«Ամանորն իմ ամենասիրած տոնն է». Իվետա Տոնոյան
Արխիվ 16-20Ինչպես է պատրաստվում Ամանորին եւ ինչ է ակնկալում Ձմեռ պապից ԱԺ յոթերորդ գումարման «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր ԻՎԵՏԱ ՏՈՆՈՅԱՆԸ, «Իրավունքը» մանրամասներ պարզեց նրանից:
– Տիկին Տոնոյան, ինչպե՞ս եք պատրաստվում նշել Նոր տարին:
– Եթե անկեղծ ասեմ, աշխատանքային ծանրաբեռնվածությունս շատ-շատ է, եւ այս պահին դեռեւս տոնական տրամադրություն չկա: Բայց Ամանորն իմ ամենասիրած տոնն է, եւ այն ինձ համար բացառիկ նշանակություն ունի: Ինձ համար կարեւորն այստեղ հարազատների, ընկերների, ընտանիքի անդամների համար նվերների նախապատրաստման գործընթացն է: Սա շատ ավելի եմ կարեւորում, քան ուտեստների կամ այս ուղղվածության այլ աշխատանքների վրա ուշադրություն դարձնելը: Հուսով եմ` կհասցնեմ ավարտին հասցնել աշխատանքներս եւ նախապատրաստվել տոներին, նվերներ գնել ու շնորհավորել նրանց եւ նրանց հետ էլ անցկացնել տոները:
– Հավատո՞ւմ եք Ձմեռ պապին եւ ի՞նչ եք ակնկալում նրանից գալիք տարվա համար:
– Անկախ ամեն ինչից, կարծում եմ` Ձմեռ պապին հավատալ միշտ է պետք: Իսկ 2019-ից թերեւս ակնկալում եմ բացառապես ներդաշնակություն ու խաղաղություն:
– Ի՞նչ կմաղթեք Ամանորի առթիվ:
– Աշխարհասփյուռ մեր հայրենակիցներին, անկախ քաղաքական պատկանելությունից, տարբեր հայացքներից մաղթում եմ, որ 2019 թվականը բացառապես ձեռքբերումների տարի լինի ինչպես իրենց, այնպես էլ մեր երկրի, մեր պետության համար:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ
