Այսօրվա մարդիկ սովորաբար չունեն կրեդո, փոխարենը ունեն սմարթֆոններ. Ռուբեն Մելիքյան
Հասարակություն
«Իկարկե, այս գրառումը քչերը կկարդան, բայց, եթե շատ անկեղծ լինեմ, այն երեւի ավելի շատ ինձ համար է, քան ընթերցողների, եւ երեւի ավելի շատ նպատակ ունի «դուրս հանելով» ձերբազատվել ներքին մի «դիալոգից», քան ինչ-որ միտք կամ գաղափար տարածել մարդկանց մեջ։
Խոսքը վերաբերում է «Հավատոյ հանգանակին» - այն բանաձեւին, որն արտահայտում է եկեղեցու դավանանքի բուն էությունը, եւ որն ընդունելով է անձն իրավունք վաստակում ինքն իրեն համարել տվյալ եկեղեցու անդամ։
Մեր եկեղեցին շուրջ 1600 տարի յուրաքանչյուր Սուրբ Պատարագի ընթացքում վերահաստատում է իր «Հավատոյ Հանգանակը» - «Հավատում ենք մեկ Աստծո՝ ամենակալ Հորը, երկնքի եւ երկրի, երեւելիների եւ աներեւույթների Արարչին։ Եվ մեկ Տիրոջ՝ Հիսուս Քրիստոսին, Աստծո Որդուն, ծնված Հայր Աստծուց Միածին, այսինքն՝ Հոր էությունից։ Աստված՝ Աստծուց, լույս՝ լույսից, ճշմարիտ Աստված՝ ճշմարիտ Աստծուց, ծնունդ եւ ոչ թե՝ արարած...» եւ այլն։ Եվս 11 նախադասություն։
Շուրջ 1600 տարի մեր եկեղեցին քարոզել է, որ (1) կա հավերժական ճշմարտություն եւ (2) այդ հավերժական ճշմարտությունը այ սա՛ է։
Ու այն մարդիկ, որ այս քարոզը դարեր ի վեր լսել են, ստացել են ուղերձ այն մասին, որ հավերժական ճշմարտություն կա՛։ Ու ոչ միայն դավանանքում, այլեւ բարոյականության տիրույթում, հանրային կյանքում, ամենուր։ Այս ուղերձն է պարունակել «Հավատոյ հանգանակը» կամ նույնն է թե՝ «Կրեդո»-ն։ Մարդը պետք է ինքնասահմանվի ինչ-որ հավատամքով։
Իսկ ժամանակակից «եկեղեցի այցելողների» ծանրակշիռ մասը իր հավատքը սահմանում է ձայնի խորիմաստ արտահայտությամբ պնդելով, որ ինքը հավատում է Աստծուն, եւ որ իր ու Աստծո միջեւ կա կապ՝ անկախ եկեղեցուց ու հոգեւորականներից։ Այսինքն՝ աշխարհ առանց «հավերժական ճշմարտությունների»։
Այստեղից էլ՝ ճկունության գերակայությունը ճշմարտության նկատմամբ։ Այստեղից էլ՝ ճշմարտություններին «զինվորագրվելու» ոչ մոդայիկ լինելը։
Միշտ հարգել եմ ինչ-որ ճշմարտությունների խորապես հավատացող մարդկանց - անկախ իմ վերաբերմունքից կոնկրետ այդ կրեդոյի նկատմամբ։ Ու միշտ տանել չեմ կարողացել կրեդո չունեցող մարդկանց։
Ունենալ կրեդո - երեւի սա եղել է մարդուն սահմանող հատկանիշներից մեկը։ Մինչդեռ այսօրվա մարդիկ սովորաբար չունեն կրեդո։ Փոխարենը ունեն սմարթֆոններ», - այս մասին գրում է «Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր, Արցախի Մարդու իրավունքների նախկին պաշտպան ՌՈՒԲԵՆ ՄԵԼԻՔՅԱՆԸ։