Ինչպես անել, որ այս օրերին հոգեհանգստից մի քանիսը հանգուցյալի հետ չգնան հանգուցյալ աշխարհ
Արխիվ 16-20Երեւանի ավագանու «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ ՄԱՐԿՈՍ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ կոչ է անում պատկան մարմիններին վարակի տարածման ավելի լայնամասշտաբ բռնկումներից խուսափելու համար՝ փակել հասարակական վայրերը, ինչպիսիք են օրինակ` սգո սրահները կամ հորդորել այդ սրահների սեփականատերերին տեղադրել կանխարգելիչ միջոցներ եւ կազմակերպել պատշաճ ախտահանում։
«Այս օրերին զգուշություն պետք է պահպանենք յուրաքանչյուրս, քանի որ մեկի անփութությունն ու անպատասխանատվությունը կարող է պատճառ դառնալ շատերի վարակի առիթ», - նշել է Մ. Հարությունյանը։
Թե ինչ է նշանակում փակել սգո սրահները եւ այդ դեպքում ինչպե՞ս կազմակերպել հանգուցյալի վերջին հրաժեշտը, «Իրավունքը» հետաքրքրվեց նրանից. «Որքան էլ ցավալի է, բայց մահացողն արդեն մահացել է: Եվ եթե անգամ մեկ տոկոս ռիսկ կա, որ այդ հոգեհանգստին ներկա գտնվողներից մեկը կարող է կորոնավիրուսի վարակակիր լինել, եւ նրա պատճառով մի քանիսը եւս հանգուցյալին ուղեկցեն հանգուցյալ աշխարհ, կարծում եմ՝ պետք է հնավորինս զգույշ լինել: Ստեղծված իրավիճակում, երբ ազգի գրեթե մեծամասնությունը խուճապի մեջ է, կարելի է սգո սրահները փակել՝ հոգեհանգստի արարողության մասնակիցների համար: Հակառակ դեպքում՝ մարդիկ, միեւնույն է ասելու են՝ ամոթ է, ինչպե՞ս չգնանք, մոտիկ մարդ էր… Ու դրա հետեւանքով գնան վարակվեն, մեռնեն: Կամ եթե սահմանափակումներ չեն մտցնում սգո սրահների տերերը, որոնք գերշահույթներ են ունեցել, թող հիմա էլ նեղություն տան իրենց, դիմակներ, ալկոգել գնեն, որպեսզի նվազեցնեն հոգեհանգստի արարողությունների ժամանակ հնարավոր ռիսկերը»:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ