Արցախցի աղջկա նկարը հասավ Մոսկվայի նորաձեւության բեմ․ Լուսինե Զաքարյանը հաղթանակ բերեց Հայաստանին Պառլամենտական ընդդիմությունը ժամանակ է շահում․ Սուրեն Պետրոսյան Փաշինյանի մոտ նորից «երկու քարի արանքում» վիճակն է Հայաստանին նորից փորձում են մեծ ավանտյուրայի մե՞ջ քաշել Թրամփն ասել է, որ Պուտինին ընկեր է անվանում՝ Ուկրաինայում խաղաղություն հաստատելու և Կրեմլին կանգնեցնելու համար Ռուսաստանը սպառազինության վերցրեց հիպերձայնային հրթիռներով զինված առաջին միջուկային սուզանավը Դավիթ Համբարձումյանը դատապարտվեց 5 տարի 4 ամիս ժամկետով ազատազրկման Պրեսսինգ ա սպասվում ընդդիմադիրներին մի այլ կարգի. ԲԱՄԲԱՍԱՆՔ Ավլեմ, թափեմ փոշին. ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Էշին նստելը մի այիբ է, իջնելը՝ երկու

Արցախցի աղջկա նկարը հասավ Մոսկվայի նորաձեւության բեմ․ Լուսինե Զաքարյանը հաղթանակ բերեց Հայաստանին

Լուսանկարներ

Պարզվում է՝ զգեստը կարող է պատմել ավելին, քան հազարավոր բառերը, ավելի ուժեղ ու համարձակ լինել, քան դիվանագիտությունն ու քաղաքականությունը․․․ Դիզայներ ԼՈՒՍԻՆԵ ԶԱՔԱՐՅԱՆԻ՝ «Լուսանե» նախագծի հեղինակային հավաքածուում հայկական պատմության ու ազգային հիշողության էջերը վերածվել են արվեստի յուրօրինակ պատկերների։

Հայ ժողովրդի մեծերի ու հերոսների, այդ թվում՝ «Նեմեսիս» գործողության առանցքային դեմքերից Սողոմոն Թեհլերյանի պատկերներով հագուստները, հայկական ինքնության խորհրդանիշներն ու պատմական հիշողությունը նորաձեւության բեմ են բերել մեր ժողովրդի անցած ճանապարհը։ Այդ շարքում հատուկ տեղ է զբաղեցնում արցախցի 11-ամյա Եվա Դանիելյանի պատմությունը։ Աղջկա՝ «Մենք ենք, մեր սարերը» խորագրով դպրոցական նկարում պատկերված էր Ստեփանակերտի հայտնի «Տատիկ-պապիկ» հուշարձանը։ Երբ դպրոցի տնօրենի որոշմամբ նկարը հանվեց ցուցադրությունից՝ այն որակելով «հակապետական քայլ», այնուամենայնիվ, չլռեց ո՛չ երեխայի ստեղծագործությունը, ո՛չ էլ նրա ուղերձը։ Լուսինե Զաքարյանը ոգեշնչվեց այդ պատմությունից եւ Եվայի նկարի հիման վրա զգեստի էսքիզ ստեղծեց՝ մանկական աշխատանքը վերածելով մեծ բեմի հասած արվեստի գործի։

Մոսկվայում՝ Estet Fashion Week-2026-ի միջազգային հարթակում ներկայացված «Հայաստանը՝ Լուսանեի աչքերով» հավաքածուն դարձավ ոչ միայն նորաձեւության ցուցադրություն, այլեւ հայկական պատմության, հերոսների ու չմոռացվող հիշողության յուրօրինակ գեղարվեստական ներկայացում, ինչի մասին «Իրավունք»-ը զրուցել է դիզայների հետ։

«ՄԵՐ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ, ԱԶԳԱՅԻՆ ԱՐԺԵՔՆԵՐԸ ԵՐԲԵՔ ՉՊԵՏՔ Է ՄՈՌԱՑՎԵՆ»

— Նախ շնորհավորում ենք՝ Մոսկվայում «Հայաստանը՝ Լուսանեի աչքերով» խորագրով Ձեր հավաքածույի ցուցադրությունը հաղթանակ բերեց մեր երկրին։ Կբացե՞ք փակագծերը՝ ի՞նչ ցուցադրություն էր, ի՞նչ մրցույթ էր։

— Շնորհակալ եմ շնորհավորանքների եւ ուշադրության համար։ «Հայաստանը՝ Լուսանեի աչքերով» խորագրով իմ հեղինակային հավաքածուն ներկայացվեց Մոսկվայում՝ Estet Fashion Week-2026 միջազգային նորաձեւության շաբաթվա շրջանակում։

Սա պարզապես հագուստի ցուցադրություն չէր։ Սա իմ ստեղծագործական նախագիծն էր՝ նվիրված Հայաստանին, նրա պատմությանը, ազգային ինքնությանը, Արեւմտյան Հայաստանին, Արցախին եւ մեր ժողովրդի պատմական հիշողությանը։

Ինձ համար շատ կարեւոր էր միջազգային հարթակում ներկայացնել ոչ միայն հայկական գեղեցկությունն ու գեղագիտությունը, այլեւ մեր պատմությունը, այն արժեքները, որոնք երբեք չպետք է մոռացվեն։

— Ովքե՞ր էին որոշում հաղթողներին։

— Ժյուրիի կազմում էին ռուս դերասանուհի, թոփ-մոդել, պրոդյուսեր, հեռուստատեսային եւ ռադիոհաղորդավարուհի Իրինա Միխայլովնա Դմիտրակովան, հայտնի ոճաբան, վարսահարդար, դերասան, շոումեն, երգիչ եւ հեռուստահաղորդավար Սերգեյ Անատոլիի Զվերեւը, ոճաբան, դիզայներ, փորձագետ եւ հաղորդավար Ալեքսանդր Վիկտորովիչ Բելովը, նորաձեւության պատմաբան, դիզայներների եւ իմիջմեյքերների ստեղծագործական միության անդամ, դասախոս եւ նորաձեւության մասին հոդվածների հեղինակ Ռուսլան Միգրանովը։

— Քանի՞ հագուստ էր ներկայացված հավաքածույում, որքա՞ն ժամանակ եք աշխատել այս հավաքածուի վրա։

— Հավաքածույում ներկայացված էր 21 զգեստ։ Դրանց ստեղծման վրա աշխատել եմ շուրջ չորս ամիս։ Չորս ամիս շարունակ ապրել եմ այս գաղափարով։ Յուրաքանչյուր զգեստի մեջ փորձել եմ ներդնել ոչ միայն իմ մասնագիտական գիտելիքներն ու ստեղծագործական երեւակայությունը, այլեւ իմ զգացմունքները, ապրումները եւ վերաբերմունքը հայրենիքիս պատմության նկատմամբ։ Ինձ համար յուրաքանչյուր զգեստ առանձին պատմություն է, իսկ ամբողջ հավաքածուն՝ մեկ մեծ պատմություն Հայաստանի մասին։

«ՉԵՄ ՎԱԽԵՆՈՒՄ ԱՐՎԵՍՏԻ ՄԻՋՈՑՈՎ ԲԱՐՁՐԱՁԱՅՆԵԼ ԱՅՆ ԹԵՄԱՆԵՐԻ ՄԱՍԻՆ, ՈՐՈՆՔ ԿԱՐԵՎՈՐ ԵՆ ԻՆՁ ԵՎ ԻՄ ԺՈՂՈՎՐԴԻ ՀԱՄԱՐ»

— Ձեր գրառումներից տեղեկացանք, որ հաղթանակի օրը խորհրդավոր երազ եք տեսել։ Կպատմե՞ք այդ մասին։

— Երազումս Գարեգին Նժդեհի գերեզմանը տեղափոխել էին գետի ափ։ Կարծես ես այդտեղ մոտիկ էի ապրում, ուրախացած բարձրացա սար՝ իմ սիրած ծաղիկները հավաքելու։ Մտածելով, որ ամեն օր եմ ծաղիկներ բերելու։ Արթնանալուց հետո երկար ժամանակ մտածում էի այդ երազի մասին։ Ինձ համար այն շատ խորհրդանշական էր, հատկապես այն օրը, երբ իմ հավաքածուն հաղթանակ էր բերել Հայաստանին․․․

Չգիտեմ՝ ինչպես բացատրել այդ զգացողությունը, բայց երբեմն հավատում եմ, որ կան երազներ, որոնք պարզապես երազներ չեն, այլ մեր հոգու խորքում ապրող զգացումների արտահայտություն։ Որովհետեւ, երբ սկսեցի Եկեղեցին հագուստի վրա նկարել, նույնպես երազում էի նկարում։

— Ի՞նչ զգացողություններ ունեք այս պահին՝ բացի հաղթանակի բերկրանքից։ Չէ որ ոչ միայն Հայաստանն էիք ներկայացնում, այլեւ այն ազգային, պատմական արժեքները, որոնց մասին բարձրաձայնելու համար մեր օրերում շատ մեծ համարձակություն է պետք։

— Անկեղծ ասած՝ հաղթանակից ավելի մեծ զգացողություն է պատասխանատվությունը։ Երբ միջազգային բեմում ներկայացնում ես Հայաստանը, գիտակցում ես, որ ներկայացնում ես ոչ միայն քեզ, այլեւ մի ամբողջ ժողովրդի։

Իմ հավաքածույում կան պատմություններ, որոնք ցավոտ են, կան հիշողություններ, որոնք դեռ ապրում են մեր սրտերում։ Բայց ես չեմ ցանկացել, որ իմ ստեղծագործությունը միայն ցավի մասին լինի։ Ցանկացել եմ ցույց տալ նաեւ մեր ժողովրդի ուժը, արժանապատվությունը, գեղեցկությունը, ստեղծագործելու կարողությունը եւ ապրելու կամքը։

Այսօր ինձ համար ամենակարեւորն այն է, որ մեր ազգային արժեքների մասին խոսվի, դրանք տեսանելի լինեն եւ հասնեն տարբեր ազգերի ներկայացուցիչներին։ Ես չեմ վախենում արվեստի միջոցով բարձրաձայնել այն թեմաների մասին, որոնք կարեւոր են ինձ եւ իմ ժողովրդի համար։ Որովհետեւ երբեմն արվեստը կարող է ասել այն, ինչ բառերով ասելը շատ դժվար է։

— Ի՞նչը Ձեզ ամենից շատ հուզեց արցախցի աղջկա պատմության մեջ, եւ ինչո՞ւ որոշեցիք նրա դպրոցական նկարը վերածել զգեստի էսքիզի։ Ի՞նչ ուղերձ եք ցանկանում փոխանցել այս ստեղծագործության միջոցով։

— Եվայի դպրոցական նկարի մեջ ես տեսա ոչ միայն երեխայի ստեղծագործական աշխարհը, այլեւ մի ամբողջ ժողովրդի ցավը, կարոտն ու չկոտրված ոգին։ Ես որոշեցի այդ նկարը վերածել զգեստի էսքիզի, որովհետեւ ցանկանում էի, որ երեխայի ձեռքով ստեղծված պատմությունը դուրս գա թղթի սահմաններից եւ դառնա արվեստի գործ։

Ինձ համար շատ կարեւոր էր, որ Եվայի նկարը տեսնեն, ճանաչեն, եւ նրա պատմությունը լսելի դառնա ամբողջ աշխարհում։ Իմ ուղերձն այն է, որ երեխաների երազանքները չպետք է սահմաններ ունենան, իսկ նրանց մանկությունը չպետք է խլվի պատերազմների պատճառով։

«ԱՐՎԵՍՏԸ ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԸ ՊԱՀՊԱՆԵԼՈՒ ԱՄԵՆԱՀԶՈՐ ԼԵԶՈՒՆԵՐԻՑ ՄԵԿՆ Է»

— Ձեր ցուցադրության մեջ մեծ տեղ է հատկացված Արցախին, ազգային հիշողությանը եւ հայրենիքի հանդեպ պատասխանատվությանը։ Որպես դիզայներ՝ ինչպե՞ս եք պատկերացնում արվեստի դերը ազգային ինքնության եւ պատմական հիշողության պահպանման գործում։

— Ես համոզված եմ, որ արվեստը հիշողությունը պահպանելու ամենահզոր լեզուներից մեկն է։ Պատմությունը կարելի է ներկայացնել գրքերում, փաստաթղթերում, թանգարաններում, բայց արվեստը հնարավորություն է տալիս այն զգալու։ Դիզայնը, երաժշտությունը, պարը, նկարչությունը կարող են փոխանցել այն, ինչ երբեմն բառերով անհնար է արտահայտել։

Ինձ համար ազգային տարազը պարզապես հագուստ չէ։ Այն մեր ժողովրդի մտածողության, աշխարհայացքի, գեղագիտության եւ պատմության մի մասն է։ Ես ցանկանում եմ, որ մեր ազգային ժառանգությունը չմնա միայն անցյալի հիշողություն։ Այն պետք է ապրի ժամանակակից արվեստում, նորաձեւության մեջ եւ նոր սերունդների ստեղծագործություններում։ Մենք պարտավոր ենք պահպանել մեր արմատները, որովհետեւ առանց դրանց՝ չենք կարող պատկերացնել մեր ապագան։

— Դուք նշել եք, որ կարեւոր է երեխաներին փոխանցել ոչ միայն մեր ժողովրդի ցավն ու կորուստը, այլեւ հիշողությունը, հավատն ու հույսը։ Ի՞նչ կուզենայիք, որ ապագա սերունդները հասկանան այս պատմությունից եւ ի՞նչ կցանկանայիք ասել հենց այդ արցախցի աղջկան։

— Ես կուզենայի, որ ապագա սերունդները հասկանան՝ մենք պարտավոր ենք հիշել, բայց չպետք է ապրենք միայն ցավով։ Մեր երեխաներին պետք է փոխանցենք ոչ միայն մեր ժողովրդի կորուստներն ու դժվարությունները, այլեւ նրա պատմությունը, մշակույթը, հավատը, ուժն ու արժանապատվությունը։

Իսկ այդ աղջկան կասեի՝ սիրելի՛ Եվա, երբեք մի՛ դադարիր երազել, նկարել եւ ստեղծագործել։ Քո փոքրիկ նկարը կարողացավ հասնել մեծ բեմ, իսկ քո պատմությունը լսելի դարձավ շատ մարդկանց։ Թող ոչ ոք երբեք չխլի քեզնից մանկության, ստեղծագործելու եւ երջանիկ ապագայի իրավունքը։ Ես ուզում եմ, որ դու իմանաս՝ քո՛ նկարը կարեւոր է, քո՛ ձայնը կարեւոր է, եւ աշխարհը պետք է լսի երեխաների ձայնը։

— Ձեր հավաքածուն ցուցադրության ժամանակ համեմատեցին Ջոն Գալիանոյի եւ Ալեքսանդր Մակքուինի լավագույն հավաքածուների հետ։ Նրանք եղել են շատ տարբեր, բայց 20-րդ դարի վերջի եւ 21-րդ դարի սկզբի ամենահայտնի ու ազդեցիկ բրիտանացի նորաձեւության դիզայներները։ Հետաքրքիր է՝ Դուք ումի՞ց եք ոգեշնչվել նորաձեւության ասպարեզում։

— Իհարկե, հաճելի է, երբ քո աշխատանքը համեմատում են համաշխարհային նորաձեւության այնպիսի մեծ անունների հետ, ինչպիսիք են Ջոն Գալիանոն եւ Ալեքսանդր Մակքուինը։ Նրանց ստեղծագործություններում միշտ կարեւոր տեղ են զբաղեցրել թատրոնը, կերպարի ուժը, համարձակությունը եւ պատմություն պատմելու կարողությունը։ Բայց ես կցանկանայի նշել, որ իմ հիմնական ոգեշնչման աղբյուրը սեփական մշակույթս է։

Ինձ ոգեշնչում են հայկական պատմությունը, ազգային տարազը, մեր գորգերի զարդանախշերը, ճարտարապետությունը, կանանց կերպարները եւ մեր ժողովրդի անցած ճանապարհը։ Ես չեմ ցանկանում կրկնել որեւէ մեկին։ Ինձ համար կարեւոր է ստեղծել սեփական ձեռագիրը՝ հայկական արմատներով, բայց ժամանակակից մտածողությամբ։ Կարծում եմ՝ յուրաքանչյուր ստեղծագործող պետք է ունենա ի՛ր աշխարհը, ի՛ր գաղափարախոսությունն ու ի՛ր ասելիքը։

— Ի դեպ, Ձեր հավաքածուն այնքան ֆանտաստիկ է, որ տպավորություն էր, թե արհեստական բանականությամբ է պատրաստված, ոչ թե իրականություն է։ Ինչպե՞ս սկսվեց Ձեր ստեղծագործական ճանապարհը։

— Իմ ստեղծագործական ճանապարհը սկսվել է արվեստի, գեղեցկության եւ ազգային մշակույթի հանդեպ սիրուց։ Ինձ միշտ հետաքրքրել է հագուստը ոչ միայն որպես արտաքին տեսք, այլեւ որպես գաղափար արտահայտելու միջոց։ Ժամանակի ընթացքում հասկացա, որ ցանկանում եմ ստեղծել այնպիսի կերպարներ, որոնց միջոցով հնարավոր կլինի պատմություններ ներկայացնել։ Իմ աշխատանքում միավորվում են ավանդականն ու ժամանակակիցը, ազգայինն ու բեմականը։ Մոսկվայում կայացած ցուցադրությունն ինձ համար կարեւոր ստեղծագործական ձեռքբերում էր։ Իսկ այն, որ հավաքածուն ոմանց թվացել է արհեստական բանականությամբ ստեղծված, ինձ համար յուրահատուկ գնահատական է։ Բայց յուրաքանչյուր կերպարի հետեւում իրական աշխատանք, մտածողություն, որոնում եւ մեծ նվիրում կա։

«ԻՆՁ ՀԱՄԱՐ ՍԱ ՈՉ ԹԵ ՆՈՐԱՁԵՒՈՒԹՅԱՆ ՄԻՏՈՒՄ Է, ԱՅԼ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆ»

— Ձեր այս ցուցադրությունը կարո՞ղ ենք ասել, որ նորաձության հետեւողներին հուշում է, որ գալիք 2027 թվականին նորաձեւ է լինելու ազգայինը, պատմականը, հիշողության պահպանումը, մեր հերոսների հանրահռչակումը։

— Կարծում եմ՝ ազգայինը երբեք չպետք է դիտարկել միայն որպես նորաձեւության ժամանակավոր միտում։ Ազգայինը մեր ինքնությունն է։ Ես շատ կուզենայի, որ 2027 թվականին եւ դրանից հետո էլ նորաձեւության աշխարհում ավելի մեծ տեղ ունենային ազգային մշակույթը, պատմական հիշողությունը, ավանդական զարդանախշերը, տարազի տարրերը եւ մեր հերոսների պատմությունները։ Բայց ամենակարեւորը՝ ազգայինը պետք է ներկայացվի ճաշակով, գիտելիքով եւ հարգանքով։ Ժամանակակից դիզայները կարող է վերցնել անցյալի արժեքները եւ դրանց նոր կյանք տալ՝ առանց կորցնելու դրանց իսկությունը։ Ինձ համար սա ոչ թե նորաձեւության միտում է, այլ մշակութային պատասխանատվություն։

— Հայաստանում պատրաստվո՞ւմ եք հանդես գալ Ձեր հավաքածույի ցուցադրությամբ։ Ի՞նչ նոր ծրագրեր ունեք առաջիկայում։

— Իհարկե, իմ մեծ ցանկությունն է այս հավաքածուն ներկայացնել ոչ միայն Հայաստանում, այլեւ ամբողջ աշխարհում։ Ես ուզում եմ, որ «Հայաստանը՝ Լուսանեի աչքերով» նախագիծը դառնա միջազգային մշակութային նախաձեռնություն, որի միջոցով տարբեր երկրներում մարդիկ կծանոթանան Հայաստանին, Արցախին, մեր պատմությանը եւ ազգային արժեքներին։ Կցանկանայի, որ այս հավաքածուն տեսնեին ոչ միայն մասնագետները, այլեւ մեր երեխաները, երիտասարդները, արվեստասերները։

Առաջիկայում ցանկանում եմ շարունակել աշխատել նոր ստեղծագործական նախագծերի վրա, զարգացնել հայկական ազգային թեմատիկան եւ ստեղծել նոր հավաքածուներ, որոնք կկարողանան ներկայացնել մեր մշակույթը միջազգային հարթակներում։ Ինձ համար այս հաղթանակը ավարտ չէ։ Այն նոր ճանապարհի սկիզբ է։ Ես հավատում եմ, որ հայկական մշակույթը կարող է խոսել աշխարհի հետ տարբեր լեզուներով, իսկ իմ լեզուն նորաձեւությունն է։

Ես զգեստներ չեմ ստեղծում միայն գեղեցկություն ցուցադրելու համար։ Ես ստեղծում եմ կերպարներ, որոնց միջոցով ցանկանում եմ պատմել Հայաստանի մասին։ Որովհետեւ հայրենիքը միայն այն չէ, ինչ ունենք այսօր։ Հայրենիքը նաեւ այն հիշողությունն է, որը պարտավոր ենք փոխանցել վաղվա սերնդին։

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ