Մարդկանց ակնկալիքներն ավելի լուրջ են, քան, ասենք, միայն իշխանափոխության խոստումներ լսելը․ Պողոսյան
Ներքաղաքական«Իրավունք»-ը զրուցել է ընդդիմադիր քաղաքական գործիչ, գյումրեցի իրավապաշտպան ԿԱՐԱՊԵՏ ՊՈՂՈՍՅԱՆԻ հետ։
— Արդեն տեւական ժամանակ է անցել, ինչ Դուք հարցում էիք ուղարկել 15 քաղաքական ուժերի եւ խնդրել հստակ քաղաքական գնահատական տալ վերջին տարիներին տեղի ունեցած մի շարք ներքաղաքական եւ տարածաշրջանային գործընթացների վերաբերյալ։ Ի՞նչ արդյունքներ ունեք այս պահին, ովքե՞ր խուսափեցին հստակ պատասխաններից։
— Այս պահին չեմ ուզում այդ թեման շատ սրել, որովհետեւ, ինչպես գիտեք, հիմա Հայաստանում սկսել է ձեւավորվել նոր քաղաքական համագործակցություն, մասնավորապես՝ ուղղված Ալիեւի եւ Փաշինյանի Սահմանադրության դեմ։ Տեսնենք, թե ինչ ձեւավորում կստանա այս նախաձեռնությունը։ Բայց նաեւ նույն հանդիպման ժամանակ «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանին էլ ներկայացրի իմ դիրքորոշումը, որ չափազանց կարեւոր է նման միասնական ճակատներ ստեղծելիս մի շարք հարցերի շուրջ ունենալ հստակ քաղաքական գնահատականներ։
Առհասարակ հենց դա էր իմ համոզմունքը, որի պատճառով որոշեցի անդրադառնալ այս ամենին։ Դա պայմանավորված է նրանով, որ հասարակությունը սկսել է ընդդիմադիրներին չվստահել նաեւ հենց այն պատճառով, որ ընդդիմադիրները կարեւոր հարցերի շուրջ չեն կարողանում հստակ դիրքորոշումներ եւ քաղաքական գնահատականներ տալ։ Այսինքն՝ մարդկանց ակնկալիքներն այս պահին ավելի լուրջ են, քան, ասենք, միայն իշխանափոխության խոստումներ լսելը։ Մարդիկ նաեւ ուզում են հավատալ, որ բոլոր այն քաղաքական ուժերը, որոնք հայտ են ներկայացնում՝ երկիրը փրկելու, պետք է կարողանան հետ նայել եւ հստակ գնահատականներ տալ այն ամենին, ինչը կատարվել է Հայաստանի Հանրապետությունում եւ Արցախի Հանրապետությունում:
Ասեմ որ, մենք էլ ենք միացել «Ո՛չ ալիեւյան Սահմանադրություն» կոչվող ակցիային։ Գյումրիում զրուցեցինք մի քանի տասնյակ մարդկանց հետ, ներկայացրեցինք մեր մտահոգությունները, նրանց նվիրեցինք Հայաստանի Հանրապետության դրոշը։ Ասեմ՝ չափազանց տպավորված եմ, որովհետեւ, տեսե՛ք, նախ՝ ինձ ուրախացրեց այն, որ մարդիկ ժպիտով եւ մեծ սիրով, մի տեսակ նաեւ մտահոգությամբ, վերցրին դրոշները մեզանից։ Բոլորի դեմքին կար ե՛ւ պատիվ, ե՛ւ ցավ։ Դա այն օրն էր, երբ կնքվեց կապիտուլացիան: Մարդիկ առանձնահատուկ քնքշանքով մոտեցան եւ վերցրին դրոշները։ Հիմնականում բոլորի մոտ կար զայրույթ եւ անվստահություն Նիկոլ Փաշինյանի ու նրա նախաձեռնությունների նկատմամբ։
Բայց, ցավոք սրտի, եթե փորձեմ ամփոփել, չափազանց շատ անելիք ունենք բոլորս միասին, որպեսզի հանրությանը կարողանանք բերել այն գիտակցությանը, որ Հայաստանի իշխանությունը գյուղապետարան չէ, Հայաստանի վարչապետը գյուղապետ չէ, որպեսզի ընտրեն ինչ-որ մեկին՝ անձնական շահերից ելնելով։ Հանրությունը պետք է հստակ հասկանա, որ այսօր հայրենիք է կորցնում, իր անկախությունն ու արժանապատվությունն է կորցնում։ Իրականում հասել ենք այնպիսի մի փուլի, որ չպետք է նայենք՝ ով ինչ առաջարկեց կամ ով ինչ արեց, այլ յուրաքանչյուրս ամեն առավոտ պետք է արթնանանք այն գիտակցումով, որ այդ օրը գոնե կես ժամ տրամադրենք հայրենիքին՝ ի՞նչ պետք է անենք, որպեսզի մեր հայրենիքը դուրս գա այս իրավիճակից։
— Պարոն Պողոսյան, ի՞նչ եք կարծում՝ այդ բուկլետները եւ դրոշները բաժանելով՝ հնարավոր կլինի՞ կասեցնել, ինչպես Դուք եք նշում, ալիեւյան Սահմանադրության ընդունումը։
— Ո՛չ։ Այստեղ առաջնահերթ շատ կարեւոր է, որպեսզի մենք կարողանանք Ազգային ժողովի ընդդիմադիր խմբակցություններին նեցուկ լինել, որպեսզի այնտեղ կորուստներ չունենանք, որովհետեւ Փաշինյանի խնդիրն այսօր վեց հոգու գողանալն է։ Բայց, միեւնույն ժամանակ, Ազգային ժողովի ընդդիմադիր խմբակցությունները նախ ընդդիմադիրների հետ պետք է շատ ավելի բաց լինեն համագործակցության համար, ավելի լսող լինեն եւ ավելի շատ ջանքեր գործադրեն՝ հանրության, հանրային գործիչների եւ խորհրդարանական ընդդիմության միջեւ կապը ճիշտ ձեւավորելու համար։ Միեւնույն ժամանակ, բոլորս միասին պարտավոր ենք անընդհատ իրազեկել, խոսել, մարդկանց բացատրել, անմիջական շփումներ ունենալ, որովհետեւ շատ դեպքերում մարդը կարող է քեզ լսել էկրանից այն կողմ, բայց շատ բան, ուղղակի հասկանալով, նաեւ չզգալ։ Իսկ երբ փողոցում դու մարդկանց հետ շփվում ես, մարդիկ իրականում սկսում են քեզ տեսնել, քեզ հասկանալ, գնահատել։ Այսինքն՝ պարտադիր է, որ բոլորը գիշեր-ցերեկ լցվեն փողոց, տուն առ տուն ու հանրությանը եւ քաղաքական ընդդիմության միջեւ եղած այդ ճեղքը լրացնեն: Պետք է կարողանան նաեւ անձնական շփումներով, խոսքով, ինչո՞ւ չէ, նաեւ վիճելով ու բանավիճելով այն իրագործել։
Այսօր մեր հասարակությունը շատ է ճեղքված եւ, ցավոք սրտի, նաեւ շատ մեծ ճեղք կա ընդդիմություն-հասարակություն հարաբերություններում։ Եթե այդ ճեղքերը մենք չլրացնենք, դրանից կօգտվեն մեր թշնամիները, եւ ցավոք, կարձանագրենք հերթական կապիտուլյացիան:
ՆԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ
