«Մեր կամքից անկախ, Հայաստանն արդեն ինչ-որ կերպ ներքաշված է այս հակամարտության մեջ»
Արխիվ 16-20
Տարին սկսվեց տարածաշրջանային վտանգավոր լուրերով. նախ ԱՄՆ-ի կողմից սպանվեց իրանցի գեներալ Ղասեմ Սոլեյմանին, ապա Իրանի կողմից հրթիռակոծվեցին Իրաքում ամերիկյան ռազմաբազաները, այնուհետեւ կործանվեց Իրանից Ուկրաինա ուղեւորվող ինքնաթիռը: Ստեղծված իրավիճակի եւ հնարավոր զարգացումների մասին «Իրավունքը» զրուցեց ամերիկաբնակ քաղաքագետ, իրանական հարցերով փորձագետ ՌՈԲԵՐՏ ՄԱՐԳԱՐՅԱՆԻ հետ` այդ թվում անդրադառնալով նաեւ այս ամենի հետեւանքներին Հայաստանի վրա:
«ՄԻԱՄՏՈՒԹՅՈՒՆ ԿԼԻՆԻ ԵՆԹԱԴՐԵԼ, ՈՐ ԿՈՂՄԵՐԻ ՄԻՋԵՎ ԸՆԴՀԱՐՈՒՄՆ ԱՎԱՐՏՎԵԼ Է»
– Պարոն Մարգարյան, ի վերջո, այսքանով աշխարհաքաղաքական կրքերը կհանդարտվե՞ն, թե՞ պետք է սպասել նոր ցնցումների:
– Իմ եւ շատ վերլուծաբանների համոզմամբ` սա դեռ սցենարի նախաբանն է: Միամտություն կլինի, եթե ենթադրենք, որ գեներալ Սոլեյմանիին սպանելով ու ամերիկյան ռազմաբազայի դեմ Իրանի հարձակմամբ` կողմերի միջեւ ընդհարումն ավարտվել է: Իրանի հարվածին ԱՄՆ-ի չափազանց զուսպ արձագանքը եւ դրան հաջորդած Ուկրաինայի քաղաքացիական ինքնաթիռի կործանման հետ կապված զարգացումները պարզեցին, որ Իրանի շուրջ ընթացող զարգացումները շատ բարդ են լինելու: Եթե խոսքը կողմերի միջեւ ռազմական բախման մասին է, կարելի է ասել, որ վտանգը թեեւ բացառված չէ, սակայն այս պահին դրա հավանականությունը նվազել է: Այս փուլում ԱՄՆ-ն խստացնելու է Իրանի դեմ տեղեկատվական ու նաեւ տնտեսական դաշտում մղվող պայքարը եւ փորձելու է իր ճակատը համալրել նոր դաշնակիցներով: Շատ պարզ է, որ ԱՄՆ-ն այս պահին Իրանի հանդեպ «մտրակի եւ կարկանդակի» քաղաքականություն է վարում: Մի կողմից հարվածում է իրանցի բարձրաստիճան պաշտոնյային` սրելով իրավիճակը, ու դրան զուգահեռ հայտարարում է, որ պատրաստ է, առանց նախապայմանի, բանակցության սեղանին նստել: Իրանի իշխանությունները ցանկանում են իրավիճակը մի կերպ կառավարել մինչեւ ԱՄՆ-ի 2020 թվականի նախագահական ընտրությունները, իսկ Թրամփը ցանկանում է մինչ այդ հասնել Իրանի հետ իր համար ցանկալի համաձայնության: Իրանի հետ նոր համաձայնագիր կնքելու համար պիտի ոչնչացվեր Իրանի հետ ստորագրված «Միջուկային համաձայնագիրը»: Վերջին օրերի զարգացումների շրջանակում Իրանը հայտարարեց, որ դադարեցնում է այդ համաձայնագրով ստանձնած պարտավորությունների գործադրումը, ինչը նշանակում է, թե այդ համաձայնագիրն այլեւս որեւէ արժեք չի ներկայացնում: Թեեւ եվրոպական կողմը հայտարարել է, որ շարունակում է հավատարիմ մնալ դրան, սակայն դա անիմաստ է, եթե համաձայնագրի մյուս կողմը համարվող Իրանն այլեւս չի գործադրում իր պարտավորությունները: Թվում է, որ այսպիսով ԱՄՆ նախագահը մեկ քայլով եւս ավելի է մոտեցել իր նպատակին:
– Ստեղծված իրավիճակի վերաբերյալ հայաստանյան պաշտոնական հայտարարությունները չափազանց կաշկանդված էին` անգամ ցավակցությունների առումով: Արդյո՞ք մեզ կհաջողվի աննկատ մնալ այս իրադարձություններից:
– Ցավոք սրտի, դա մեզ եւ տարածաշրջանում գտնվող որեւէ այլ երկրի չի հաջողվելու: Հայաստանը, անկախ իր կամքից, ներքաշված է այս հակամարտության մեջ: Օրինակ, Հայաստանում գործող իրանական միակ բանկի մասնաճյուղը ներառվել է Իրանի դեմ ԱՄՆ-ի պատժամիջոցների ցուցակում: Նույն ճակատագրին արժանացավ Թեհրան-Երեւան ուղղությամբ թռիչքներ իրականացնող «Մահան» ավիաընկերությունն ու նրան ծառայություններ մատուցող հայկական ընկերությունը: Հայաստանյան բանկերը հետեւելով ԱՄՆ-ի հորդորներին` չափազանց զգուշավոր են Իրանի քաղաքացիներին մատուցվող ծառայությունների հարցում ու որոշ դեպքերում նույնիսկ հրաժարվում են ծառայություններ մատուցել: Երեւանում ԱՄՆ դեսպանատունը ժամանակավոր կերպով դադարեցրել է իրանցի քաղաքացիներին վիզայի տրամադրումը, ինչը որոշ չափով ազդելու է Իրանից դեպի Հայաստան ուղեւորների թվի վրա: Իսկ նախօրեին հետեւելով ԵՄ-ի թռիչքային անվտանգության գործակալության հորդորներին` «Արմենիա Էյրվեյզ» ընկերությունը հայտարարեց, որ ուղեւորների անվտանգության նկատառումներով` դադարեցնում է Երեւան-Թեհրան ուղղությամբ թռիչքները: Ինչպես տեսնում եք, նույնիսկ մեր կամքից անկախ, Հայաստանն արդեն ինչ-որ կերպով ներքաշված է այս հակամարտության մեջ:
«ՍԱ ԱՄԵՆԱԼԱՎ ԴԵՊՔՈՒՄ ԿԱՐԵԼԻ Է ՀԱՐԵՎԱՆ ԺՈՂՈՎՐԴԻ ՀԱՆԴԵՊ ԱՆՏԱՐԲԵՐՈՒԹՅՈՒՆ ՀԱՄԱՐԵԼ»
– Չե՞ք կարծում, որ այդքան էլ հասկանալի չէ հայաստանյան պաշտոնական դիրքորորոշումը, երբ մի կողմից «կատարյալ չեզոքության» մասին են խոսում, մյուս կողմից պահանջում, թե միջազգային հանրությունը պետք է արձագանքի մեզ հետ տեղի ունեցող այս կամ այն դեպքին, սահմանային իրավիճակին:
– Իհարկե, տարածաշրջանային ու մասնավորապես` Իրանի կապակցությամբ Հայաստանի իշխանությունների վարած քաղաքականությունը ոչ թե «կատարյալ չեզոքություն», այլ ավելի ճիշտ «կատարյալ անտարբերություն» պիտի անվանել: Դրանք իրարից լիովին տարբեր հասկացություններ են: Եթե քո հարեւան ու բարեկամ երկրի բարձրաստիճան պաշտոնյայի կորստի կապակցությամբ (անկախ նրանից, թե դա ինչ հանգամանքներում է տեղի ունեցել) հարեւան երկրի կառավարությանն ու ժողովրդին վշտակցություն ես հայտնում մի քանի օր ուշացումով, այն էլ դիմացի կողմի նախաձեռնությամբ տեղի ունեցած հեռախոսազրույցի ժամանակ ու պաշտոնական հաղորդագրության մեջ նույնիսկ չես համարձակվում իրերն իրենց իսկական անուններով կոչել ու պաշտոնյայի «սպանությունը» անվանում ես «վախճան», դա ամենալավ դեպքում կարելի է հարեւան ժողովրդի հանդեպ անտարբերություն համարել: Իհարկե, որեւէ մեկը Հայաստանի իշխանություններից չէր ակնկալում դատապարտել կողմերից որեւէ մեկին, բայց ցավակցություն հայտնելիս հնարավոր էր շեշտը դնել գեներալ Սոլեյմանիի` Արցախի հետ կապված գործունեության եւ Սիրիայում ու Իրաքում Իսլամական պետության ու ծայրահեղական խմբերի դեմ տարած պայքարի վրա: Հատկապես, որ երկու օր անց հայաստանցի երկու պաշտոնատարներ` Հայաստանի տարածքային կառավարման նախարարն ու ԶՈՒ գլխավոր շտաբի տեղակալը, Իրանի դեսպանատուն այցելելով, ստորագրեցին տեղադրված հուշամատյանը:
– Արցախի գեներալներն ավելի հասցեական եւ ավելի արագ արձագանքեցին Ղ. Սոլեյմանիի սպանությանը, քան հայաստանյան իշխանությունը: Ըստ Ձեզ` այս իրադարձությունները կարո՞ղ էին անդրադարձ ունենալ Արցախի վրա:
– Այն, որ Արցախյան գոյամարտի ժամանակ Իրանը կանգնած է եղել մեր կողքին ու տարբեր տեսակի օժանդակություններ է ցուցաբերել, ապացուցված փաստ է: Գաղտնիք չէ, որ Իրանի հետ սահմանամերձ տարածքների ազատագրման հարցում Իրանն օժանդակել է հայկական ուժերին այնքանով, որ դա անհրաժեշտ է եղել իրեն: Իհարկե, շատ պարզ է, որ Իրանն այդպիսով լուծել է իր անվտանգության հետ կապված մտահոգությունները: Այլ խոսքով` օգտվելով տարածաշրջանում ստեղծված պայմաններից` իր հարեւանության մեջ փորձել է աշխարհագրական սահմանները գծել այնպես, ինչպես ձեռնտու է իրեն ու, բարեբախտաբար, մենք դրանից շահել ենք: Այդ ամենի մասին, բնականաբար, տեղյակ են Արցախի գեներալներն ու պարզապես իրենց երախտագիտությունն են հայտնել, անկախ այն բանից, թե ժամանակին իրենց օժանդակություն ցուցաբերած գեներալը հետագայում այլ տարածաշրջաններում ինչ գործունեություն է ունեցել: Մի՛ կասկածեք, որ եթե մի օր հիշյալ տարածքները հայտնվեն սպառնալիքի տակ, ինչպես 1990-ական թվականներին, նույնիսկ Հայաստանի իշխանությունների կամքից անկախ, Իրանը փորձելու է այնպես անել, որ պահպանվի այդ տարածքներում գոյություն ունեցող ներկա ստատուս քվոն, եւ դա գիտակցում ու կարեւորում են Արցախի իշխանությունները:
«ԲԱՑԱՌՎՈՒՄ Է ՆՄԱՆ ՔԱՆԱԿԻ ՓԱԽՍՏԱԿԱՆՆԵՐԻ ՀՈՍՔԸ»
– Այս օրերին քաղաքական-փորձագիտական շրջանակների կողմից հաճախ հարց է հնչում, թե ի՞նչ կլինի, եթե հանկարծ Հայաստանի սահմանի մոտ հայտնվի 1 միլիոն փախստական, մենք ի՞նչ ենք անելու:
– Դա աբսուրդի ժանրից է: Այդպիսի բան չի կարող տեղի ունենալ: Նույնիսկ եթե Իրանն ու ԱՄՆ-ն ռազմական բախումների գնան, դա կլինի սահմանափակ: Իրանի դեմ ռազմական այնպիսի լայնամասշտաբ գործողություններ ու ներխուժում, ինչը տեղի ունեցավ, ասենք, Աֆղանստանի, Իրաքի կամ Սիրիայի դեպքում, տեղի չի ունենալու: Հետեւաբար բացառվում է նման քանակի փախստականների հոսքը: Նույնիսկ եթե ամենաչնչին հավանականությամբ նման բան պատահի, Հայաստանի ներկա իշխանությունները կարող են ուրախ լինել, քանի որ այդ դեպքում Հայաստանի բնակչությունը 5 միլիոնի հասցնելու ճանապարհի կեսը կտրած կլինեն: Իհարկե, սա կարող եք որպես կատակ ընդունել:
– Հայաստանն Իրանի հետ ունի 300 մլն դոլարի առեւտրաշրջանառություն, ըստ Ձեզ, տեղի ունեցող իրադարձությունները կարո՞ղ են ազդել մեր երկրի տնտեսության վրա:
– Եթե վերջին տարիների ընթացքում ու մասնավորապես «թավշյա իշխանափոխությունից» հետո Իրան-Հայաստան առեւտրա-տնտեսական հարաբերություններում ուշագրավ առաջընթաց արձանագրված լիներ, այս շրջանի զարգացումները, բնականաբար, կարող էին բացասաբար ազդել դրանց վրա, սակայն նման տեղաշարժ այդ իմաստով գոյություն չունի: Կողմերը չունեն գործադրման փուլում գտնվող համատեղ այնպիսի նախագծեր, որոնց իրագործումը կարող է դադարեցվել: Մեղրիի տնտեսական ազատ գոտին հենց այնպես էլ չի աշխատում: Էլեկտրահաղորդման երրորդ գծի կառուցման ուղղությամբ առաջընթացի մասին վաղուց նորություններ չկան: Ներկա պատժամիջոցների պատճառով էներգետիկայի բնագավառում նոր համագործակցությունների մասին խոսք չի կարող լինել: Ինչ վերաբերում է այլ բնագավառներում առեւտրաշրջանառությանը, դա լրջորեն կախված է լինելու այն պատժամիջոցներից, որոնց մասին խոստացել է ԱՄՆ նախագահը: Օրինակ, վերջին օրերին պատժամիջոցների ցուցակում է հայտնվել Իրանի պղնձի, պողպատի, ալյումինի ու տեքստիլի արդյունաբերությունը:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ