ի միջնորդությամբ Աբու Դաբիում ՌԴ-ի և Ուկրաինայի թիմերի միջև անցկացված բանակցությունները որևէ ակնհայտ առաջընթաց չեն ապահովել։
Ad by NATIVE NETWORK
«Որքան ավելի շատ բան ենք իմանում, այնքան ավելի շատ խնդիրներ են առաջանում», – այսպես է Զելենսկին բնութագրել իրավիճակը։
Նա ասել է, որ բանակցությունները նախատեսվում է վերսկսել դեկտեմբերին։ Զելենսկին նաև հայտնել է, որ դեռևս պարզ չէ՝ արդյոք եվրոպացի բանակցողները կմասնակցեն բանակցություններին, ինչպես հայտարարել էին ԱՄՆ-ի բանագնացները։
Զելենսկին նաև ասել է, որ ուկրաինացի զինվորականներն այժմ կարողանում են ոչնչացնել ռուսական ամենաարագ անօդաչու թռչող սարքերի շուրջ 70 տոկոսը։ Նա հավելել է, որ այդ ցուցանիշը բարելավվում է։ Սակայն, նրա խոսքով, բալիստիկ հրթիռները խոցելու համար նախատեսված հակահրթիռային համակարգերի պակասը «չափազանց, չափազանց մեծ» է։ Նա նաև ասել է, որ ամերիկացիները ձգձգում են Patriot համակարգերի հրթիռների մատակարարումները։
Մանրամասները՝ սկզբնաղբյուրում

