ԱՀԱԶԱՆԳ. Հիվանդ խոզեր են ներմուծում, ՍԱՏՄ-ից ինձ սպառնում են՝ դատի տալ, եթե շարունակեմ հրապարակել իմ իմացածը․ «Իշխանություն»
ԹեմաՀայկական խոզաբույծների միության նախագահ Թովմաս Մարտիրոսյանն ահազանգում է՝ Հայաստան հիվանդ խոզեր ներմուծելու մասին տեղեկությունները բարձրաձայնելուց հետո խոզաբույծների նկատմամբ ճնշումներ են գործադրվում։
Նրա խոսքով՝ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնից սպառնում են դատի տալ, ստուգումներ իրականացնել ֆերմաներում և տուգանել տնտեսվարողներին։
«Մեզ սպառնում են դատի տալ, մեզ սպառնում են՝ մեր ֆերմաները կգան, տեսուչները կստուգեն, տուգանքներ կգրեն։ Արդեն տեսուչները եկել էին, մեզ ստուգել են»,- «Իշխանության» հետ զրույցում ասաց Թովմաս Մարտիրոսյանը։
Միության նախագահի խոսքով՝ հոկտեմբերի 25-ին Հայաստան է ներմուծվել խոզերի խմբաքանակ, որում եղել են սատկած կենդանիներ։ Դեպքի վերաբերյալ տեսանյութ է նկարահանվել, որը խոստացել են փոխանցել միությանը, սակայն խնդիրը բարձրաձայնելուց հետո տեսանյութն անհետացել է, իսկ տեղեկություններ փոխանցած քաղաքացիները հրաժարվել են խոսել։ Մարտիրոսյանը պնդում է, որ մարդկանց զանգահարել և զգուշացրել են, որ իրենց մոտ ստուգումներ կիրականացվեն։
Միության նախագահն պահանջում է ՍԱՏՄ-ից հրապարակել, թե հոկտեմբերի 20-ից 25-ն ընկած ժամանակահատվածում քանի գլուխ խոզ է ներմուծվել Հայաստան, որ ընկերություններն են իրականացրել ներմուծումը և որտեղ են իրացվել կենդանիները։
Հատկապես մտահոգիչ է համարում Հայաստանում խոզերի շրջանում վարակի դեպքերի հնարավոր կոծկման վերաբերյալ ահազանգերը։
Մարտիրոսյանի փոխանցմամբ՝ Արմավիրի մարզի Լենուղի գյուղում խոզերի անկման դեպքեր են արձանագրվել։ Ըստ նրա՝ տնտեսվարողին խոստացել են փոխհատուցում տրամադրել՝ պայմանով, որ վերջինս չբարձրաձայնի խնդիրը և չդիմի լրատվամիջոցներին։
«Տերն ասել է՝ ինձ զանգել ասել են, որ կստանաս փոխհատուցում, բայց ոչ մեկին ոչ մի բան մի ասա։ Եթե հանկարծ հարցը բարձրացվի, եթե հանկարծ լրատվամիջոցներն իմանան, ձեզ ոչ մի փոխհատուցում չեն տալիս»,- պատմեց Մարտիրոսյանը՝ նշելով, որ, իր տեղեկություններով, տնտեսվարողի հետ խոսել են ՍԱՏՄ տեսուչներն ու համայնքի անասնաբույժը։
Միության նախագահը նաև պնդում է, որ տեղական խոզաբուծության զարգացման համար անհրաժեշտ պայմաններ չեն ստեղծվում, մինչդեռ նախապատվությունը տրվում է ներմուծող ընկերություններին։ Նա չի բացառում, որ այդ ամենի հիմքում կարող են լինել նաև ՍԱՏՄ ղեկավար Տիգրան Պետրոսյանի անձնական տնտեսական շահերը։
Մարտիրոսյանն ընդգծում է, որ խոզաբույծները դեմ չեն ներմուծմանը և չեն պահանջում արգելել այն։ Նրանց պահանջն է՝ հնարավորություն տալ տեղական արտադրողներին զարգացնել տնտեսությունները, ավելացնել խոզերի գլխաքանակը և նվազեցնել Հայաստանի կախվածությունը ներմուծումից։
Նշենք, որ ՍԱՏՄ-ն ավելի վաղ հերքել է վարակված կենդանիների՝ Հայաստան ներմուծման վերաբերյալ տարածված տեղեկությունները։
Սակայն Հայկական խոզաբույծների միության նախագահի բարձրաձայնած ահազանգերը վերաբերում են ոչ միայն հնարավոր վարակված կենդանիների ներմուծմանը, այլև խնդիրը բարձրաձայնող տնտեսվարողների նկատմամբ ճնշումներին, վարակի դեպքերի հնարավոր կոծկմանը և ներմուծող ընկերությունների շահերի սպասարկմանը։
Սկզբնաղբյուրը՝ այստեղ։
