Վենետիկի բիենալեյում հայկական տաղավարն այս տարի կներկայանա «Անկախ կենսապատկեր» խորագրով
Արխիվ 16-20«Անկախ կենսապատկեր» խորագրով Վենետիկի բիենալեի 15-րդ միջազգային ճարտարապետական ցուցահանդեսում հայկական տաղավարի պաշտոնական բացումը տեղի կունենա մայիսի 26-ին: Վենետիկի սրտում՝ Հայկական փողոցում գտնվող Մխիթարյան Միաբանության Սուրբ Խաչ եկեղեցու գավթի տարածքում տեղակայված հայկական տաղավարը, հանրությանը կներկայանա որպես Հայաստանի հետանկախության շրջանի կենսապատկերային (լանդշաֆտային) քարտեզագրման մի յուրօրինակ լաբորատորիա: Հայկական տաղավարը կենտրոնանալու է 1991 թվականից մինչև մեր օրերն ընկած ժամանակահատվածի տարածական փոխակերպումների, դրանց տարբեր դրսևորումների ուսումնասիրման ու վերամեկնաբանման գործընթացների վրա։
Վենետիկում կայանալիք 15-րդ միջազգային ճարտարապետական ցուցահանդեսի ողջ ընթացքում հայկական կենսապատկերի տարբեր բաղադրիչները կփորձեն մեկնաբանել մի շարք տարբեր գիտակարգեր ներկայացնող հետազոտող խմբեր։
Վենետիկի բիենալեի 15-րդ միջազգային ճարտարապետական ցուցահանդեսի ՀՀ տաղավարի համադրող ճարտարապետ և քաղաքաշինարար ՍԱՐՀԱՏ ՊԵՏՐՈՍՅԱՆԻ խոսքով. «Այս տաղավարը գալիս է ապացուցելու, որ հենց այսօր, ամեն օր, մարդկային գործունեության արդյունքում Հայաստանում փոխվում է կենսապատկերը, որը մոտ ապագայում կարող է հավակնել վերածվելու մշակութային արժեքի և արժանանալու հասարակության կամ պետության հոգածությանը»:
ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
