«Փաստ». Ինչո՞ւ են ուշանում «Վայլդբերրիզի» պատվերները
Մամուլի տեսություն«Փաստ» թերթը գրում է. «Հատկապես վերջին մեկ ամսում բազմաթիվ դժգոհություններ կան Հայաստանի քաղաքացիներից, որ «Վայլդբերրիզից» գրեթե բոլոր պատվերների դեպքում առկա է ուշացում, իսկ որոշ դեպքերում գնումներն ընդհանրապես չեն հասնում: Քաղաքացիները նշում են, որ պատվեր կատարելուց մի քանի օր անց կատարվում է «թարմացում» պատվերի ուշացման մասին, նշվում է նոր ժամկետ, սակայն այդ ժամկետի ավարտից հետո էլ ստացվում է նոր տեղեկություն, որ առաքումը «ԿԼԻՆԻ ՈՒՇ», ընդ որում՝ այլևս չնշելով որևէ ժամկետ: Հարց տալու դեպքում ստացվում է «ռոբոտի» ստանդարտ պատասխան, որ պատվերն ուշանում է, պատվերը հասնելուն պես կտեղեկացնեն:
Սոցցանցային քննարկումներում նշվում են տարբեր պատճառներ՝ սկսյալ «Վայլդբերրիզում» կառուցվածքային ու կադրային փոփոխություններից մինչև հայ-ռուսական հարաբերություններ: Իրական պատճառների մասին մեկնաբանություններ ստանալու համար «Փաստ» թերթը գրավոր հարցով դիմել է Հայաստանում «Վայլդբերրիզի» մամուլի ծառայությանը: Ստացել ենք բավական ընդհանրական պատասխան, որը ներկայացնում ենք առանց մեկնաբանության՝ միակ հավելումով, որ պատասխանում այդպես էլ կոնկրետ վերջին շրջանի աննախադեպ ուշացումների հետ կապված հստակություն չկա, ինչպես և չկա պատասխան հարցին, թե ե՞րբ կարող են մարդիկ ակնկալել իրավիճակի շտկում.
Մենք հասկանում ենք, որ պատվերի ստացման ամսաթիվը կարևոր է գնորդների համար։ Առաքման նախնական ժամկետը նշվում է Wildberries-ի կայքում և հավելվածում՝ նախքան պատվերի հաստատումը։ Պատվերը ձևակերպելուց հետո գնորդներն իրենց անձնական էջում կարող են հետևել առաքանու կարգավիճակին և տեսնել առաքման ժամկետի փոփոխությունները։ Եթե չնախատեսված ուշացման պատճառով գնորդն այլևս չունի ապրանքի կարիքը, նա կարող է չեղարկել պատվերը՝ տվյալ պատվերի համար գործող պայմանների համաձայն»։
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում