Արդարության պահանջատիրությունն ամբողջովին համահունչ է ՀՅԴ սկզբունքներին. Վիգեն Յակուբյան
Արխիվ 16-20
Վերջին օրերին ԱՄՆ-ում սկիզբ առած անկարգությունները, որի հիմքում ոստիկանության բիրտ ուժ կիրառելու հետեւանքով սեւամորթ 46-ամյա Ջորջ Ֆլոյդի մահանալն էր, կարծես թե, չշրջանցեց նաեւ հայերին, ոչ միայն վնասվեցին հայկական բիզնեսներ, այլեւ Դենվեր քաղաքում պղծվեց հայկական խաչքար: Այս մասին «Իրավունքը» զրուցեց ՀՅԴ կուսակցության ԱՄՆ Արեւմտյան ափի Կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչ, ՀՅԴ բյուրոյի անդամ, լոսանջելեսաբնակ դոկտոր ՎԻԳԵՆ ՅԱԿՈՒԲՅԱՆԻ հետ:
– Պարոն Յակուբյան, ի՞նչ իրավիճակ է հիմա Լոս Անջելեսում:
– Նախ նշեմ, որ որեւէ բիզնեսի կամ հաստատության ստացած վնասը չպետք է պատճառ դառնա, որ ժողովրդական այս պոռթկումի հիմքերը թերագնահատվեն: Հիմքեր, որոնք էապես առնչվում են արդարության պահանջի հետ: Այդ վնասները, թեեւ ցավալի է, սակայն հայության նկատմամբ թիրախավորված հարձակումներ չէին, այլ կողմնակի վնասներ` շարժման հիմնական ուղղությունը խեղաթյուրող, անկարգ անհատների եւ խմբերի կողմից: Արդարության պահանջատիրությունը մեր ժողովրդի պատմության կարեւորագույն տեսլականներից մեկն է եղել եւ շարունակում է լինել, ու այդ իմաստով արդարություն պահանջող հասարակ ակցիաները շատ ավելի են, քան մի քանի անհամ երեւույթները:
– Շատերը տեղի ունեցած բախումները նմանեցնում են ուկրաինական մայդանին, նման սցենար հնարավո՞ր է, եւ ընդհանրապես` այդ անկարգությունների հետեւում ովքե՞ր են կանգնած:
– ԱՄՆ-ի պատմության նույնիսկ ամենամակերեսային ուսումնասիրությունը հստակ ցույց է տալիս, որ փոքրամասնությունների, մանավանդ սեւերի նկատմամբ անարդարությունը, անքակտելի մաս է եղել այդ պատմության: Ճիշտ այդ պատճառով է, որ տեղի ունեցավ 60-ական թվականներին քաղաքացիական պահանջատիրությունը, որ, ի վերջո, օրինական իմաստով ստեղծվեց իրավունքների հավասարություն` 1964 թ.-ի քաղաքացիական իրավունքների օրենսգրքով: Սակայն սա չի նշանակում, որ դասակարգային, սոցիալ-տնտեսական պատեհությունները, քաղաքական կյանքի մասնակցության եւ այլ անհավասար պայմանները, հանկարծ վերացան: Այն ընդամենը մեկ օրենքով արգելվեց, իսկ բացահայտ ռասիզմը կամ ցեղապաշտությունը դարձավ ընդհատակյա, ծածուկ: Եվ այս ողջ ընթացում եղել են երեւույթներ, որոնք վկայում ու բացահայտում են այդ երեւույթը, մանավանդ, ոստիկանության բռնի ուժի անհավասար գործածության մեջ: Ահա այս բացահայտ երեւույթներն են, որ կհանդիսանան, իբրեւ պոռթկումի կայծ, տասնամյակների ընթացքում կուտակված անարդար կարգերին ենթակա փոքրամասնությունների, մանավանդ սեւերի համար: Այս պոռթկումները վստահաբար պետք է շարունակվեն, դեռեւս ընդհատաբար, բայց մինչեւ նաեւ վերանա թաքնված ինստիտուցիոնալ եւ համակարգային, ինչու ոչ, նաեւ մշակութային ցեղապաշտությունը: Հետեւաբար, այս իմաստով` միջազգային համեմատականներ անելը կամ ժողովորդի ակունքներից դուրս գրգռողներ փնտրելն ապարդյուն աշխատանք է:
– Ստացանք տեղեկություններ, որ ստեղծված իրավիճակում հայերը ստիպված անցել են զինված ինքնապաշտպանության: ՀՅԴ-ականները ԱՄՆ-ում նույնպե՞ս միացել են այդ ինքնապաշտպանական խմբերին:
– Ինձ համար մի քիչ զարմանալի են նման որակումները, թե հայերն անցել են զինված ինքնապաշտպանության, կարծես, անիշխան քաղաքացիական պատերազմի իրավիճակ է տիրում, մինչդեռ այդպես չէ: Կարող է դեպքեր են եղել, որ իրենց գործատեղերի պաշտպանության համար սեփականատերերը դիմել են այդպիսի քայլերի, սակայն պահանջատիրության այս պոռթկումի ավելի լայն առումով դրանք աննշան երեւույթներ են: ԱՄՆ-ում սեփական կալվածքի պաշտպանությունը, նույնիսկ զինված կարգավիճակով, սահմանադրական իրավունք է դիտարկվում եւ ոչ անիշխանության վիճակ: Ինչ վերաբերում է ՀՅԴ-ին` այն ողջ պատմության ընթացքում մեր ազգային իրավունքների պահանաջատեր կուսակցություն է եղել: Պայմանների բերումով պատմության ընթացքում այդ պահանջատիրությունը տարբեր արտահայտություններ է ունեցել` ներառյալ համայնքի ինքնապաշտպանություն, ինչպես Լիբանանի քաղաքացիական պատերազմի ընթացքում: Հետեւաբար մեր համայնքի եւ գաղութի պաշտպանությունն ու անվտանգությունը ՀՅԴ-ի եւ ՀՅԴ-ականի համար գրեթե բնազդային ազդեցություն է ունենում: Միշտ էլ, ուր էլ լինի, մենք երաշխավորելու ենք ազգային հաստատությունների ապահովությունը: Սակայն, ինչպես ասացի, ֆիզիկական վտանգի այդ երեւույթները տեղի ունեցած պոռթկումի մեջ բացառություններն էին եւ ոչ թե հիմնական կանոն, ուստի` կարեւոր է այն գնահատել, որպես այդպիսին: Իսկ արդարության պահանջատիրությունն ամբողջովին համահունչ է ՀՅԴ սկզբունքների հետ:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ
Հայաստանյան ներքաղաքական իրավիճակի մասին դոկտոր Յակուբյանի հետ ունեցած մեր զրույցը կարդացեք տպագիր «Իրավունքի» ուրբաթ օրվա համարում: