Հերթական անտրամաբանական որոշումն է, ինչի հետևանքով հասարակությունը լուրջ չի վերաբերվում իշխանություններին. քաղտեխնոլոգը՝ մի շարք պաշտոնյաների՝ դիմակ կրելու պարտադրանքից ազատվելու մասին
Արխիվ 16-20Սա հերթական անտրամաբանական որոշումն է, ինչի հետևանքով հասարակությունը լուրջ չի վերաբերվում իշխանություններին. քաղտեխնոլոգը՝ մի շարք պաշտոնյաների՝ դիմակ կրելու պարտադրանքից ազատվելու մասին
ՀՀ պարետը բավականին տարօրինակ և զարմանալի որոշում է կայացրել. ինչպես ասում էր առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, հասարակության «սորտավորում» է իրականացվում: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը՝ անդրադառնալով ՀՀ պարետ, փոխվարչապետ Տիգրան Ավինյանի՝ երեկ կայացրած որոշմանը, համաձայն որի՝ դիմակ կրելը այլևս պարտադիր չի լինի Հանրապետության նախագահի, Ամենայն հայոց կաթողիկոսի, վարչապետի, Ազգային ժողովի նախագահի, Սահմանադրական դատարանի նախագահի, Բարձրագույն դատական խորհրդի նախագահի գլխավորությամբ անցկացվող արարողակարգային միջոցառումների ժամանակ ելույթ և ուղերձ ունեցողների և միջոցառման անմիջական մասնակիցների համար:
«Սա տրամաբանության մեջ չի կարող տեղավորվել, որովհետև դիմակ կրելու որոշման հիմքում ի սկզբանե առողջապահական խնդիրն էր: Անկախ նրանից՝ անձն ինչ պաշտոն է զբաղեցնում, առողջապահական վտանգը նույնն է: Հասարակությունը սուր է արձագանքում, որովհետև ցանկացած որոշում պետք է լինի բանականության սահմաններում: Սա հերթական ոչ տրամաբանական որոշումն է, որը շատ դժվար է բացատրել»,-ասաց Հակոբյանը:
Ինչ վերաբերում է հարցին՝ արդյո՞ք իշխանությունները հաշվարկել էին հասարակության շրջանում հնարավոր արձագանքները, Հակոբյանն ասաց, թե դժվար է մեկնաբանել այս իշխանությունների որոշումները, որովհետև դրանք շատ դեպքերում տրամաբանութունից զուրկ են լինում:
«Այնպես չէ, որ, օրինակ, կորոնավիրուսի վերաբերյալ բոլոր որոշումները մինչ այս պահը եղել են տրամաբանված կամ հստակ պատճառաբանված: Այս իշխանությունը ոչ էֆեկտիվ է աշխատում, քանի որ չի հաշվարկում քայլերի հաջորդականությունը. անգամ ոչ բարդ, ոչ ճգնաժամային իրավիճակներում որոշումները չէին փայլում լուրջ տրամաբանվածությամբ, հետևողականությամբ, չէին հիմնվում հաշվարկների վրա, իսկ հիմա, երբ իրավիճակը ճգնաժամային է, դա ավելի ակնհայտ է դարձել, և անիմաստ է խոսել ճգնաժամային կառավարման արդյունավետության մասին»,-ասաց քաղտեխնոլոգը:
Նրա խոսքով՝ նման անտրամաբանական որոշումների կայացումը կարող է բացասական ազդեցություն ունենալ նաև հասարակության շրջանում վարակի հանդեպ ունեցած վերաբերմունքի վրա, իսկ նման որոշումների կայացումը պատճառ է դառնում, որ հասարակությունը սկսի անլրջորեն վերաբերվել կայացվելիք որոշումներին: «Իշխանությունների համար ամենավտանգավորն այն է, որ հասարակությունը լուրջ չի վերաբերվում իրենց ու իրենց կայացրած որոշումներին: Սա հերթական առիթն է»,-նշեց նա:
Բանախոսի դիտարկմամբ՝ կորոնավիրուսի դեմ պայքարում իշխանությունները բացարձակապես տապալված են, և վերջիններիս ամբողջ հույսը նրա վրա է, որ երկրում կձևավորվի կոլեկտիվ իմունիտետ, ինչն էլ կհանգեցնի վարակի տարածման նվազեցմանը: