ԹՈՒՅԼ ՄԻ ՏՎԵՔ, ՈՐ ԽԱԲԵՆ ՁԵԶ
Արխիվ 16-20Մեր օրերում կարելի է հիանալ, թե որքան ստեղծագործ ու ճկուն կարող է լինել զեղծարարների ու խարդախների միտքը: Հատկապես Հայաստանում մեծ տարածում է գտել խարդախության մի տեսակ, որը կոչենք «վարկային միջնորդներ», որոնք առաջարկում են իրենց «արագ ու էժան վարկերը»:
«Վարկային միջնորդները» կազմակերպություններ կամ անձինք են, որոնք առաջարկում են օգնել վարկերի ստացման հարցերում, հիմնականում խոստանում են դա անել արագ եւ հեշտ: Շատ հաճախ այսպիսի առաջարկներ կարելի է տեսնել փողոցում` պատերին, գովազդային վահանակների վրա, վերջերս ավելի ակտիվ հանդիպում են սոցիալական կայքերում` Facebook, Instagram, որտեղ գայթակղիչ բառերով առաջարկում են ձեռք բերել վարկեր, երբեմն անգամ վարկային վատ պատմություն ունեցողներին կամ խոստանում են դուրս հանել «սեւ ցուցակներից»: Հետագա զարգացումները տարբեր են լինում: Ամենատարածվածը հետեւյալ սխեման է. քանի որ վատ վարկային պատմություն ունեցողները չեն կարողանում ձեռք բերել վարկ, այդ միջնորդ կազմակերպությունն օգնում է ապառիկ ձեւակերպել կենցաղային տեխնիկա կամ շինանյութ, որից հետո քաղաքացիներից վերցնում է նրանց պատկանող ապրանքը` խոստանալով դրա դիմաց վճարել տվյալ ապրանքի գնի 60-65 տոկոսը` կանխիկ գումարի տեսքով: Մնացած 30-35 տոկոսը կազմակերպությունը հաշվում է որպես միջնորդավճար: Այդ մարդու անունով ձեւակերպվում է ապառիկ, որտեղ ոչ մի բառ չկա միջնորդ կազմակերպության մասին, բայց որի արդյունքում նա պետք է վարկավորող ընկերությանը վճարի ապրանքի գինը եւ տոկոսները, ենթադրենք` ամբողջը միասին 350 000 դրամ: Հետո մարդը առք ու վաճառքի պայմանագրով այդ ապրանքը վաճառում է այդ միջնորդ կազմակերպությանը: Եթե ապրանքն արժե 300 000 դրամ, մոտավորապես 200 000 դրամի վաճառք է ձեւակերպվում, 100 000 դրամն էլ դիտվում է որպես միջնորդավճար: Ստացվում է, որ նա ստանալու է 200 000 դրամ` հետագայում 350 000 դրամ վճարելու դիմաց, այն էլ մի ապրանքի համար, որը նա չի տիրապետում: Գրանցվել էին բազմաթիվ դեպքեր, երբ այդ 200 000 դրամն էլ չեն տվել, մարդիկ մնացել են առանց փող ու առանց ապրանք: Մեկ այլ դեպքում էլ «առաջարկում են» առաջին հայացքից էժան, բայց մի շարք այլ գումարներով, սպասարկման վճարներով «վարկեր»: Ինչո՞ւ է վարկը նշված չակերտներում. այդ կազմակերպությունները չունեն վարկ տալու համար անհրաժեշտ լիցենզիա, նրանք բանկ չեն, վարկային կազմակերպություն չեն, գրավատուն չեն: Լավ, ի՞նչ անել, ինչպե՞ս «ազատվել» նրանցից:
Նախ` պարտադիր է ստուգել տվյալ կազմակերպության լիցենզիան, գնահատել ռիսկերը: Հասկանալի է, որ տվյալ ծառայություններից օգտվողները շտապում են, մեծ գումարի կարիք ունեն, սակայն այդ խարդախությունը մշակողի հիմնական խաղաթուղթն էլ հենց դա է, որ մարդը շտապի ու չմտածի: Եթե այդ կազմակերպությունը որպես բանկ, որպես վարկային կազմակերպություն կամ գրավատուն գրանցված չէ, ապա վերջինիս անունը ներառված չէ Կենտրոնական բանկի պաշտոնական կայքում (www.cba.am, Ֆինանսական համակարգ եւ վերահսկողություն, Ֆինանսական կազմակերպություններ): Դա արդեն կարմիր լույս է: Տրամաբանական է, որ այդ կազմակերպությունները շահույթ են հետապնդում: Նրանք, լինելով միջնորդներ, քաղաքացու հաշվին գումար են աշխատում` միջնորդավճարներ գանձելով: Անհրաժեշտ է անձամբ հավաքել փաստաթղթերը եւ անմիջականորեն դիմել վարկավորող կազմակերպություններին` ոչ թե միջնորդներին: Իսկ վերջերս հանդիպող նոր հայտարարություններից է` «հանում ենք սեւ ցուցակներից» արտահայտությունը: Կամ էլ գայթակղիչ վարկային առաջարկ են ներկայացնում եւ գրում են` «Որ սեւ ցուցակները չզանգեն»:
Նախ` ՉԿԱ ՍԵՎ ՑՈՒՑԱԿ, կա վարկային պատմություն: Վարկավորող կազմակերպությունը քաղաքացու մարումների մասին տեղեկությունն ուղարկում է ԱՔՌԱ վարկային բյուրո: Հաջորդ անգամ, երբ քաղաքացուն վարկ է անհրաժեշտ, վարկավորող կազմակերպությունը հարցում է կատարում, ստանում նրա վարկային զեկույցը, տեղեկանում, թե վերջինս նախկինում ինչպես է կատարել մարումները: Որեւէ սեւ ցուցակ չկա: Նշենք մի կարեւոր բան եւս. քաղաքացու վարկային պատմությունը չի կարող ջնջել անգամ Դեյվիդ Կոպերֆիլդը: Վարկունակությունը գնահատելիս վարկավորողները ստանում են տեղեկություն, որն արտացոլում է վերջին 5 տարիների վարկային վարքը. դա ոչ մի փողի դիմաց, ոչ մի «ծանոթ, բարեկամ, մեծ ախպեր» չի կարող ջնջել: Յուրաքանչյուրն անձամբ պետք է զբաղվի սեփական ֆինանսներով եւ թույլ չտա, որ իրեն խաբեն:
