Զոհվելու օրվանից անցել է ավելի քան 45 օր, բայց մինչ օրս ամուսնուս անունը չկա ո՛չ մահացածների եւ ո՛չ էլ անհայտ կորածների ցուցակում
Հասարակություն
Անհայտ կորածների, գերիների վերադարձի խնդիրը շարունակում է այս օրերին մնալ արդիական եւ թերևս ամենակարեւորը: Հատկապես, որ պատկան մարմինները` ո՛չ ՊՆ-ն, ո՛չ էլ առավելևս Կառվարություն, ըստ էության, բացի անորոշ, հուսադրող պատասխաններից ոչ մի հստակ տեղեկատվություն չեն տրամադրում:
Լիլիթ Մանուկյանի ամուսինը` Կառլեն Հովհաննեսի Միկոյանը (ծնվ. 23.06.1985թ.) եւս հոկտեմբերի 05 ին զորակոչվել է ծառայության` ի պաշտպանություն հայրենիքի։ Ծառայության վայրը՝ Ֆիզուլի դ-1 ՄՕԲ։ Վերջին անգամ ամուսնու հետ Լիլիթ Մանուկյանը հեռախոսով խոսել է հոկտեմբերի 13-ի առավոտյան։ Այնուհետև հոկտեմբերի 25-ին, մեծ դժվարությամբ գտնելով զինակիցների տվյալները, կապնվել է իրենց հետ եւ տեղեկացել, որ ամուսինը զոհվել է 12 օր առաջ Ֆիզուլիում։ Մի քանի օր անց, կրկին մեծ դժվարությամբ Լիլիթը կապվել է կապիտանի հետ, ով եւս հաստատել է նրա ամուսնու մահվան լուրը եւ խոստացել, որ մոտ օրերս ամուսնու անունը կհայտնվի զոհվածների ցուցակում։
«Մահվան օրվանից անցել է ավելի քան 45 օր, բայց մինչ օրս ամուսնուս անունը չկա ո՛չ մահացածների եւ ո՛չ անհայտ կորածների ցուցակում։ Դիմել ենք բոլոր պատկան մարմիններին, բայց որեւէ ստույգ պատասխան չենք ստացել»,- մեզ հետ զրույցում ասաց տիկին Մանուկյանը, միառժամանակ հավելելով.
- Ես պահանջում եմ հետեւյալ հարցերի պատասխանը՝
• Ինչո՞ւ հոկտեմբերի 13-ից առ այսօր ինձ որեւէ մեկը պաշտոնապես չի հայտնել ամուսնուս մահվան մասին, եթե նրա դին տեսել են զինակիցները, իսկ մահվան լուրը հաստատել է կապիտանը։
• Ինչո՞ւ պատերազմի ավարտից հետո ամուսնուս անունը չկա մահացածների ցուցակում։
• Ինչո՞ւ անգամ պատերազմի ավարտից հետո ես դեռ հնարավորություն չունեմ հողին հանձնել ամուսնուս դին։
Հ.Գ. Նկատենք, որ նման խնդրով մեր խմբագրություն են դիմում բազմաթիվ ծնողներ, կանայք եւ մայրեր:
ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ