Հայաստանն ու Ադրբեջանը միմյանց զիջելու հարց չունեն․ Ռուբինյան
Հայաստանի և Ադրբեջանի միջև առաջին անգամ՝ 1991 թվականից ի վեր, ստեղծվել է իրավիճակ, երբ կողմերից ոչ մեկը մյուսին զիջելու հարց չունի։ Այս մասին CTRL Z հաղորդման ժամանակ հայտարարել է ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը։
«Խոսքը փոքր հարցերի մասին չէ, որոնք դելիմիտացիայով լուծվող հարցեր են։ Մեծ հաշվով՝ զիջելու բան չունեն, կա ստատուս քվո, որի հետ երկուսն էլ համաձայն են»,- ասել է նա։
Անդրադառնալով հայ-ադրբեջանական հակամարտության խորքային պատճառներին՝ Ռուբինյանը նշել է, որ այն, իր գնահատմամբ, ձևավորվել է դեռևս 1905 թվականից՝ Հարավային Կովկասում հայերի և ադրբեջանցիների համատեղ բնակության հետևանքով։
«Ես կարծում եմ՝ հայ-ադրբեջանական հակամարտության խորքային պատճառը, Ղարաբաղյան հակամարտության մասին չեմ խոսում, հայ-ադրբեջանական հակամարտության մասին եմ խոսում, որը սկսվել է մոտավորապես 1905 թվականին, եղել է այն, որ հայերն ու ադրբեջանցիները Հարավային Կովկասում ապրել են խառը»,- նշել է Ռուբինյանը՝ որպես օրինակ հիշատակելով Բաքուն և Երևանը, որտեղ բնակվել են երկու ժողովուրդների ներկայացուցիչները։
Նրա խոսքով՝ այդ հանգամանքը հանգեցրել է քաղաքական հակամարտության։