ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՓՈՐՁԱՆՔ. ԻՆՉՊԵՍ ՀԵՌՈՒ ՄՆԱԼ
Արխիվ 16-20Բնակչության գրեթե 90%-ը կարեւորում է ֆինանսական խարդախություններից զգուշանալը, սակայն դժվարանում է նշել, թե ինչպիսի տեղեկությունն իրենց մոտ խարդախության կասկած կառաջացնի (ՀՀ ԿԲ` «ՀԲՖՈՒ 2014» արդյունքներ): Նյութում կգտնեք, թե դրանց որ տեսակներն են հանդիպում Հայաստանում, ինչպես խուսափել դրանցից եւ ինչ անել, եթե արդեն վերջիններիս զոհն եք դարձել:
1. ՈՐՏԵՂԻՑ ԱՅՆ ԿԱՐՈՂ Է ԳԱԼ
ԲԱՐԵԳՈՐԾՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ԳՈՒՄԱՐԻ ՏՐԱՄԱԴՐՈՒՄ
F Խարդախներն այս դեպքում ներկայանում են օրինական գործող բարեգործական ընկերությունների անունից:
F Շահարկում են կարեկցանք առաջացնող իրավիճակներ:
Ձեզ զանգահարում են եւ տեղեկացնում, որ իրականացնում են մանկական ամսագրի վաճառք, որից ստացված հասույթը ուղղվում է մանկատան երեխաների օգնությանը կամ այլ բարեգործական նպատակի: Առաջարկում են բերել ամսագիրը Ձեր տուն եւ կանխիկ ստանալ ամսագրի գնման գումարը:
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՓՈՍՏՈՎ
Մեծ ժառանգության ստացում: Նամակով գայթակղում են հսկայական հարստություն ստանալու խոստումներով` որոշակի հարկերի եւ միջնորդավճարներ կատարելու դիմաց: Օրինակ նամակ եք ստանում հեռավոր երկրի որեւէ փաստաբանից, ով առաջարկում ձեր հաշվին փոխանցել վերջերս մահացած իր անժառանգ հաճախորդներից մեկի ունեցած մեծ գումարները: Ընթացքում պարզվում է, որ գործարքն իրականացնելու համար դուք պետք է նախ վճարեք մի քանի հարյուր դոլարի չափ գումար (բայց ի՞նչ է մի քանի հարյուր դոլարը` մի քանի միլիոն ստանալու դիմաց…): Որոշակի ժամանակ անց, բավականին գումար կորզելուց հետո, խարդախը խզում է նամակագրական կապը:
ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԿԱՅՔԵՐՈՎ
Անհապաղ ֆինանսական օժանդակություն: Խնդրում են գումար տրամադրել բժշկական անհետաձգելի ծախսեր հոգալու համար: Օրինակ, սոցիալական կայքով ինչ- որ մեկը, ընդհանուր հետաքրքրություններից ելնելով, ծանոթանում է ձեզ հետ եւ որոշ ժամանակ շփումից հետո, երբ արդեն վաստակում է ձեր համակրանքը եւ վստահությունը, նամակ է ուղարկում, որ, օրինակ` իր եղբայրը վթարի է ենթարկվել, անհրաժեշտ է շտապ վիրահատություն, որի համար գումար չունեն. խնդրում է օգնել` գումարով: Երբ համապատասխան գումարը ստանում է, խզում է նամակագրական կապը:
ԻՆՏԵՐՆԵՏՈՒՄ ՑԱՆԿԱՑԱԾ ԷՋ ԲԱՑԵԼԻՍ
Արտասահմանյան վիճակախաղերի շահումներ: Խարդախները համոզում են գոյություն չունեցող դրամական շահումների ստացման համար վճարել որոշակի հարկեր, միջնորդավճարներ: Մուտք եք գործել որեւէ կայք, որտեղ հայտնվում է պատուհան, որում գրված է, որ կայքի հարյուրհազարերորդ այցելուն եք, ինչի համար ստանալու եք խոշոր դրամական մրցանակ: Մրցանակը ստանալու համար պետք է զանգահարեք ինչ-որ հեռախոսահամարով: Զանգահարելուց հետո, զրույցի ընթացքում պարզվում է` մրցանակը ստանալու համար պիտի վճարեք եկամտային հարկ: Եկամտային հարկը վճարելուց հետո խարդախներն անմիջապես անհետանում են:
ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ
Աշխատանք կամ բիզնեսի առաջարկ: Նվազագույն ջանքերով, առանց աշխատանքային փորձի, հեշտությամբ գումար վաստակելու հնարավորություն:
Առցանց առեւտրի խանութը, որը վաճառում է այլ վայրերում անհասանելի թանկարժեք ժամացույցներ, ձեզ առաջարկում է գնել որոշակի քանակություն` դառնալով իրենց գործակալը եւ գումար վաստակել` նոր գնորդներ ներգրավելով: Հետագայում պարզվում է, որ ապրանքի գինը գերագնահատված է, իսկ գործակալ դառնալու համար նախատեսված ապրանքի քանակը չափազանց մեծ է` ողջամիտ ժամկետում վերավաճառելու համար:
2. ԻՆՉՊԵՍ ԽՈՒՍԱՓԵԼ ԽԱՐԴԱԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ
F Երբեք մի՛ պատասխանեք նամակներին, որոնք ձեզնից գումար կամ անձնական տեղեկատվություն են պահանջում:
F Խուսափե՛ք կասկածելի եւ գովազդային կայքերից ու հղումներից:
F Բանկային գործարքների հետ կապված գործողություններ կատարելիս խուսափե՛ք հանրային վայրերում տեղադրված համակարգիչներից եւ համացանցից:
F Բանկային քարտի Պին կոդը բանկոմատի մոտ հավաքելիս ուշադիր եղեք, որ ոչ ոք չտեսնի: Եթե թվատախտակի վրա չկա պաշտպանական շերտ, ապա ինքներդ ձեռքով փակեք այն:
F Բանկային հաշիվների քաղվածքները առանց պատռելու մի նետեք աղբարկղը:
F Օգտվեք sms ծառայությունից. այսկերպ մշտապես կարող եք տեսնել քարտի գումարի շարժը եւ նկատել գումարի արտահոսքը:
F Տարին մեկ անգամ անվճար ստուգեք ձեր վարկային պատմությունը. այսպես կբացահայտեք ձեր անունից վարկ վերցնելու դեպքերը:
F Գայթակղիչ առաջարկներ ստանալիս հարցրեք ինքներդ ձեզ` արդյոք առաջարկը շատ լավը չէ՞ իրական լինելու համար:
3. ԵԹԵ ԱՐԴԵՆ ԸՆԿԵԼ ԵՄ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՓՈՐՁԱՆՔԻ ՄԵՋ
Անմիջապես դիմեք իրավապահ մարմիններին` հետագա կորուստներից խուսափելու եւ խարդախներին պատասխանատվության ենթարկելու համար:
