Իմ երգացանկում եւս մեկ հայկական երգ ավելացավ․ Լյուբով Ուսպենսկայա
ՄշակութայինՌուսական էստրադայի հայտնի երգչուհի ԼՅՈՒԲՈՎ ՈՒՍՊԵՆՍԿԱՅԱՆ եւ հայազգի երգիչ ԱՐԿԱԴԻ ԴՈՒՄԻԿՅԱՆԸ հանդես են եկել նոր զուգերգով, որը կոչվում է «Իմ աստղը»։
Երգի մասին իր երկրպագուներին հայտնել է անձամբ Լյուբով Ուսպենսկայան՝ նշելով, որ ուրախ է իր երգացանկում եւս մեկ հայկական երգ ունենալու համար։ Իսկ Արկադի Դումիկյանին անվանել է «հրաշալի երգիչ»։ Երգչուհու խոսքով՝ ստեղծագործությունը պատմում է Աստղիկ անունով աղջկա մասին։
Երգի առանձնահատկություններից մեկը հայկական շունչն է․ ռուսալեզու կատարումն ուղեկցվում է հայկական արտահայտություններով, այդ թվում՝ «Աստղիկ ջան», «ցավդ տանեմ» ջերմ ու հայավարի դիմելաձեւով։ Երգի խոսքերում հնչում են մաղթանքներ՝ երջանկության, ընտանեկան ջերմության, սիրո եւ հարազատների կողքին լինելու մասին։
Ստեղծագործության հեղինակը Բրենդոն Սթոունն է, որի համար շնորհակալություն է հայտնել նաեւ Լյուբով Ուսպենսկայան։ Այս համագործակցությունը հայկական երաժշտության նկատմամբ Լյուբով Ուսպենսկայայի հետաքրքրության եւս մեկ արտահայտություն է։
«Լսե՛ք եւ երգե՛ք մեզ հետ միասին», – իր երկրպագուներին դիմել է երգչուհին՝ ներկայացնելով նոր զուգերգը։
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ
