Դեմ եմ քաղաքական մոնոպոլիային․ Երվանդ Թարվերդյան Ուժեղներին սկսել է ներսից խոշտանգել կասկածի որդը Լոս Անջելեսում 12 տարվա մեջ ամենաուժեղ երկրաշարժն է գրանցվել Ե՞րբ կնշվի Սուրբ Զատիկը 2027 թվականին Նարեկ Կարապետյանը Փաշինյանից պահանջում է պատասխանել՝ հրաժարական կտա՞, եթե ընդդիմությունը չքվեարկի սահմանադրության նախագծին Վարչապետը Քանաքեռի Սուրբ Հակոբ եկեղեցում մասնակցել է պատարագի Ամանորյա հանգստյան օրերի ժամանակացույցը․ ինչ պետք է իմանալ Հիշողությունից ծնված «Երեք քույրը»․ Շահվերդյանի վերադարձը Չեխովին ԿԸՀ-ն ներկայացրել է ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները ժամը 11:00-ի դրությամբ Ժամը 12․00-ի դրությամբ ՏԻՄ ընտրություններին ենթադրյալ իրավախախտումների վերաբերյալ ստացվել է 3 ահազանգ. ՆԳՆ

Դեմ եմ քաղաքական մոնոպոլիային․ Երվանդ Թարվերդյան

Հանդիպում

«Իրավունք TV»-ի տաղավարում հյուրընկալել ենք «Միացյալ Հայաստան» կուսակցության նախագահ ԵՐՎԱՆԴ ԹԱՐՎԵՐԴՅԱՆԻՆ:

— Պարոն Թարվերդյան, իշխանությունը ներկայացրեց իր նոր Սահմանադրության նախագիծը։ Ի՞նչ կարծիք ունի դրա վերաբերյալ Ձեր կուսակցությունը։

— Ճիշտն ասած, դեռ ամբողջությամբ չեմ ուսումնասիրել, եւ կարծում եմ՝ «օրենքների օրենքի» մասին թռուցիկ ռեպլիկներ անելը, մանավանդ քաղաքական գործչի համար, անհեթեթություն է։ Բնականաբար, ժամանակ առ ժամանակ փոփոխություններ պետք է արվեն, քանի որ ժամանակներն ու իրավիճակները փոխվում են։ Սակայն, հիշում եմ մի լավ պատմություն, որն ընկերներիցս մեկն էր պատմում. Նապոլեոն Բոնապարտը հրամայում է Սահմանադրության տարբեր նախագծեր պատրաստել, եւ նրան բերում են հատորներ։ Չգիտեմ՝ սա իրականություն է, թե հումորային պատմություն, բայց այստեղ Նապոլեոնն ասում է. «Սահմանադրությունը պետք է լինի համառոտ, պարզ ընթեռնելի եւ անհասկանալի»։

Հիմա մեր պարագայում, կարծում եմ, միգուցե իրավիճակն այնպիսին է, որ նոր Սահմանադրություն պետք է, սակայն շտապել եւ այն արագ ընդունել չի կարելի։ Սահմանադրության այս նախագծում ընդամենը մի քանի վտանգավոր թեզ կա. օրինակ՝ այն, որ երկրի վարչապետը դառնում է պետության միանձնյա ղեկավարը եւ գլխավոր հրամանատարը։ Դա վտանգավոր դրույթ է։ Կարծում եմ՝ ոչ մի խելացի քաղաքական գործիչ երբեւիցե չի ցանկանա ղեկավարել նման Սահմանադրությամբ, որովհետեւ լինում են պահեր, երբ անձը պետք է պատասխանատվությունը կիսի թե՛ իր թիմակիցների, թե՛ այլ քաղաքական ուժերի հետ։ Ընդ որում՝ կարող են լինել պարտադրված որոշումների իրականացումներ:

— Ո՞ւմ կողմից պարտադրված:

— Արտաքին ուժերի կողմից։ Մենք փոքր պետություն ենք եւ տեսնում ենք օրինակներ։ Վերցնենք հասարակ օրինակ՝ Վենեսուելայի ղեկավարը կառավարում էր իր երկիրը, մարդիկ ինչ-որ առումով երջանիկ էին, բայց մի այլ պետությունից եկան ու գիշերվա կեսին նրան տարան այլ պետության բանտ՝ պատճառաբանելով, թե «մեր պետության համար դու վտանգ ես ներկայացնում»։ Միգուցե մի օր էլ մեր պետության ղեկավարին ինչ-որ մեկը գա, գողանա-տանի եւ ասի՝ դու էլ մեր պետության համար ես վտանգ։ Հասկանո՞ւմ եք՝ երբ կառավարումը միանձնյա է լինում, ամեն ինչ կախված է լինում այդ մեկ անձից, իսկ երբ կառավարումը լինում է ավելի կորպորատիվ, անգամ ղեկավարներն են անվտանգության առումով երաշխավորված։ Ես, լինելով քաղաքականության մեջ, միշտ ասել եմ եւ նորից կրկնում եմ, որ դեմ եմ քաղաքական մոնոպոլիային, այդ մոդելն առանձնապես չեմ ընդունում։

Իհարկե, լինում են պահեր՝ պատերազմական կամ տնտեսական ճգնաժամային իրավիճակներ, եւ դա կարելի է Սահմանադրության մեջ ընդգծել, որպեսզի նման դեպքերում երկրի ղեկավարը ժամանակավոր լիազորություններ ստանա՝ արագ եւ ինքնուրույն որոշումներ կայացնելու համար։ Սակայն այդ իրավունքներն ընդմիշտ տրամադրել երկրի ղեկավարին՝ վտանգ է ոչ միայն այդ ղեկավարի, այլեւ պետության համար։

— Նոր Սահմանադրության մեջ հստակ ասվում է, որ երկրի գերագույն գլխավոր հրամանատարը լինելու է վարչապետը, ընդ որում՝ ոչ միայն պատերազմի ժամանակ, այլ՝ միշտ։ Ի՞նչ կասեք այս մասին:

— Կառաջարկեի վարչապետին՝ քանի որ նախագիծը նա չի մշակել, այլ աշխատանքային խումբը, որ հենց իր կողմից առաջարկի այդ կետը փոխել։ Վստահ եմ, որ վարչապետն ունի լսելու ունակություն, ինքս համոզվել եմ դրանում։ Եվ ի տարբերություն ռադիկալ ընդդիմության ներկայացուցիչների՝ ես համարում եմ, որ նա բավական լուրջ քաղաքական գործիչ է Հայաստանում։ Կարծում եմ՝ այնպիսի քաղաքական մոդելով պետք է առաջնորդվել, հատկապես երբ վարչապետը հայտարարում է, որ չի ցանկանում առաջիկա 5 տարիներից հետո ղեկավարել պետությունը: Մի՞թե նա չի խղճում այն անձնավորությանը, որը հետո ղեկավարելու է պետությունը։ Հետեւաբար, պետք է լինեն ճկուն մոդելներ։ Ընդ որում, ոչ միայն այդ հարցով:

ՆԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ