Հայաստանին նորից փորձում են մեծ ավանտյուրայի մե՞ջ քաշել
ՄիջազգայինՄոսկվա սպասվող այցի շեմին Նիկոլ Փաշինյանը շարունակում է իր շրջագայությունները եվրոպական ուղղությամբ: Օրերս նա հերթական նման այցի շրջանակներում մեկնեց Ռումինիա, թեեւ այդպես էլ հասկանալի չէր, թե որն էր դրա կարեւորությունը:
ԻՆՉ ԿԱՊ ՈՒՆԻ ՌՈՒՄԻՆԻԱՆ
Ամեն դեպքում, ինչ պաշտոնապես ներկայացվեց այդ` ռումինական այցի հետ կապված, որեւէ հրատապություն, անհրաժեշտություն կամ նման բան չէր պարունակում: Այսինքն, Փաշինյանը հանդիպել է այդ երկրի նախագահ Նիկուշոր Դանի հետ, խոսել են ստանդարտ թեմաներից` առեւտրատնտեսական կապերի զարգացում ու նման բաներ, որոնք հազիվ թե երբեւէ իրականություն դառնան: Այսքանից զատ, Նիկուշոր Դանը խոստացել է` «Ռումինիայի լիակատար աջակցությունը Հայաստան-Եվրոպական միություն հարաբերությունների զարգացմանն ու ընդլայնմանը», թեեւ նման հարցերում Ռումինիայի ձայնը որեւէ դեր չունի: Հետո էլ Նիկոլը խոսել է «Ադրբեջանի հետ հաստատված խաղաղության արդյունքում ստեղծվող հնարավորություններից», «TRIPP նախագծի գործնական փուլի մեկնարկից», եւ այդքանը:
Սրա համար այս խառը օրերին Ռումինիա հասնելու իմաստը մնում է անհասկանալի: Իսկ դա հերթական անգամ այն մտքին է տանում, որ սա կա՛մ սովորական «տուրիզմ» էր, կա՛մ այս այցի տակ ավելի խորը բան կա: Ընդ որում, երկրորդ տարբերակն էլ ավելի հավանական է թվում, հաշվի առնելով այն առանցքային գործընթացները, որոնք սկսել են զարգանալ արեւելաեվրոպական գոտում` ակնհայտորեն Բրիտանիայի հովանու ներքո:
Այստեղ, թերեւս, նախ պետք է մի պահ հիշել օրերս չինական Շենժենում կայացած` «Յալթա 2» ոչ պաշտոնական անվանումը ստացած գագաթաժողովի մասին, որտեղ բանակցային սեղանի շուրջ նստած էին Ռուսաստանի, ԱՄՆ–ի եւ Չինաստանի առաջնորդները: Ընդ որում, ի տարբերություն 1945թ.–ի Յալթայի կոնֆերանսի, այս անգամ Բրիտանիան կորցրել էր առաջատար աշխարհաքաղաքական եռյակի կազմում իր տեղը: Եվ այն, որ դրան պետք է հաջորդեր Լոնդոնի կատաղի դիմադրությունը, ընդ որում, սեփական ուժերի անբավարարության պատճառով, այլոց հրահրելու տեսքով, սպասելի սցենարներից էր: Ու հիմա, շատ նման է, որ այդ սցենարը սկսել են խաղարկել:
Օրերս բալթյան գոտում ռուսական բեռնանավի վրա ծովային անօդաչուի միջոցով հարձակումը, իհարկե, պատահական չէր: Իսկ այն, որ ուկրաինական ծովային անօդաչուների համակարգը գործում է բրիտանական «կոնտրոլով», նոր բան չէ: Զուգահեռաբար, իրավիճակը կտրուկ սրվեց նախկին խորհրդային մերձբալթյան երկրներում: Նախ, շրջանառվեց ՌԴ Կալինինգրադի մարզի ուղղությամբ ուկրաինական անօդաչուների հնարավոր հարձակումների թեման, ինչը, ասենք նաեւ բալթյան գոտում ռուսական նավի վրա հարձակումը, կապվում է Ուկրաինայի կողմից մերձբալթյան երկրների տարածքի օգտագործման հետ: Այնպես, ինչպես այդ երկրների տարածքի օգտագործման հետ է կապվում նաեւ պետերբուրգյան ուղղությամբ ուկրաինական հարձակումները: Իրավիճակին ավելորդ սրացում տվեց Էստոնիան` սկսելով խոսել Ռուսաստանի համար երկաթուղին լիովին արգելափակելու մասին, որին էլ կամաց–կամաց սկսեցին արձագանքել նաեւ մյուս մերձբալթյան երկրները: Իսկ դա Ռուսաստանի համար նշանակում է Կալինինգրադի մարզի լիակատար ցամաքային շրջափակում: Եվ այդպես շարունակ: Եվ, իհարկե, տեղին կլինի հիշեցնել այն հսկայական վերահսկողության մասին, որն ունի Լոնդոնը` այս երկրների նկատմամբ:
ՌՈՒՍՆԵՐԸ ԿԱՐՈՂ Է ԵՎ ՊԱՏԱՍԽԱՆԵՆ
Վիճակն էլ ավելի է սրվում, հաշվի առնելով Մոսկվայից հաճախակի հնչող մեղադրանքները, որ Լոնդոնը հյուսիսարեւելյան երկրների միջոցով փորձում է Ռուսաստանի համար բլոկադայի վիճակ ստեղծել Բալթիկ ծովում: Ավելին, որ սրա տակ դրված է Եվրոպային, ավելի կոնկրետ` ՆԱՏՕ–ի եվրոպական բաղադրիչին Ռուսաստանի հետ ուղիղ պատերազմի տանելու սցենարը, որի մասին, ասենք, Լոնդոնում արդեն խոսում են բացահայտորեն: Բնականաբար` ոչ պաշտոնապես, մանկլավիկների օգտագործմամբ: Օրինակ, գլոբալիստական այնպիսի բաց մանկլավիկի, ինչպիսին է նախկին վարչապետ Բորիս Ջոնսոնը, որի բոլոր ելույթներն այս օրերին ուղղված են Ռուսաստանի հետ պատերազմի գաղափարին: Թարմ օրինակը. «Պուտինի` պատերազմը շարունակելու հիմնական խթանը հույսն է, որ Ուկրաինան, ի վերջո, կրկին կդառնա իր կայսրության մաս... Հետեւաբար, խաղաղության հասնելու միակ ճանապարհը Արեւմուտքում Ուկրաինայի ապագայի վերաբերյալ այս ճակատագրական անորոշության լուծումն է: Իհարկե, մենք պետք է շատ ավելին անենք՝ Ուկրաինային հաղթանակ տանելուն օգնելու համար...»: Եվ այսպես շարունակ, եւ այն բոլոր դրույթները, որոնց մասին խոսում է Ջոնսոնը, ՆԱՏՕ–ին Ռուսաստանի հետ պատերազմի տանելու ուղիղ քայլ կարող է լինել:
Ջոնսոնի եւ նման այլ կատարածուների մասով կարեւոր էր ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Դմիտրի Մեդվեդեւի պատասխանը. ««Փրչոտ խոզ» Ջոնսոնին, ով գոռում է, թե ՆԱՏՕ-ն, իբր, շատ ավելի ուժեղ է, քան Ռուսաստանը, պետք է կախաղան բարձրացնել Տրաֆալգարյան հրապարակում, եթե Ռուսաստանի եւ Դաշինքի միջեւ պատերազմ սկսվի... Այնուամենայնիվ, նրան կարող են կախաղան հանել այլ վայրում, եթե սադրիչը կարողանա գոյատեւել, իսկ նրա հայրենի Լոնդոնը վերանա պատերազմի ավարտին»։
Էլ ավելի պաշտոնական է Էստոնիայի պարագայում Մոսկվայի ռեակցիան, որը բավականին ծանր էր: Նախ դա արտահայտվեց պաշտոնական նոտայի տեսքով, որին էլ հաջորդեց առավել քան կոշտ հրապարակային ռեակցիան: Ըստ այդմ, Մոսկվան պնդում է, որ Էստոնիան թույլ է տալիս ուկրաինական անօդաչու թռչող սարքերին թռչել իր օդային տարածքով՝ Ռուսաստանի հյուսիսարեւմտյան շրջանների վրա հարձակվելու համար։ «Էստոնացի դիվանագետին կրկին տեղեկացվել է, որ նման սադրիչ եւ չափազանց վտանգավոր գործողությունները Ռուսաստանի հետ բաց պատերազմի սանձազերծման եզրին են»,- հայտարարել է Ռուսաստանի Արտաքին գործերի նախարարությունը։ Էստոնիան փորձեց վարչապետ Քրիստեն Միխալի միջոցով արձագանքել, թե` Տալլինը թույլ չի տա, որ իր օդային տարածքը, տարածքային ջրերը կամ հողը օգտագործվեն ուկրաինական կողմից ռուսական թիրախների դեմ հարվածների համար: Սակայն սա էլ ավելի է սրում վիճակը. եթե պատրաստվում է «թույլ չտալ», դա հաստատում է, որ մինչ այս թույլ է տվել: Իսկ դա թշնամական արարք է, որը ենթադրում է պատասխան, ընդհուպ` պատերազմի տեսքով: Իսկ դա նշանակում է ՆԱՏՕ–ական երկրի հետ ուղիղ պատերազմ:
Վիճակն էլ ավելի է սրվում նրանով, որ բացի բալթյան գոտուց, նման թեժ զարգացումներ այս օրերին նկատվում են նաեւ Բրիտանիայի կողմից վերսկսվող մեկ այլ ուղղությամբ` Մոլդովայում: Բանը հասավ այդ երկրում ռուսական դեսպանատան նման ուղիղ հայտարարության. «Դեսպանատունը տեղեկատվություն է ստացել առաջիկա օրերին նախատեսված հակառուսական սադրանքի մասին, որը նպատակ ունի արմատապես վատթարացնել ռուս-մոլդովական հարաբերությունները: Մենք բազմիցս զգուշացրել ենք նման բեմականացված միջոցառումների ռիսկերի մասին, եւ այժմ մեր նախազգուշացումները սկսում են իրականություն դառնալ: Մենք կոչ ենք անում պաշտոնական Քիշնեւին՝ չհետեւել Մոլդովային Ռուսաստանի հետ առճակատման մեջ ներքաշելու փորձ կատարողների օրինակին եւ զերծ մնալ անխոհեմ սրացնող քայլերից...»:
Ընդ որում` ասել, որ ներկա իրավիճակում «վաղը`պատերազմ» տարբերակը միայն տեսական ժանրի մեջ է, սխալ կլիներ: Մերձբալթյան երկրների պարագայում մանկլավիկ երկրների միջոցով կատարվում են միանգամայն կոնկրետ գործողություններ, որոնց Ռուսաստանը եթե չպատասխանի, աշխարհաքաղաքական իմաստով ծանր հարված է ստանում` կորցնելով նաեւ դեմքը: Ընդ որում, այդ գործողությունները գնալով միայն կարող են սրվել: Այսինքն, եթե հիմա Ռուսաստանին կամ ռուսական օբյեկտներին հարվածում են, օրինակ, Էստոնիայի տարածքի օգտագործմամբ, ապա վաղը–մյուս օրը կարող են ցուցադրաբար հարվածներ հասցնել հենց Էստոնիայի տարածքից: Ու դա միայն նշված կոշտ, վերջնագրային պատասխաններով կանգնեցնելը հնարավոր չէ. պետք է շատ կոնկրետ, տեսանելի ու շոշափելի ռեակցիա, որը նաեւ տիկնիկավարներին կհամոզի, որ հատում են եզրագիծը:
Նույնը` Մոլդովայի մասով: Այն, որ Ռումինիայի քաղաքացի հանդիսացող նախագահ Սանգուն կարող է անգամ Մերձդնեստրի վրա հարձակման հրաման տալ, եւ հենց դա էլ կարող է ՌԴ դեսպանատան հիշատակած սադրանքը դառնալ, իհարկե, մեծ հավանականություն ունի: Իսկ սա Ռուսաստանի համար նույն երկընտրանքն է. կա՛մ պատասխանել, կա՛մ վերցնել Մերձդնեստրում իր ռազմաբազան եւ հեռանալ: Ու թե երկրորդ տարբերակը, ինչպես մերձբալթյան գոտու դեպքում է, ինչ ծանր «դիմագծային» եւ ներռուսական ցնցումների տանող հետեւանքներով հղի հարված կլինի Մոսկվայի համար, դժվար չէ հասկանալ: Այսինքն, որ կոնկրետ սպառնալիքներից հետո կարող է անցնել ռեալ պատասխան ռազմականացված հարվածների, միանգամայն հավանական տարբերակ է, ինչքան էլ որ ակնհայտորեն հենց դրա մասին էլ երազում են գլոբալիստական շրջանակները:
ՈՐՊԵՍ ՎԵՐՋԱԲԱՆ
Ահա, երբ այս բարդացող իրավիճակում Փաշինյանը հանկարծ մեկնում է Մոլդովայի թիկունքին կանգնած Ռումինիա, այցի իրական նպատակների մասին հարցեր, իհարկե, առաջանում են:
Այն, որ այս օրերին Հայաստանում նորից ընդգծված է դառնում հակառուսական թեմատիկան, իհարկե, էլի քողարկված «խաղաղության ենք գնում» թեզի տակ, դժվար չէ նկատելը: Նախ, Փաշինյանի հնարավոր մոսկովյան այցի շեմին «ԹՐԻՓՓ ենք կառուցում» գեղեցիկ պատկերով: Հետո փաստը, որ նորից գլոբալիստական կատարածուները կտրուկ սրում են ռուսական ռազմաբազան հեռացնելու թեմատիկան, եւ այդպես շարունակ:
Ահա այս ֆոնին, երբ Նիկոլը գնում է Ռումինիա, որտեղ խմորվում են Մերձդնեստրի վրա Մոլդովայի հարձակման հնարավոր սցենարները, իհարկե, հնարավոր է նաեւ «փորձի փոխանակման» իմաստ ունենա: Ամեն դեպքում, պահն իրոք չափազանց վտանգավոր է, եւ այն, որ գլոբալիստներն այս փուլում խաղարկման են դնում բոլոր խաղաքարտերը եւ կցանկանան նաեւ օգտագործել հարավկովկասյան հարթակը, ենթադրելի է: Նման տարրեր, ի դեպ, այս պահին, բացի Հայաստանից, նկատվում են նաեւ Վրաստանում եւ Ադրբեջանում:
