Աննա Հակոբյանի գործունեությունը պետք է քննության առարկա դառնա. քաղտեխնոլոգ
Ներքաղաքական
Ներքաղաքական վերջին զարգացումների մասին զրուցեցինք քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանի հետ:
Արմեն Բադալյանի դիտարկմամբ, Աննա Հակոբյանի գործունեությունն ուղղակի անհասկանալի է:
Ըստ մեր զրուցակցի, կան հարցեր, որոնք հստակեցման կարիք ունեն.
«Նիկոլ Փաշինյանը նշում է, որ տիկնոջն ինքն է գործուղել Արցախ, այստեղ հարց է առաջանում, իսկ ի՞նչ նպատակով:
Գործուղման ուղարկում են պաշտոնատար անձանց, իսկ թե ի՞նչ հաստիք է զբաղեցնում Աննա Հակոբյանը և արդյո՞ք Նիկոլ Փաշինյանն է այդ հաստիքի ղեկավարը եղել, որ Աննա Հակոբյանին ինչ-որ տեղ գործուղի , հասկանալի չէ:
Նիկոլ Փաշինյանը չէր կարող Աննա Հակոբյանին ինչ-որ տեղ գործուղել, նա կարող է միայն խնդրել նրան, սակայն այստեղ նորից հարց է առաջանում. Աննա Հակոբյանը ի՞նչ բարոյական աջակցություն պետք է մատուցեր»:
Արմեն Բադալյանի պնդմամբ, Աննա Հակոբյանը ոչ ռազմական գործիչ է, ոչ էլ ազատագրական շարժման ակտիվիստ:
«Այս բոլոր հարցերի պատասխանները կհնչեն, երբ կփոխվի իշխանությունը, որին կհաջորդի անկախ քննիչ հանձնաժողով:
Ո՞վ է Աննա Հակոբյանը, որ բանակին բարոյական աջակցություն ցուցաբերի: Նա եթե օրինակ լիներ հայտնի գրող, ինչպիսին Սիլվա Կապուտիկյանն էր, ապա ինչ-որ կերպ նրա ցուցաբերած բարոյական աջակցությունը հասկանալի կլիներ, սակայն նա իրենից ոչինչ չներկայացնող շարքային քաղաքացի է, որն այս պահին պարզապես վարչապետի կինն է»:
Քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանի կարծիքով, Աննա Հակոբյանն առհասարակ չափազանց իրազեկ է ներքաղաքական կյանքին, ինչպես նաև ըստ Մովսես Հակոբյանի՝ Աննա Հակոբյանն իրազեկված է եղել նաև ռազմական գործընթացներին:
«Հետագայում Աննա Հակոբյանի գործունեությունը պետք է քննության առարկա դառնա»:
Մեր այն հարցին, թե ինչո՞ւ հետագայում, եթե ոչ հիմա, Արմեն Բադալյանը նշեց հետևյալը.
«Հետագայում, որովհետև հիմա հետաքննիչ բոլոր մարմինները գտնվում են Նիկոլ Փաշինյանի տոտալ վերահսկողության տակ»:
Հայկ Գևորգյան