Անհասկանալի է Երկրապահի լռությունը. Վահագն Չախալյան
Արխիվ 16-20
Ազգային արժեքների պաշտպանության «Կամք» հասարակական նախաձեռնության հիմնադիր ՎԱՀԱԳՆ ՉԱԽԱԼՅԱՆԸ, որպես ջավախահայ գործիչ, որպես հայ եւ վրացական համերաշխության կայացման ու ամրապնդման ակտիվ մասնակից, զգուշացրել էր, թե ցանկացած հնարավոր թուրքական ռազմական ներկայություն վրաց-ադրբեջանական սահմանին իրենց կողմից դիտվելու է որպես ոչ միայն վրացահայության եւ համայն հայության, այլեւ հենց վրացիների նկատմամբ դավ: Թե ինչ է կատարվում այս ուղղությամբ, եւ ինչով է պայմանավորված նման մտահոգությունը, «Իրավունքը» հետաքրքրվեց նրանից:
- Իմ հայտարարությունը նախազգուշացնող բնույթ ունի, որը պայմանավորված է որոշակի մտահոգություններով: Այլ փակագծեր չեմ ցանկանում բացել, միայն հորդորում եմ Թբիլիսիի մեր գործընկերներին բացառել նման արկածախնդրությունը:
– Իսկ ի՞նչ կասեք հայ-ադրբեջանական սահմանում վերջին օրերին առկա լարվածության մասին:
– Գոնե մեզ համար սպասելի էր այս ամենը եւ անակնկալ չէր: «Կամքը» երեկ հայտարարել է, որ ժամանակավորապես դադարեցնում է բողոքի բոլոր ակցիաները` մինչեւ անդորրի վերականգնումը սահմանում: Մենք նաեւ կոչ ենք արել` համահայկական կամավորականների զինվորագրման եւ պատրաստակամություն հայտնել տեղափոխվել դեպի մարտական գործողությունների դաշտ:
– Այսինքն` անում եք այն, ինչը չարեց Երկրապահ կամավորական միությո՞ւնը:
– Մեզ համար շատ անհասկանալի է երկրապահի այսօրվա լռությունը: Մի մտահոգություն էլ կա` արտակարգ դրության երկարացման հետ կապված: Եթե հանկարծ ընդհարումները վերաճեն, Աստված ոչ անի, լայնամասշտաբ պատերազմի, այդ դեպքում ինչպե՞ս ենք կարողանալու կազմակերպել մեր ժողովրդին, աշխարհազոր ձեւավորել: Այս առումով շատ խոչընդոտներ կան` տեղաշարժի եւ այլնի հետ կապված:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ