«ԱՐՑԱԽՈՒՄ ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ԼԱՐՎԱԾՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍԵԼ Է ԳԱԳԱԹՆԱԿԵՏԻՆ»
Արխիվ 16-20Չնայած վերջին ամիսներին հայկական լոբբիստական կազմակերպությունների եւ կոնգրեսականների կողմից ձեռնարկված ակտիվ ջանքերին, չհաջողվեց Արցախի համար պահպանել ԱՄՆ կողմից տրամադրվող ուղիղ օգնությունը: Թրամփի վարչակազմը որոշում կայացրեց կրճատել Արցախում իրականացվող ականազերծման ծրագիրը: Այդ առնչությամբ Արցախի Ազգային ժողովի պատգամավոր ՎԱՐԴԳԵՍ ԲԱՂՐՅԱՆՆ այս կարծիքին է. «Տարբեր պատճառներ են բերվում, թե ինչու է ԱՄՆ-ն Արցախին զրկել օգնությունից: Բայց, շատերիս կարծիքով, այս որոշման մեջ խառն է նաեւ Ադրբեջանի մատը: Եվ այս որոշումը պայմանավորված է, ըստ երեւույթին, ավելի շատ քաղաքական ենթատեքստով»:
Ապա մեր զրուցակիցն անդրադարձավ Արցախում տիրող նախընտրական իրավիճակին՝ ասելով. «Արցախումը նախընտրական լարվածությունը հասել է գագաթնակետին, թեեւ արտաքուստ փորձում են այն հնարավորինս թաքցնել: Այս լարվածությունը ինչ-որ տեղ բնական է, որովհետեւ նախընտրական վերջին օրերն են, եւ յուրաքանչյուրը ձգտում է, որպեսզի ավելի շատ քվեներ ստանա: Բայց կոնկրետ ինձ համար անընդունելի միմյանց վրա ցեխ շպրտելը, ժողովուրդը ում կտա իր քվեն էլ, նրան էլ կտա: Տեսնենք, թե ինչպես կընթանան վերջին նախընտրական օրերը: Սպասվում է թեկնածուների միջեւ հեռուստադեբատ: Կարծում եմ, որ դա որոշակի դեր կխաղաղ հատկապես այն արցախցիների մոտ, ովքեր դեռ չեն կողմնորոշվել, թե ում տան իրենց քվեն: Ամեն դեպքում, գտնում եմ, որ թեկնածուները պետք է կոռեկտությունը պահպանեն եւ չմոռանան, որ ընտրություններով կյանքը չի ավարտվում: Հակառակը` ընտրություններից մենք պետք է դուրս գանք ավելի ուժեղացված, ոչ թե՝ պառակտված կամ թշնամացած: Մենք դրա իրավունքը չունենք, որովհետեւ մենք ունենք արտաքին թշնամի` ներքին թշնամի փնտրելու կարիք չկա»:
ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ