ԵՌԱԿՈՂՄ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐՆ ԻՆՉ ՏԵՍՔ ԿՏԱ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԻՆ
Միջազգային
Երկար ժամանակ գցել-բռնելուց հետո Նիկոլը կարծես թե եկավ այն մտքին, որ արդեն կարող է արդարանալ, թե ինչու դեռ հոկտեմբերի 20-ին չի համաձայնել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի առաջարկի հետ՝ պատերազմը կանգնեցնելու մասին: Հիշեցնենք, Պուտինը բացելով չակերտները, հայտարարել էր, թե անգամ հոկտեմբերի 19-20-ին կար շանս՝ պատերազմը կանգնեցնել «5+2» բանաձեւի շրջանակներում, որը Հայաստանի եւ Արցախի համար անհամեմատ ավելի լավ պայմաններ էր նախատեսում, քան եռակողմ համաձայնագիրը: Պուտինը նաեւ տեղեկացրեց, որ նախաձեռնությունը համաձայնեցրել էր Ալիեւի հետ, սակայն Նիկոլը մերժել է այն:
ՆԻԿՈԼԻ ԻՆՔՆԱԽՈՍՏՈՎԱՆԱԿԱՆ ՑՈՒՑՄՈՒՆՔԸ
Եվ ահա Նիկոլը փորձում է արդարանալ, թե՝ պայմաններից մեկն էլ այն էր, որ. «Պետք է հայկական կողմը պարտավորություն վերցնի, որ ադրբեջանցիները պետք է վերադառնան Շուշի...»: Ըստ Նիկոլի, հենց այդ պատճառով էլ նա հրաժարվել է առաջարկից, քանի որ. «Այդ պարագայում Շուշին 90 եւ ավելի տոկոս ադրբեջանական բնակչություն պետք է ունենար, ովքեր պիտի վերահսկեին դեպի Ստեփանակերտ ճանապարհը: Համոզված եմ, որ եթե համաձայնեի Շուշին հանձնելու տարբերակին, Ադրբեջանը նոր պայման էր դնելու՝ Կարմիր Շուկա-Շուշի ավտոճանապարհը իրենց հսկողության տակ պիտի լինի...»:
Իհարկե, դժվար չէ հիմնավորել, որ սա ընդամենը իրականությունը նենգափոխելու նիկոլյան հերթական փորձն է: Սակայն էականն այս պահին ոչ թե դա է, այլ, որ նա դրանով ընդունեց, որ եղել է պատերազմը կանգնեցնելու մեխանիզմ, որը վիճահարույց կողմերով հանդերձ, բազմապատիկ անգամ գերադասելի էր եռակողմ համաձայնագրից: Իսկ Նիկոլն այդ առաջարկը մերժել է այն պահին, երբ ինքն էր քաղաքացիներից «բուշլատ ու կասկա» խնդրում, իսկ սեփական Գլխավոր շտաբի պետը դեռ հոկտեմբերի սկզբներին էր նրան տեղեկացրել, որ պատերազմի ամեն օրը բերելու է նոր կորուստներ: Ու չնայած դրան` Նիկոլը, ինչպես իր ասածներից է պարզ երեւում, միանձնյա նման ճակատագրական հարցում որոշում է կայացրել, ընդ որում` դրա իրավունքը չունենալով: Որոշում, որ հետագայում հանգեցրեց կործանարար հետեւանքների: Կարճ ասած, անկախ այդ որոշման կայացման Նիկոլի շարժառիթներից, այն սխալ էր, թե՝ դավաճանություն, բուն այդ որոշման կայացումը հանցագործություն է: Իսկ Նիկոլի այդ արդարացում կոչվածը ոչ այլ ինչ է, քան ինքնախոստովանական ցուցմունք:
ԻՆՉ ՈՒՆԵՆՔ ԱՅՍ ՊԱՀԻՆ
Այնուամենայնիվ, ինչքան էլ այս կամ այն կողմից նայենք անցած պատերազմին, որքան էլ համոզված լինենք, որ մեղավորներն անխուսափելիորեն արժանի պատիժն են ստանալու, այս պահին ունենք հետեւյալ փաստը: Լավ թե վատ, սակայն եռակողմ համաձայնագիրը ստորագրված է: Ավելին, այդ համաձայնագրի շրջանակներում գործնականում արդեն կորցրել ենք այն ամենը, ինչը պետք է կորցնեինք: Ապագայում հնարավոր կլինի՞ շրջել պատմության անիվը, դա էլ ապագայի հարց է: Իսկ այս պահին իրավիճակը զարգանում է հենց եռակողմ համաձայնագրի շրջանակներում, եւ հենց այդ իրողություններից ելնելով էլ Հայաստանը պետք է կատարի իր առաջիկա հաշվարկները (իհարկե, բացառելով Նիկոլին ու նրա խունտան): Եվ այսպես, ի՞նչ ունենք այս պահին՝ կապված եռակողմ համաձայնագրի հետ: Երեկ լրացավ վերջնաժամկետը, որը նախատեսված էր հայտնի տարածքներն Ադրբեջանին հանձնելու մասով: Այսինքն ֆիքսենք՝ համաձայնագրի այդ կետերը արդեն կատարված են: Կատարված են նաեւ խաղաղապահների տեղակայման դրույթները, թեեւ այստեղ կան նաեւ հնգամյա ժամկետի հարցը, որը, հասկանալի է, ապագայի խնդիր է: Զոհվածների եւ գերիների վերադարձնելու կետը կատարված է մասամբ: Սակայն այստեղ ժամկետներ սահմանված չեն, թեեւ այս հարցը չի կարող երկար ձգվել: Չլուծված հարցերից են զինադադարի վերահսկողության կենտրոնի ստեղծումը: Սակայն դա անորոշ կառույց է, Թուրքիան փորձեց դրա քողի տեկ ռազմական ուժեր մտցնել տարածաշրջան, սակայն հանդիպեց ռուսների կտրուկ դիմադրությանը: Արդյունքում, կստեղծվի նման կառույց թե՝ ոչ, կարծես մղվել է երկրորդ պլան: Չլուծված հարցերից է նաեւ Արցախի հետագա ճակատագրի խնդիրը: Ադրբեջանը թեեւ հայտարարեց, որ խնդիր, որպես այդպիսին, արդեն գոյություն չունի, որ ամբողջ Արցախն իրենն է, սակայն փաստաթղթի տրամաբանությունն այլ է: Միայն այն, որ տեղակայված են խաղաղարար ուժեր, արդեն իսկ հուշում է, որ Արցախի կարգավիճակի հարցը մնում է չլուծված: Ավելին, խաղաղապահ զորախմբի հնգամյա ժամկետի երկարացման կամ դադարեցման դրույթը նախատեսում է ավտոմատ երկարաձգում՝ «Եթե կողմերից ոչ մեկը ժամկետի ավարտից վեց ամիս առաջ չհայտարարի այդ դրույթի կիրառումը դադարեցնելու մտադրության մասին»: Իսկ դա ենթադրում է, որ լինելու են «կողմեր» եւ ոչ թե միայն ադրբեջանական կողմ: Սակայն միաժամանակ անորոշ է մնում, թե ինչ կերպ է ընթանալու հետագա բանակցային գործընթացը, ինչ մեխանիզմ է գործելու: Այսինքն, սա այն հարցն է, որտեղ Հայաստանը հսկայական անելիք ունի, եւ պատերազմում լիովին ոչնչացած Նիկոլը չէ, որ կարող է այս ուղղությամբ քայլեր կատարել: Վերջապես, կա նաեւ համաձայնագրի վերջին եւ գործնականում հիմնական չիրականացված կետը, որի շուրջ դեռ աշխատանքներ չկան, թեեւ այն ամենաառանցքայիններից է: Այդ կետը սահմանում է. «Տարածաշրջանում բացվում են բոլոր տնտեսական եւ տրանսպորտային կապերը: Հայաստանը երաշխավորում է Ադրբեջանի եւ Նախիջեւանի Ինքնավար Հանրապետության արեւմտյան շրջանների միջեւ տրանսպորտային հաղորդակցության անվտանգությունը: Տրանսպորտային հաղորդակցության վերահսկողությունն իրականացնում են Ռուսաստանի ԱԴԾ Սահմանապահ ծառայության մարմինները: Կողմերի համաձայնությամբ կապահովվի Նախիջեւանի Ինքնավար Հանրապետությունը Ադրբեջանի արեւմտյան շրջանների հետ կապող նոր տրանսպորտային հաղորդակցությունների կառուցումը»:
Թեեւ համաձայնագրի կնքման սկզբնական օրերին Ադրբեջանից՝ Նախիջեւան տանող կոմունիկացիաների հարցը բուռն քննադատության ենթարկվեց, սակայն չմոռանանք, որ ընդհանուր տարածաշրջանային կոմունիկացիաների թեման այն խնդիրներից է, որն առաջին հերթին անցած 30 տարիներին Հայաստանի համար է հետաքրքիր եղել: Այն պարզ պատճառով, որ Ադրբեջանն առանց Հայաստանի էլ Նախիջեւանի հետ կապի տարաբնույթ ուղիներ ունեցել է եւ ունի, իսկ հայաստանյան ուղղությունը պարզապես ավելի հարմարավետ է դարձնում այդ կապը: Իսկ ահա Հայաստանի համար Նախիջեւան-Մեղրի-Ադրբեջան ուղին դեռ խորհրդային ժամանակներից է եղել դեպի Ռուսաստան տանող հիմնական երկաթուղին: Գումարած դրան, նախիջեւանյան գիծն իրատեսական է դարձնում նաեւ Հայաստանից Իրան երկաթուղու, իսկ Ադրբեջանի համար կարեւորում է Գյումրի-Կարս երկաթուղին: Իսկ այս ընդհանրական ֆոնին Վրաստանի համար եւս կարող է արդեն խիստ հետաքրքիր դառնալ աբխազական երկաթուղու վերագործարկումը, ընդ որում, այս հարցում կարծես սկսվում են ռուս-վրացական քննարկումները: Կարճ ասած, Մոսկվան կարծես վճռական է տրամադրված տարածաշրջանային կոմունիկացիաների վերագործարկման հարցում: Սակայն փաստն այն է, որ եռակողմ համաձայնագրում այդ մասին հստակ ժամանակացույց չկա: Նոր քննարկումներ են պետք. սակայն այստեղ եւս Նիկոլը պարզապես անելիք չի կարող ունենալ:
ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ