Երեւանի քաղաքապետարանը բնակարան կնվիրաբերի Ռաիսա Մկրտչյանին
Արխիվ 16-20Դեկտեմբերի 26-ին կայանալիք Երևանի ավագանու 2-րդ նստաշրջանի այս տարվա վերջին՝ 4-րդ նիստում մի քանի բնակարաններ կտրվեն մշակույթի ոլորտիր գործիչներին:
Այդ թվում Երևան համայնքի սեփականությունը համարվող Մարգարյան փողոցի հ.45 շենքի հ.31՝ 66.6 քմ մակերեսով բնակարանը սեփականության իրավունքով անհատույց կնվիրաբերվի ՀԽՍՀ վաստակավոր արտիստ, ՀՀ ժողովրդական արտիստ, Մովսես Խորենացու մեդալակիր, «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալակիր, Երևան քաղաքի պատվավոր քաղաքացի ՌԱԻՍԱ ՄԿՐՏՉՅԱՆԻՆ:
Երեւանի ավագանու որոշման սույն նախագիծը մշակվել է՝ գնահատանքի արժանացնելով երգչուհու անցած ստեղծագործական ուղին, նրա մասնագիտական որակները, ինչպես նաև հաշվի առնելով բնակարանային պայմանների բարելավման անհրաժեշտությունը:
Երգչուհին իր ամուսնու, որդու ընտանիքի և դստեր հետ բնակվում են մեկ հարկի տակ՝ նույն բնակարանում: Ռաիսա Մկրտչյանի բնակարանային պայմանների բարելավման հարցով միջնորդություններ են ներկայացրել ՀՀ մշակույթի նախարար՝ Արմեն Ամիրյանը և «Հայաստանի հանրային հեռուստատեսություն» ՓԲԸ-ի գործադիր տնօրեն՝ Մարկ Գրիգորյանը:
Ռաիսա Սարգսյանը (Մկրտչյանը) ծնվել է 1942 թվականի փետրվարի 25-ին: Սովորել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի դաշնամուրային բաժնում, որն ավարտել է 1968 թվականին: Ուսմանը զուգահեռ երգել է երիտասարդական էստրադային նվագախմբերում: Հանդիսանում է Առնո Բաբաջանյանի, Կոնստանտին Օրբելյանի և այլ հայտնի կոմպոզիտորների բազմաթիվ ստեղծագործությունների առաջին կատարողը: Սկսած 1968թ.-ից մինչ օրս աշխատում է Հայաստանի ռադիոյի և հեռուստատեսության էստրադային սիմֆոնիկ նվագախմբում՝ որպես մեներգչուհի, իրականացնում է նաև մանկավարժական գործունեություն և դասավանդում է Առնո Բաբաջանյանի անվան պետական երաժշտամանկավարժական քոլեջում, ինչպես նաև Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում (2017թ-ից` պրոֆեսոր): Նրա կատարմամբ ձայնագրվել է շուրջ 400 երգ, որոնց զգալի մասը պահպանվում են Հայաստանի ռադիոյի և հեռուստատեսության ձայնադարանի ոսկե ֆոնդում: Բազմաթիվ մրցանակների դափնեկիր է՝ 1965թ.-ին երաժշտական փառատոնում արժանացել է ոսկե մեդալի և դափնեկրի կոչմանը, 1968թ.-ին Մոսկվայի «Մայակ» 1971թ.-ին «Յուննոստ» ռադիոկայանների համամիութենական մրցույթներում արժանացել է «Տարվա լավագույն երգչուհի» մրցանակներին: Ելույթներ է ունեցել Նյու Յորքի «Մետրոպոլիտեն օպերա», «Կարնեգի Հոլ», Սիդնեի, Մոնրեալի, Բեյրութի, Բուենոս Այրեսի հայտնի դահլիճներում: